Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետական գերակայություն Վաշինգտոնում առաջիկա առնվազն երկու տարիներին․ մեկնարկել են ԱՄՆ 119-րդ Կոնգրեսի լիազորությունները

Հունվար 03,2025 23:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի նոյեմբերի 5-ին կայացած ընդհանուր ընտրությունների հիմքով այսօր մեկնարկում են Միացյալ Նահանգների 119-րդ Կոնգրեսի երկամյա լիազորությունները։

Նորընտիր կոնգրեսականները երդվել են հավատարիմ մնալ ԱՄՆ Սահմանադրությանը եւ անձնվիրաբար իրականացնել իրենց լիազորությունները։

Կկայանա խոսնակի ընտրություն

Ներկայացուցիչների տունն այսօր նաեւ խոսնակ կընտրի։ Փոքրամասնություն կազմող դեմոկրատներն առաջադրել են Հաքիմ Ջեֆրիզի թեկնածությունը։ Հանրապետական մեծամասնության թեկնածուն 118-րդ Տան խոսնակ Մայք Ջոնսոնն է, որի թեկնածությանը աջակցություն է հայտնել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

ՀԻՄԱ․ խոսնակի ընտրությունը

Հանրապետականները մեծամասնություն են

Կոնգրեսն ԱՄՆ երկպալատ օրենսդիր մարմինն է։ Վերին պալատը Սենատն է, ստորինը՝ Ներկայացուցիչների տունը։

Թե՛ վերին, թե՛ ստորին պալատներում մեծամասնություն կկազմեն հանրապետականները, այսինքն առաջիկա առնվազն երկու տարիներին Վաշինգտոնում կգերակայի հանրապետական ներկայությունը, քանի որ պաշտոնը ստանձնել պատրաստվող նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը եւս հանրապետական կուսակցությունից է։

435 ներկայացուցիչ + 100  սենատոր = 535 կոնգրեսական

Կոնգրեսը բաղկացած է 535 անդամից՝ 435 ներկայացուցիչ եւ 100 անդամ։

Ներկայացուցիչները պաշտոնավարում են 2 տարի ժամկետով, իսկ սենատորները՝ 6: Ներկայացուցիչների տան բոլոր 435 անդամների եւ 100 սենատորների ⅓-ի ընտրությունն անցկացվում է զույգ տարիներին։

Ներկայացուցիչների տանը ներկայացվածությունը համարժեք է նահանգների բնակչության թվին։ Ամենաբնակեցված նահանգ Կալիֆոռնիային, օրինակ, 54 ներկայացուցիչ է հասնում: Ամենանվազ բնակչությամբ նահանգներ Ալյասկային, Վայոմինգին, Մոնտանային, Հյուսիսային Դակոտային, Հարավային Դակոտային, Վերմոնտին եւ Դելավերին բաժին է հասնում է միայն 1 ներկայացուցիչ։

Մինչդեռ, Սենատում նահանգները ներկայացված են հավասարաբար՝ յուրաքանչյուր նահանգից 2 սենատոր։

Ծանոթ դեմքեր ղեկավար պաշտոններում

Հանրապետականները Ներկայացուցիչների տան իրենց խմբակցության ղեկավար են նշանակել Ստիվ Սկալիսին, որն այդ պաշտոնում է 2023-ի հունվարից։ Դեմոկրատական փոքրամասնությունը շարունակելու է առաջնորդել Հաքիմ Ջեֆրիզը։

Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավարի պաշտոնն ստանձնել է Ջոն Թունը, իսկ դեմոկրատական խմբակցությունը կշարունակի պաշտոնավարել Չաք Շումերը, բայց արդեն որպես փոքրամասնության ղեկավար։

Սենատի նախագահը փոխնախագահն է

Սահմանադրության համաձայն՝ Սենատի նախագահը ի պաշտոնե ԱՄՆ փոխնախագահն է՝ Քամալա Հարիսը։ Թեեւ փոխնախագահը քվեարկում է միայն այն դեպքում, երբ կողմ եւ դեմ քվեարկած սենատորների թիվը հավասար է, փոխնախագահն է նախագահում նիստերը։

Քամալա Հարիսը Սենատի նախագահի պաշտոնը կզբաղեցնի մինչեւ հունվարի 20-ը։ Այդ օրն ավարտվում են Բայդեն-Հարիս վարչակազմի լիազորությունները։ Հունվարի 20-ից Սենատում կնախագահի նորընտիր փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Սենատի փոխարինող նախագահ է նշանակվել հանրապետական Չաք Գրասլին։

ՀԻՄԱ․ նորընտիր Սենատի առաջին նիստը

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031