«Մեր ցավոտ կողմն այն է, որ գերեզմանոցի ճանապարհը փակ է, այսօր նշում ենք Նոր տարին, բայց չենք կարող մեր սրբություններին այցելել՝ իրենց տոնն էլ խնկարկել»,-ասում է Ներքին Հանդի բնակչուհի տիկին Գալյան։ Վերջինիս թոռներն են քաղաքից գյուղ եկել՝ պապիկի ու տատիկի հետ դիմավորելու 2025 թվականը։ Տատիկը իրար է խառնվել՝ խմոր հունցել, տարեմուտի գաթա է թխելու՝ հաջողության մետաղադրամը մեջը դնելով։
«Վախենալու բան չունենք։ Թոռնիկներիս պատմեցի, որ 1992թ.-ին՝ ավտոմատը ձեռիս բարձրանում էի բալկոն, որ տեսնեմ թուրքերը որտեղից են մտնում։ Չենք վախեցել ու չենք վախենում։ Մենք այստեղից ոչ մի տեղ չենք գնալու»,-համոզված ասում է մեր զրուցակիցը։ Գյուղի դպրոցում մանկավարժ է աշխատում, գոհ է աշխատանքից։
Կարդացեք նաև
Ներքին Հանդում ապրողները, ըստ տիկին Գալյայի՝ պետության ուշադրության կենտրոնում են։ «Հեռավոր գյուղ է, իշխանության ներկայացուցիչները՝ որ գալիս-գնում են, մենք էլ ենք թեթեւանում, ոգեւորվում ենք՝ որ անտեսված չենք»,-Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանի հետ զրույցում նշեց տիկին Գալյան։
Իսկ Նարե Ղազարյանն ու մարզպետի խորհրդական Նվարդ Հարությունյանը Ներքին Հանդ են եկել՝ շնորհավորելու բնակիչների Ամանորը։ Նրանք տնից տուն են մտնում, զրուցում գյուղացիների հետ, Ամանորի փաթեթներ նվիրում թե՛ մեծերին, թե՛ փոքրերին։
88-ամյա Ազնիվ տատը նույնպես 2025թ.-ը Ներքին Հանդում դիմավորեց։ Թոռներն են եկել՝ խմեցին։ Շնորհակալ է պետական բոլոր աշխատողներին՝ որ միշտ հիշում են իրեն։ Սակայն Ազնիվ տատի հոգսն այլ է։ «Թոռնիկիս համար սիրուն աղջիկ եմ փնտրում, պիտի ամուսնացնեմ այս տարի»,-ասում է Ազնիվ տատն ու աչքի տակով «տնտղում» մարզպետի տեղակալին ու խորհրդականին՝ ընթացքում փորձելով պարզել, ամուսնացա՞ծ են արդյոք, թե՞ չէ։
Պատերազմից հետո 2024թ.-ին առաջին երեխան է ծնվել Ներքին Հանդում։ Դպրոցի տնօրենի պաշտոնակատար Լուսինե Իսրայելյանի թոռն է Արեգը։ Նա արդեն 4 ամսական է։
«Թող 2025թ.-ը բարիք բերի մեր ընտանիքներին։ Ուղիղ 25 տարի մեր գյուղերն անտեսված էին, նոր-նոր սկսել են ուշադրություն դարձնել։ Պետության հիմքը կրթություն է ու գյուղատնտեսությունը»,-ասում է Սերյոժա Ադամյանը։
Տանիքների նորոգում, ջերմոցների տրամադրում, խմելու ջրատարի կառուցում՝ մեր զրուցակիցը թվարկում է անցած տարում Ներքին Հանդում իրականացված աշխատանքները։
«Շնորհակալ եմ մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, որ ոչ միայն մեր գյուղի, այլեւ բոլոր գյուղերի հոգսերը միշտ ուշադրության կենտրոնում է պահում։ Թող 2025թ-ը խաղաղության տարի լինի ու ինչ բարիք լինի՝ բեր մեր պետությանն ու երկրին»,-իր կենացն է եզրափակում Սերյոժա Ադամյանը։
Հրաժեշտից առաջ՝ Ներքին Հանդի երիտասարդներն են գյուղամիջում սեղան բացել։ «Համեցեք քաղցրանալու, տարին քաղցրով սկսեք, որ կյանքը քաղցրանա»,-հորդորեցին նրանք։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ