Թեեւ «Վիքիպեդիայում» գրված է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը «մասնագիտությամբ բանասիրական գիտությունների դոկտոր» է, ես նրան ընկալում եմ առաջին հերթին որպես պատմաբանի: Ավելին՝ կարծում եմ, նրա պատմաբան լինելը շատ բանով պայմանավորում է նրա պետական ու քաղաքական գործունեությունը:
Իսկ պատմություն, հատկապես նոր եւ նորագույն պատմություն ուսումնասիրելն այսօր դառնում է խիստ արդիական: Մանավանդ, երբ պետության առաջին դեմքը, ձեւ անելով, թե կրթվելը «նորաձեւ է» համարում, իրականում տանում է պատմագիտության առումով չափազանց տգետ քարոզչություն: Եթե բոլոր «հռետորական հնարքները» մի կողմ դնենք, ապա այդ քարոզչության մեխն այն է, որ եթե հայերը խելոք մնային եւ ռուսներին չլսեին, ապա ցեղասպանություն չէր լինի: Պատմությունը քաղաքական կոնյունկտուրային հարմարեցնելու դասական դեպք է:
Այդ առիթով խորհուրդ եմ տալիս վերընթերցել Տեր-Պետրոսյանի ելույթը Ցեղասպանության 80-ամյակին նվիրված գիտաժողովում: Այդ տեքստում, օրինակ, այսպիսի մի շեշտադրում կա. «Հայ ժողովուրդն իր բոլոր կարողությունների գերլարմամբ հանդերձ՝ ի զորու չէր վիժեցնելու Օսմանյան պետության մշակած հրեշավոր ծրագիրը, մանավանդ որ՝ հայերի մոտ, ցավոք սրտի, ակնհայտորեն բացակայում էր այդ ծրագրի (Թուրքիայի՝ ցեղասպանության ծրագրի) գոյության գիտակցությունն անգամ»:
Եվ հաջորդ կետում. «Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին եվրոպական երկրների միջամտությանը նպաստելու գաղափարից եւ փորձելով հայկական նահանգների բարենորոգումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է իրատեսությունից»:
Կարդացեք նաև
Այն ժամանակվա մեր քաղաքական մտքի երկու հոսանքներին (կղերա-բուրժուական եւ հեղափոխական) Տեր-Պետրոսյանը քննադատում է 1908-1914 թվականներին «ինքնապաշտպանությանը չպատրաստվելու համար»: Եվ այդ տեսանկյունից սխալ է համարում Հայ հեղափոխական դաշնակցության 8-րդ ընդհանուր ժողովի որոշումը (1914թ.), որը «պարտավորություն ստանձնեց մասնակցել Օսմանյան կայսրությունում հայտարարված ընդհանուր զորահավաքին»: Զորահավաքին չմասնակցելով, ըստ այդմ, «հնարավոր էր կազմակերպել ավելի լուրջ ինքնապաշտպանություն եւ խուսափել իսպառ բնաջնջումից»:
Վերջապես, եւս մի, իմ կարծիքով, գերարդիական մեջբերում նույն տեքստից. «1920 թվականին, շարունակելով պահպանել հավատարմությունը Անտանտի երկրներին, Հայաստանի Հանրապետության վարիչները չկարողացան ճիշտ գնահատել Խորհրդային Ռուսաստանի եւ Քեմալական Թուրքիայի հզորացմամբ ստեղծված նոր իրադրությունը, որի պատճառով կորցրին թե՛ Հայաստանի անկախությունը, թե՛ նրա տարածքների մի մասը»:
Այսպիսին է պատմաբանի հայացքը ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած արհավիրքին:
2020 թվականին տեղի ունեցավ նոր աղետ, որն իր կործանարար հետեւանքներով համազոր է ցեղասպանությանը: Ինչպիսի՞ն կլինի պատմաբանների գնահատականը 80 տարի հետո՝ այսօր, բնականաբար, հնարավոր չէ ասել: Պարզ է միայն մի բան. պետականության բացակայության դեպքում մենք կարող ենք խոսել «հայ ժողովրդի», «քաղաքական մտքի» կամ «քաղաքական հոսանքների» մասին: Երբ գնահատվում է պետության պարտությունը, պետք է խոսել պետության եւ նրա ղեկավարի պատասխանատվության ու մեղքի մասին: Պատմության դատի առաջ ոչ մի «շուստրիություն» հնարավոր չի լինի կիրառել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Սակայն 1995էն ետք, շա՜տ փոխուեցան Առաջին Նախագահի կեցուածքները: Էական մակարդակի մը վրայ, եւ վերջնականօրէն:
Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջնական դիրքորոշումները շատ մօտ են, նման են, Փաշինյանի քարոզած – եւ ի գործ դրած – ապազգային գաղափարաբանութեան:
Խօսքը կը վերաբերի՝ ամենահիմնական, ամենախորքային բովանդակութեան: Քաղաքականութենէն շա՜տ անդին: Այսինքն, նոյնիսկ մէկդի դնելով այն իրողութիւնը որ Առաջին նախագահն է որ, ամեաառաջին անգամ, բառացիօրէն՝ քաղաքական բեմին վրայ բարձրացուց ու տեղաւորեց Փաշինյանը: Ի դէպ սոյն Նախագահին նման խելացի, բանիմաց եւ փորձառու մարդ մը, չտեսա՞ւ, թէ ինչ տեսակի անձ մըն է, Փաշինյանը…
Յետ-սովետական անկախութենէն ետք, առաջին օրերից սկսեալ ու անկէ ետք շարունակաբար, Հայոց ազգային ըմբռնողութիւնը երբեք տեղ չգտաւ, հո՛ղ չգտաւ, ՀՀի մէջ: Ոչ էլ, ի դէպ, Արցախի:
Փաշինյանը բնական յանգումն է, արդիւնքն ու արտադրանքն է, մեր այս պատմական ձախողութեան: Արիւնալի վիժումին:
Մ. Հայդուկ Շամլեան
80 տարի հետո ԼՏՊ-ն կկիսի Օլիվեր Կրոմվելի ճակատագիրը:
Տեր Պետրոսյանը իր հարցազրույցներից մեկում ասեց բառացի,Ադրբեջանը ասում է, տվեք Ղարաբաղը, և վերջ, էլ ոչ մի խնդիր չի լինի։
Խնդրում եմ, հղումն այստեղ դրեք
Լավ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին վկայակոչում եք որպես պատմաբան, այլ ոչ թե որպես պետական քաղաքական գործիչ։ Որովհետև որպես երկրի նախագահ հենց նա՛ է դրել մեծ աղետի հիմքերը` երկրի վզին փաթաթելով իր 3 ապազգային ժառանգորդներին։ Ըստ պետական – քաղաքական գործունեության` այդ չորսն իրարից տարբերվում են միայն իրադարձությունների ժամանակագրության առումով։ Բոլորն էլ 90-ականների կեսերի նույն թունավոր խմորից հունցած ղեկավարներ են։ Իմիջիայլոց, քաղաքական մտքի և պետության ու նրա ղեկավարի պատասխանության ու մեղքի մասին պատմաբանի Ձեր ցիտած տեքստերն ասվել են 1995 թվին, երբ, որպես պետության ղեկավար, այդ տեքստերի հեղինակն ինքն էր խրվում նման մեղքերի մեջ։
Հարգելի տիկին Իսրայելյան, եթե կարելի է, փոխարինեք առաջին նախադասությունը ներքևինով․
Լավ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին վկայակոչում եք որպես պատմաբանի, այլ ոչ թե որպես պետական քաղաքական գործչի։
Կանխավ շնորհակալ եմ։