Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովել Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը․ պաշտպանական խմբի հայտարարությունը

Հունվար 04,2025 19:28

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը

Գործի նախապատմությունը

Գաբրիել Չենբերջյանին առնչվող 2018 թվականի մայիսի 2-ին հարուցված քրեական գործը վեց ու կես տարի շարունակվել է առանց էական առաջընթացի: 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը, հիմնվելով բացառապես գործում առկա վաղեմի տվյալների վրա, կայացրել է Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ նա իբր միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացմանը:

2024 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, մերժել է քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակելով Գաբրիել Չենբերջյանին: 2024 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ դատախազությունը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան:

2024 թվականի դեկտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի կողմից «Հատուկ վերանայման բողոքը վարույթ ընդունելու և դատական վարույթի իրականացման ձևի մասին» որոշումը պաշտպանական կողմին է հասու դարձել միայն 2025 թվականի հունվարի 4-ին՝ ժամը 12:30-ին՝ ոչ աշխատանքային օրը: Որոշումը ՀայՓոստ-ի գլխավոր բաժանմունք է մուտքագրվել 2025թ. հունվարի 3-ին, որից հետո ուղարկվել է թիվ 0033 բաժանմունք: Ընդ որում, որոշումը ուղարկվել է միայն պաշտպաններից մեկին, մինչդեռ ո՛չ Գաբրիել Չենբերջյանին, ո՛չ մյուս պաշտպանին որոշման օրինակներ չեն ուղարկվել:

Որոշմամբ դատարանը սահմանել է բացատրությունների, դրանք հիմնավորող նյութերի, միջնորդությունների ներկայացման վերջնաժամկետ մինչև 2025 թվականի հունվարի 3-ը, իսկ գրավոր ընթացակարգով դատական ակտի կայացման օր նշանակել է 2025 թվականի հունվարի 7-ին:

Պաշտպանական խումբը հարկ է համարում արձանագրել հետևյալ էական խախտումները.

  1. Ստեղծվել է իրավական աբսուրդ՝ երբ փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը սահմանվել է ավելի վաղ՝ մինչև հունվարի 3-ը, քան որոշման փաստացի ստացման օրը՝ հունվարի 4-ը:
  2. Որոշման ուղարկման և դատական ակտի հրապարակման միջև ընկած ժամանակահատվածում գրեթե բոլոր օրերը ոչ աշխատանքային են՝
    • 2024թ. դեկտեմբերի 31, 2025թ. հունվարի 1-2՝ Ամանորյա տոներ՝ ոչ աշխատանքային օրեր,
    • 2025թ. հունվարի 4-5՝ ոչ աշխատանքային օրեր,
    • 2025թ. հունվարի 6՝ Սուրբ Ծնունդ, ոչ աշխատանքային օր։
  3. Ոչ աշխատանքային օրերի պատճառով բացառված է բանկերից, պետական մարմիններից, այլ անձանցից անհրաժեշտ փաստաթղթերի ձեռքբերման հնարավորությունը՝ որոնք որոշիչ նշանակություն կարող են ունենալ Գաբրիել Չենբերջյանին մեղսագրվող արարքների բացառման, ժխտման հարցում:
  4. Գաբրիել Չենբերջյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, որոնց վերաբերյալ բժշկական կենտրոնի կողմից արդեն իսկ իրականացվել է կոմպլեքս հետազոտություն, և եզրակացությունը Գաբրիել Չենբերջյանին տրամադրվելու է 2025թ. հունվարի 6-ից հետո միայն: Ժամկետների սղությամբ պայմանավորված՝ դեռևս հնարավորություն չենք ունեցել դատարանին ներկայացնել մեր վստահորդի առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը:

Այս իրավիճակը լիովին հաստատում է Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի նախորդ՝ 2024թ. դեկտեմբերի 30-ի հայտարարության մեջ բարձրացված մտահոգությունները, մասնավորապես՝

  • նախաքննության անհարկի շտապողականությունը,
  • արդար դատաքննության իրավունքի խախտումը,
  • Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորություն սահմանափակումը,
  • Գաբրիել Չենբերջյանի լսված լինելու իրավունքի անտեսումը,
  • բանավոր դատաքննության անցկացումից անհիմն հրաժարումը։

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանին առաջարկում ենք՝

  1. ողջամիտ ժամկետով հետաձգել բողոքի քննության դատական ակտի կայացման օրը,
  2. ապահովել Գաբրիել Չենբերջյանի պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը՝ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանների բացատրությունների, դրանք հիմնավորող նյութերի, միջնորդությունների ներկայացման վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հունվարի 8-ը ներառյալ,
  3. ապահովել Գաբրիել Չենբերջյանի լսված լինելու իրավունքի լիարժեք իրացման հնարավորությունը՝ նշանակելով բանավոր ընթացակարգով բողոքի քննություն և ապահովելով Գաբրիել Չենբերջյանի ներկայությունը։

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Աշոտ ՍԻՄՈՆՅԱՆ

04.01.2025թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031