Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Ներքին համոզմունք ունեմ, որ 2025 թվականը պատմական տարի է լինելու հայ ժողովրդի համար, որ մեր պետությունը փրկելու ենք չարիքի մահաբեր, մահասեր ճիրաններից, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը»

Հունվար 03,2025 21:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Հայելի» ակումբը, ինչպես նախապես խոստացել էր, 2025 թվականն սկսեց ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին հյուրընկալելով, որն ամփոփեց 2024 թվականը:

«Տարին ունեցել է 52 շաբաթ, բայց ես «Հայելի» ակումբում եղել եմ 54 անգամ: Նկատի ունեմ միայն իմ այցելությունները այստեղ:

Նախ, տարվա, ամսաթվի փոփոխությունը ինձ համար առանձնապես խորհուրդ չունի: Ուզում եմ մեր ժողովրդին շնորհավորել գալիք տոնի առիթով: Մեր գլխավոր տոնը, որ այս շրջանում սիրով ու սրտատրոփ սպասում ենք, Սուրբ Ծննդյան տոնն է, որը մեկնարկելու է հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագով եւ շարունակվելու է հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան բարի խորհրդով ու Բարի Ավետիսով: Վստահ եմ, որ իր Աստվածային լույսով այն մեր ժողովրդին խաղաղություն եւ հաջողություններ է բերելու:

Ներքին վստահություն ու համոզմունք ունեմ, որ 2025 թվականը պատմական տարի է լինելու հայ ժողովրդի համար, որ մեր պետությունը փրկելու ենք չարիքի մահաբեր, մահասեր ճիրաններից, վերականգնելու ենք մեր արժանապատվությունը: Դրա հանրային պահանջը վաղուց հասունացել է: Մնում է կազմակերպական ճիշտ ջանքեր գործադրել, որոնք անպայման հաջողությամբ են պսակվելու, որպեսզի հնարավորինս քիչ ցնցումներով լինի իրական խաղաղության տարի, որն ամրապնդելու է մեր պետականությունը»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Անդրադառնալով նիկոլ Փաշինյանի տարեվերջյան ուղերձին, պարոն Ղազարյանը ուշադրություն հրավիրեց նրա այն արտահայտության վրա, որ 2024-ին պատերազմական գործողություն չի եղել: «Իր համար այլեւս կարեւոր է, որ եթե ինքը երկիրը ղեկավարում է ու այդ տարի պատերազմ չի եղել, դա կարեւոր արդեն իրադարձություն է: Ինչո՞ւ: Որովհետեւ եկավ ու 2020 թվականին՝ աղետալի պատերազմ, 2021 թվականին՝ ադրբեջանական հարձակում Գեղարքունիքի, Սյունիքի մարզերի վրա, Սեւ լիճ, Իշխանասար, 2022 թվականին՝ պատերազմ, նորից հարձակում Հայաստանի վրա՝ Գեղարքունիք, Վայոց Ձոր, Սյունիքի մարզ, Ջերմուկի հրետակոծություն, 2023 թվական՝ Արցախի շրջափակում եւ Արցախի վրա հարձակում: Այսինքն, եթե 2024 թվականին պատերազմական գործողություն չի եղել, ինքը համարում է իր համար ձեռքբերում:

Բայց պատերազմական գործողություն չի եղել, որովհետեւ այն, ինչ որ ինքը պատերազմով պիտի հանձներ, հանձնել է առանց պատերազմի: Պատերազմ չի լինում միայն մի բանի համար. Ալիեւը ինչ պահանջում է, ինքը հանձնում է առանց պատերազմի: Ընդ որում, Տավուշի այն հատվածում, որտեղ 2020 թվականին ծավալվել էին 12-օրյա պատերազմական գործողություններ եւ մեր զինված ուժերը ցուցաբերել էին աներեւակայելի դիմադրություն, որն ինքը ներկայացրեց որպես հաղթական մեծ ձեռքբերում, այդ նույն դիրքերը, որտեղ մի դիրքային պայքարի համար ինքը 72 «Մարտական Խաչ» եւ մի Ազգային հերոսի կոչում է շնորհել, առանց որեւէ բանի հանձնել է թշնամուն:

2024 թվականը մեզ համար ցավալի կորուստների այն տարին էր, երբ ինքը Հայաստանի տարածքների անունը դնում էր ադրբեջանական տարածք ու հանձնում էր թշնամուն: Ի դեպ, Իլհամ Ալիեւը իր ամանորյա ուղերձում դա համարել է Ադրբեջանի գլխավոր ձեռքբերումներից մեկը, որ ինքը առանց մի փամփուշտ կրակելու այն տարածքներին, որոնք իր համար նպատակ է դրել, տիրացել է: Փաշինյանը նույն բանը ներկայացնում է որպես ձեռքբերում՝ ասելով, թե  սահմանազատում ենք իրականացրել, բայց Ալիեւը չի ասում, թե իրենք սահմանազատում են իրականացրել: Ալիեւն ասում է, որ Հայաստանից տարածքներ է զավթել առանց որեւէ կորստի: Իհարկե, երկու կորուստ եղել է՝ երկու հայ սակրավոր է պայթել ականի վրա: Այսինքն, տարածքները մաքրել է ականներից, նոր է հանձնել»,- շարունակեց հասարակական-քաղաքական գործիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031