Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը փորձում է հանդես գալիս որպես տարածաշրջանում ռազմական առումով մրցակիցը չունեցող պետություն, ինչը, մեղմ ասած՝ զարմանալի է. Տաթևիկ Հայրապետյան

Հունվար 04,2025 14:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ալիևի ամանորյա ուղերձի «առյուծի բաժինն», իհարկե, Հայաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու մասին էր, ենթադրում եմ՝ դրանք հնչում էին «իրական» Հայաստանի հասցեին:

Իլհամ Ալիևը, մասնավորապես, ասել էր․ «Կարծում եմ, որ Հայաստանի սպառազինության լայնածավալ արշավը ևս մեկ սպառնալիքի աղբյուր է տարածաշրջանի համար։ Եթե ​​այս տարի մեզ համար ամենամտահոգիչ պահը նշենք, իհարկե, դա կլիներ Հայաստանի սպառազինությունը։ Սա տրամաբանական բացատրություն չունի։ Հայաստանն իր ագրեսիվ քաղաքականությամբ բախվել է կատարյալ ֆիասկոյի։ Նրանց ռազմական պարտությունները 2020-ին, ապա 2023-ին պետք է ցույց տային, թե որն է ճիշտ ուղին։ Մենք փորձում էինք դա անել և մինչ օրս շարունակում ենք մեր ջանքերը։ Թե՛ իմ պաշտոնական հայտարարություններում, թե՛ հայկական կողմի հետ մեր բանակցությունների ընթացքում ես նրանց բազմիցս հորդորել եմ հեռու մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Նրանց թիկունքում չեն կանգնի օտար շրջանակներն ու օտար երկրները, որոնք հրահրում ու դրդում են կրկին հարձակվել Ադրբեջանի վրա։ Նրանք պարզապես չեն կարողանա դա անել։ Այս տարածաշրջանում ոչ մի ուժ չի կարող ռազմական առումով մրցակցել մեզ հետ։ Ուստի, նորից ասեմ, դեռ ուշ չէ, որ նրանք հետ դառնան այս վտանգավոր ճանապարհից։ Հարավային Կովկասը պետք է լինի խաղաղության, անվտանգության և համագործակցության տարածաշրջան։ Հայաստանի լայնածավալ ու արագ ռազմականացումը, մահաբեր զենքի մատակարարումը կարող է խաթարել այս խաղաղությունը, հնարավոր խաղաղությունը։ Մի բան էլ պետք է նշեմ. Ադրբեջանն ուղղակի դիտորդի դերում չի լինի։ 30 տարվա օկուպացիայի և ավերածությունների, Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի ավերածությունները, Խոջալուի ցեղասպանությունը, այն փաստը, որ մեր մեկ միլիոն հայրենակիցները Հայաստանի պատճառով դարձել են փախստական ​​և տեղահանված, երբեք չեն ջնջվի մեր հիշողությունից։ Մենք սա երբեք չենք մոռանա։ Հայաստանի քաղաքականությունը, նրա ագրեսիվ էությունը միշտ պետք է հաշվի առնել։ Ուստի ևս մեկ անգամ պարտավոր եմ ինձ զգուշացնել Հայաստանի ղեկավարությանը զերծ մնալ այս վտանգավոր ճանապարհից։ Ավելին, նրանք ի վիճակի չեն մեզ հետ մրցել ոչ ռազմական, ոչ էլ մեկ այլ ասպարեզում․․․»։

Անթաքույց սպառնալիքներից զատ, Ալիևը կրկին իր խոսքում անդրադառնում է այն երևակայական պետություններին, որոնք իբր Հայաստանին պատերազմի են նախապատրաստում Ադրբեջանի դեմ։ Իրողությունները բոլորովին հակառակն են, հենց Ադրբեջանն է տասնյակ զորավարժություններ անում, ակտիվ աշխատանք տանում Հատուկ նշանակության ուժերի ավելացման ու հզորացման վրա, մեծաթիվ զենքեր գնում, դե, իսկ «իրական» Հայաստանի տարածքն էլ կոչում «Արևմտյան Ադրբեջան»։

Ամեն ինչ սկսում է քարոզչությունից, որի դերը թերագնահատել չի կարելի։ Դրա հետ մեկտեղ Ալիևը փաստացի փորձում է հանդես գալիս որպես տարածաշրջանում ռազմական առումով մրցակիցը չունեցող պետություն, ինչը, մեղմ ասած՝ մի քիչ զարմանալի է։

Փաստացի, այս ելույթով Ալիևը ևս մեկ անգամ խոստովանում է, որ հետաքրքրված չէ կայունությամբ ու խաղաղությամբ, իրեն միշտ պետք են թշնամիներ և մրցակիցներ՝ թեկուզ միայն սեփական բռնապետական վարչակարգի պահպանման համար։

Ավելի վաղ ադրբեջանագետը տելեգրամյան գրառմամբ նշել էր. «Ալիևի ամանորյա ուղերձի մեկ այլ հատված վերաբերվում էր COP29-ին։ Իր խոսքում, ըստ իս, Բաքվի բռնապետ ղեկավարը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ այդ համաժողովն իրականում քննադատությունների մեծ ալիք է բերել իր վարչակարգի դեմ։ Դրա հետ մեկտեղ Ալիևը շարունակում է թիրախավորել արևմտյան որոշ երկրների, հատկապես ԱՄՆ ներկայիս վարչակարգին՝ իբրև խուսափելով անուններ տալուց, բայց շատ հստակ հուշումներ տալով իր խոսքում։

Նա, մասնավորապես, ասել է․ «Այս տարի Ադրբեջանում անցկացվել է COP29 կլիմայական համաժողովը։ Կարող եմ ասել, որ սա մեր անկախության պատմության մեջ ամենախոշոր միջազգային միջոցառումն է, և կարծում եմ, որ այն աշխարհի ամենամեծ և ամենահեղինակավոր միջազգային համաժողովն է։ Մենք հաջողությամբ կազմակերպեցինք այս խոշոր միջոցառումը տասնմեկ ամսվա ընթացքում։ Գրանցված 76,000 մասնակիցները անմիջականորեն ականատես են եղել Ադրբեջանի պոտենցիալին: Համաժողովին ընդհանուր առմամբ մասնակցել է 197 երկիր, 80 պետությունների և կառավարությունների ղեկավարներ և փոխնախագահներ։ Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արևմտյան որոշ երկրների, այսպես կոչված, իրենց վերահսկողության տակ գտնվող ոչ կառավարական կազմակերպությունների և կեղծ լրատվամիջոցների բոլոր ջանքերը, որոնք տասնմեկ ամիս շարունակ ցանկանում էին օգտագործել COP29-ը Ադրբեջանի դեմ, ապարդյուն անցան։ Նրանց քարոզարշավը դեռ շարունակվում է։ COP-ից հետո արդեն մոտ երկու ամիս է, ինչ մեր դեմ չարության, զրպարտության, ստի ու հերյուրանքի արշավ է ընթանում։ Այն նպատակ ունի զրպարտել Ադրբեջանին և վնասել հեղինակությունը։ Ես նույնիսկ չեմ ուզում նշել այն երկրների անունները, որոնք կանգնած են այդ արշավի հետեւում։ Ադրբեջանական ժողովուրդը հիանալի գիտի այդ երկրները։ Ադրբեջանական ժողովուրդը լավ գիտի, թե հասարակական կազմակերպությունները ո՛ր աղբյուրից են միջոցներ ստանում և ո՛ր մայրաքաղաքից են հրահանգներ ստանում։ Հուսով եմ, որ հաջորդ տարվա հունվարի վերջից Ադրբեջանի նկատմամբ խտրականության, չարության ու զրպարտության այս քաղաքականությունը կդադարեցվի։ Ամեն դեպքում, մեր հույսերը մեծ են»։

Հիշեցնեմ, որ վերջերս Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հատուկ զեկույց էր հրապարակել «Հիբրիդային հարձակումները COP29»-ի դեմ թեմայով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031