«Լավ է, որ երկրի ղեկավարն անդրադառնում է հանրային հետաքրքրության եւ կարեւորության այս հարցին ֆեյսբուքյան ռիլսի ձեւաչափով, բայց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը տեղեկատվություն ստանալու հարցման պատասխանի հստակ կարգ եւ ժամկետներ է նախատեսում», – Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին՝ անցած տարեվերջին իր եւ Աննա Հակոբյանի Վատիկան կատարած այցի վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր Վատիկան այցի ընթացքում իրենց կեցության ծախսերի շուրջ աղմուկ է բարձրացել, բայց Վատիկանում կեցության համար պետբյուջեից ծախսել են 787,000 դրամ։
Պարզվում է դա մեկ օրվա արժեքն է: Ավելին, կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից նոյեմբերի 26-ին ուղղված հարցմանն ի պատասխան դեկտեմբերի 18-ին Panorama.am-ին փոխանցել էին, որ հարցումն ուղղեն «Իմ քայլը» հիմնադրամին, իսկ հիմնադրամից լրատվամիջոցին առաջարկել էին մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը «… թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե ո՛ր կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել, և հարցումը ձևակերպելիս ո՛ր դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին»:
Կարդացեք նաև
«Լրատվամիջոցները դեռեւս նոյեմբերին ուղարկել են տեղեկատվություն ստանալու հարցում, ինչին տեղեկություն տնօրինողը պարտավոր է պատասխանել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում. այսինքն, գրավոր եւ 5-օրյա ժամկետում», – ասաց Շուշան Դոյդոյանը՝ հիշեցնելով, որ իրենց կազմակերպությունը ժամանակին այս հարցի մասով արձանագրել էր խախտումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ