Խարդախության համար 6,5 տարվա ազատազրկման դատապարտված Նարինե Ավետիսյանն արդեն 5-րդ անգամ Ամանորը դիմավորում է կանանց գաղութում՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Նոր՝ 2025 թ.-ին մեկ երազանք ունի․ «Միայն ազատություն, հասնել երեխաներիս եւ ամուսնուս»,-ասում է նա։
Նարինեն ու պատիժ կրող շատ կանայք մասնակցեցին «Աբովյան» ՔԿՀ-ում կազմակերպված համերգին։ ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը, հանրապետական ու միջազգային մրցույթների դափնեկիր Սամսոն Պանյանը, «Ազգային երգչ-2» նախագծի ֆինալիստ Արսեն Զաքարյանը, «Երգ երգոց․նոր ձայներ» նախագծի մասնակից Դավիթ Հայրոյանը, ժողովրդական երգիչ Նարեկ Պողոսյանն ու Դավիթ Աղասին իրենց կատարումներով ոգեւորեցին անազատության մեջ գտնվողներին։ Ավելին, հաղորդավար Արմեն Դալլաքյանի առաջարկով պատիժ կրող կանայք՝ անվանի երգիչների հետ միասին երգեցին։
Կարդացեք նաև
Նախաձեռնությունը «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ինն էր, որին աջակցեցին ՀՀ արդարադատության նախարարությունն ու քրեակատարողական ծառայությունը։ Հրավիրված էին նաեւ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, ԱԺ պատգամավորներ Մարինա Ղազարյանն ու Տիգրան Պարսիլյանը։
«Ես լիահույս եմ, որ բոլորդ կգտնեք այն ուժը, որ մեկ-երկու, գուցե որոշների դեպքում ավելի կարճ ժամանակահատվածում հնարավորություն կտա խոսել ազատության մեջ լիարժեք իրավական վարքագիծ դրսեւորելու մասին եւ պատրաստ կլինեք դրան, իսկ մեր խնդիրն, իհարկե, դրան աջակցելն է»,-շնորհավորանքի խոսքում նշեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ նախարարի՝ դժվարին այս փուլում անազատության մեջ գտնվող կանայք մենակ չեն, պետությունն ունի նախանշած մի քանի վերասոցիալականացման ծրագրեր, բարելավվելու են պատժի կրման պայմանները։
«Շնորհավորում եմ Ձեզ, մաղթում առողջություն, հաջողություն, մաղթում եմ՝ որ ձեզանից յուրաքանչյուրը հնարավորություն ունենա օր առաջ միանալու իր ընտանիքին ու վայելի կյանքը՝ այս պատերից դուրս, ազատության մեջ»,-իր խոսքը եզրափակեց Սրբուհի Գալյանը՝ հույս հայտնելով, որ ամենամոտ ապագայում չենք ունենա նաեւ քրեակատարողական հիմնարկներ։
ՀՀ վաստակավոր արտիստ Լեյլա Սարիբեկյանը շատ բեմերում է ելույթ ունեցել։ Առաջին անգամ է երգում անազատության մեջ գտնվողների համար։ «Իմ խոնարհումը ձեզ, սիրելի՛ կանայք, հիշեք երբեք ուշ չէ գնալ երազանքների հետեւից։ Թող Աստված օրհնի ձեզ՝ յուրաքանչյուր ձեր քայլում, թող ամեն լուսաբացին ձեր սրտերում վառվի երազանքի լույսը»,-շնորհավորելով դատապարտյալ կանանց՝ ասաց Լեյլա Սարիբեկյանը։
«Մշակութային ու կրթական ծրագրերի նպատակը վերասոցիալականացումն է։ Այս համերգը նախաձեռնել ենք հենց անազատության մեջ գտնվող կանանց ցանկությամբ։ Արդեն ավանդույթ է՝ տարեմուտին տարբեր միջոցառումների կազմակերպումը քրեակատարողական հիմնարկներում»,-նշում է «Հանուն Ազատության» ԻՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը։
Համերգի կազմակերպման գլխավոր աջակիցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Բարեգործական հիմնադրամն է (տնօրեն Արմեն Ստեփանյան), աջակցել են նաեւ «Սյունիքի մարզի ներդրումների ու զարգացման հիմնադրամը» (մարզպետ Ռոբերտ Ղուկասյան), Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի «Պրինց» հոլդինգի տնօրեն Էդգար Հակոբյանն ու Սիսիանի «Գրին Ռոդ»-ի տնօրեն Հրայր Գաբրիելյանը։
Տարեմուտի միջոցառումներ կազմակերպվել էին նաեւ «Գորիս» եւ «Արմավիր» ՔԿՀ-ներում։
Տեսանկարահանման ու լուսանկարման համար դատապարտյալները տվել են իրենց համաձայնությունը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ