Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում տեղի ունեցած խոշոր հրդեհի առաջացման փաստով, որի հետևանքով կան տուժածներ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները և ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնի քննիչները պարզվել է, որ ՀՀ ՊԵԿ Բագրատաշենի սահմանային անցման կետի խորը զննման անգարում ազգությամբ պարսիկներ՝ Երևանի բնակիչ 40-ամյա Կորյուն Օ․-ն, Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արմոնդ Ա․-ն և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 26-ամյա Ղասեմ Հ․-ն մասնավոր շինարարական աշխատանքներ կատարելու ընթացքում Արմոնդ Ա․-ն ժամը 12։30-ի սահմաններում եռակցման սարքով մետաղ զոդելու ժամանակ, խախտելով հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները, իրականացրել է զոդման աշխատանքներ, որի ընթացքում զոդումից առաջացած կայծերից անգարում գտնվող պայթուցիկ հրագործական միջոցները պայթել են, ինչից էլ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով Արմոնդ Ա․-ն, Ղասեմ Հ․-ն և նույն վայրում գտնվող Երևանի բնակիչ 36-ամյա Վարդան Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը Գագիկ Շամշյանը, այսօր՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 13:10 -ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Բագրատաշենի անցակետում պայթյունի ձայներ են լսվել, որից հետո հրդեհ է բռնկվել։
Կարդացեք նաև
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում