Վերլուծաբանները քննարկում են Թուրքիայի դերը սիրիական զարգացումներում
«Ամերիկայի ձայն». Թուրքիայի ներգրավվածությունը սիրիական զարգացումներում ակնհայտ է: «Ամերիկայի ձայնը» վերլուծաբանների հետ քննարկել է Թուրքիայի դերակատարությունը ալ-Ասադի ռեժիմի տապալման գործում և հետասադյան Սիրիայի հետ Անկարայի հարաբերությունների հեռանկարը։
Դամասկոսում իսլամիստների առաջնորդած ընդդիմադիր ուժերի իշխանության հաստատումից ընդամենը մեկ շաբաթ անց Սիրիայի մայրաքաղաքում՝ վերաբացված թուրքական դեսպանատանը, կրկին վեր խոյացավ Թուրքիայի պետական դրոշը։
Գաղտնիք չէ, որ այսօրվա Սիրիայում տարբեր կրոնական և էթնիկական խմբեր յուրովի են ընկալում Թուրքիայի դերն ու նշանակությունը՝ «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հետ զրույցում ասում է Free Syria նախաձեռնության հիմնադիր, Վաշինգտոնում գործող Մերձավոր Արևելքի ինստիտուտի սիրիական ծրագրի վերլուծաբան Ռաֆիֆ Ժոուժաթին:
Կարդացեք նաև
Նրա ներկայացմամբ՝ այսօր Դամասկոսից Թուրքիայի վերաբերյալ հնչող գնահատականներն ինչպես դրական են, այնպես էլ մտահոգիչ:
«Շատերն անհավանական երախտապարտ են Թուրքիային։ Այն ընդունեց միլիոնավոր [սիրիացի] փախստականների, աջակցեց սիրիական ընդդիմությանը։ Իհարկե, շնորհակալ ենք դրա համար: Բայց նաև Թուրքիան ավելի ուշ որոշ խնդիրներ ունեցավ սիրիացի փախստականների հետ։ Վատ վերաբերմունքի դեպքեր եղան։ Հարցեր են բարձրացվում Թուրքիայի ռազմական ներգրավվածության վերաբերյալ։ Այսպիսով, ինչպես տեսնում եք, կան տարբեր կարծիքներ»,- ասում է Ժոոուժաթին:
Սիրիայի հարցում մեր զրուցակիցն առանձնացնում է երկու առաջնահերթություն Անկարայի համար՝ սիրիացի փախստականներն ու քրդերը:
«Թուրքիան, ակնհայտորեն, մեծ դեր է ունեցել միլիոնավոր սիրիացի փախստականներին ընդունելու գործում: Այժմ, նրանք սկսում են վերադառնալ, ․․․ եթե ունենան կացարան այնտեղ: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջնահերթություններն այժմ փախստականներին տուն վերադարձնելն է կանոնավոր կերպով: Նաև կարծում եմ, որ նրանք ցանկանում են համոզվել, որ մեր [ծագումով] քուրդ սիրիացիները բացառապես Սիրիայի մաս են կազմում»,- ասում է նա:
Ժոոուժաթին լավատես է թուրք-սիրիական հարաբերությունների ապագայի հարցում՝ վստահ լինելով, որ այսօր Անկարան և Դամասկոսն ունեն լավ հնարավորություն՝ երկկողմ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար: Վերլուծաբանը մատնանշում է Թուրքիայի դերը Սիրիայի նոր իշխանություններին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու հարցում՝ ընդգծելով, թե ներկայիս Սիրիային անհրաժեշտ է Թուրքիայի աջակցությունը: