Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել ու մակագրել․ «Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա։ Տեղադրում եմ Հռոմի` մեզ համար վարձված սենյակի տեսանյութը: Ես նույն օրը վերադարձել եմ, Աննան մնացել է այս սենյակում, որովհետեւ միջպետական հրավերով պիտի այլ միջոցառման մասնակցեր։ Պետբյուջեից ծախսվել է 787 հազար դրամ»:
Մինչդեռ աղմուկն առավել այն առնչությամբ էր, որ Աննա Հակոբյանի Իտալիա կատարած այցի ընթացքում ծախսված գումարների չափը գաղտնի էր պահվել ԶԼՄ-ներից։ Ավելին, ծախսված գումարների ու դրանց աղբյուրների մասին Panorama.am-ի հարցերին «Իմ քայլը» հիմնադրամից, իրենց բնութագրմամբ «ցինիկ պատասխան» էին տվել»։
Ըստ հրապարակված տեսանյութերի, Աննա Հակոբյանին ուղեկցել էին անվտանգության առնվազն երեք աշխատակից, նրա հետ են եղել նաև անձնական վարսավիրն ու դուստրը: Նոյեմբերի 26-ին Panorama.am-ը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ստանալու գրավոր հարցում էր ուղղել կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանին։
Կարդացեք նաև
«1.Նոյեմբերի 18-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ և դստեր հետ մեկնել է Սուրբ Աթոռ։ Վարչապետի՝ Հայաստան վերադարձից հետո Աննա Հակոբյանը ևս մի քանի օր մնաց Իտալիայում։ Այս ընթացքում անվտանգության քանի՞ աշխատակից է ուղեկցել ՀՀ վարչապետի տիկնոջն ու դստերը։
2. Որքա՞ն գումար է ծախսվել վարչապետի տիկնոջ Իտալիա կատարած այցի համար։ Խնդրում եմ տրամադրել ծախսերի բացվածքը՝ այդ թվում վերադարձի ժամանակ ինքնաթիռի տոմսերի համար վճարված գումարը, հյուրանոցում կեցության գումարը, թանգարանների տոմսերի գումարը և այլն։
3. Ի՞նչ աղբյուրներից են կատարվել ծախսերը, խնդրում եմ առանձին նշել, թե որքա՞ն գումար է տրամադրվել պետական բյուջեից։
4. Վարչապետի տիկնոջ Իտալիա այցն ի՞նչ էական, շոշափելի արդյունքներ է ապահովել Հայաստանի համար»։
Չանցած երկու ժամ՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը էլ. փոստի միջոցով պատասխանել էր. «Ի պատասխան Ձեր 26.11.2024թ. գրության հայտնում ենք, որ Ձեր հարցումը կարող եք ուղղել «Իմ քայլը» հիմնադրամ»։
Panorama.am-ը հիշյալ հարցումը կառավարությունից ստացած պատասխանի հետ նոյեմբերի 26-ին էլեկտրոնային փոստի միջոցով վերահասցեագրել էր «Իմ քայլը» հիմնադրամին։ Տևական ժամանակ հիմնադրամից որևէ պատասխան չկար։ Դեկտեմբերի 18-ին նույն հարցումը Panorama.am-ն էլեկտրոնային փոստով կրկին ուղարկել էր հիմնադրամի էլ. փոստին՝ նշելով. «Բարև ձեզ, հարգելի գործընկերներ։ Այս հարցման պատասխանը դեռ չենք ստացել»։
Դեկտեմբերի 19-ին «Իմ քայլը» հիմնադրամից Panorama.am-ը ստացել էր հետևյալ պատասխանը. «Panorama.am-ի լրագրող
Լալա Տեր֊Ղազարյանին
Հարգելի՜ լրագրող,
Ի պատասխան Ձեր հարցման առաջարկում ենք մասնակցել «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի «Կրթվելը նորաձև է» նախաձեռնության շրջանակներում մեկնարկած «Հաղորդակցության հմտություններ» դասընթացների շարքին և մասնագիտական վերապատրաստման դասընթացներին, որը թույլ կտա ձեռք բերել նոր գիտելիքներ և տարանջատել, թե որ կառույցին ու ում ինչ հարց կարելի է ուղղել և հարցումը ձևակերպելիս որ դեպքերում կարելի է հղում կատարել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքին:
«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի
Գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն
Դավիթ Մկրտչյան»։
Ընդ որում, նրա ստորագրությունն առկա չէր։
Լրատվամիջոցը ենթադրել էր. «Այս պատասխանի նպատակը Աննա Հակոբյանի ծախսած գումարների չափով հետաքրքրվող լրագրողին վիրավորելն է, որ էլ մյուս անգամ չհանդգնի նման հարցեր տալ։ Հակառակ դեպքում կարող էին, օրինակ, իրենց նախաձեռնության շրջանակում սերտած դասերի հիման վրա մերժել տեղեկատվության տրամադրումը՝ մատնանշելով հիմքը»: