Դասական շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն, 34-ամյա Մագնուս Կարլսենը այս հանգստյան օրերին ամուսնանում է 26-ամյա Էլլա Վիկտորիա Մելոունի հետ: Արարողության վայրը գաղտնի է պահվում, որովհետեւ զույգը որոշել է այդ օրը նշել առանց ավելորդ հրապարակայնության, հարազատների ու մտերիմների նեղ շրջանում:
Լրատվամիջոցները նշում են, որ Մագնուսն ու Էլլան միասին առաջին անգամ հանրության մեջ հայտնվել են 2024 թվականի փետրվարին՝ Գերմանիայում անցկացված Freestlyle Chess G.O.A.T. Challenge մրցաշարի ժամանակ, որից հետո Մելոունը Կարլսենին մշտապես ուղեկցում է շախմատային մրցաշարերում: Իր ընկերուհու մասին Կարլսենը հարցազրույցներից մեկում ասել է. «Լավ է, որ նա ուղեկցում է ինձ: Նա հասկանում եւ աջակցում է ինձ: Եվ լավ է, որ նա կարողանում է շեղել ինձ, երբ անհաջող եմ հանդես գալիս»:
Էլլայի մայրը նորվեգացի է, հայրը՝ ամերիկացի: Նա բնակվում է երկու երկրներում էլ, սակայն գերադասում է Օսլոն: Կարլսենի խոսքերով Էլլան նաեւ երկար տարիներ ապրել է Սինգապուրում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ