Հայկական շոու բիզնեսում անցող տարին, ինչպես միշտ, հագեցած էր։ Երգիչ-երգչուհիները ստեղծագործական ակտիվ գործունեության մեջ էին ու պարբերաբար երկրպագուներին ներկայանում էին երաժշտական նորություններով։ Տարվա ամփոփումը ամենամյա «Տարվա երգ» երաժշտական մրցանակաբաշխությունն է։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած մրցանակաբաշխության ընթացքում մրցանակների արժանացան մի շարք արտիստներ։ Երգերի ընտրությունը կատարվել էր՝ ըստ տարբեր չափանիշների՝ սոցիալական ու երաժշտական ամենատարբեր հարթակներում դիտողականություն, երգի տարածվածություն, որակ։ Գունեղ համերգային երեկոյի ընթացքում հանդիսատեսը եւս մեկ անգամ հնարավորություն ունեցավ վայելելու իր սիրելի երգերը՝ հանրահայտ արտիստների կենդանի կատարմամբ։ Խորհրդանշական արձանիկն էլ ամբողջացրեց մրցանակաբաշխության ողջ խորհուրդը։
Երգիչ Էռնեստ Հովհաննեսյանը նույնպես մրցանակակիրների շարքում էր։ Երգիչը տարվա ընթացքում ներկայացել էր մի շարք նոր երգերով ու զուգերգերով։ Հայաստանով մեկ, Եվրոպայում, Ռուսաստանի մեծ ու փոքր քաղաքներում տեղի ունեցած համերգներն էլ դարձել են նրա երաժշտական ճանապարհի անբաժան մասը։ Տարվա գլխավոր երաժշտական մրցանակին Էռնեստ Հովհաննեսյանն արժանացավ իր՝ «Էդ քո շատությամբ» հիթային եւ սիրված երգով:
«Էդ քո շատությամբ»-ը սիրո գեղեցիկ խոստովանություն է դարձել բազմաթիվ սիրահարների համար։
Միայն YouTube-յան հարթակում երգի տեսահոլովակի դիտումները անցել են 29 միլիոնը։ Երգի երաժշտության հեղինակը հենց Էռնեստ Հովհաննեսյանն է, խոսքերի հեղինակը՝ Արման Անտոնյանը։
Ի դեպ, մարզահամերգային համալիրը պայթեց ծափերից, երբ հաղորդավարներ Տարոն Իսպիրյանն ու Նազենի Հովհաննիսյանը ներկայացրին երգն ու բեմ հրավիրեցին կատարողին։ Դահլիճը ձայնակցում էր երգի ամբողջ ընթացքում։
Հավելենք, որ Էռնեստ Հովհաննեսյանի երգացանկում սիրո մասին երգերը բազմաթիվ են։ «Էդ քո շատությամբ» կատարումը շատ կարճ ժամանակում հասցրեց սիրվել ու իր ուրույն տեղը գտնել նրա երգացանկում։ Երգիչը խոստանում է՝ նման հիթային, զգացմունքային ու սպասված կատարումներով էլ շարունակելու է ներկայանալ իր լսարանին, քանի որ ինչպես Նազենի Հովհաննիսյանը նշեց «Տարվա երգ» մրցանակաբաշխության ժամանակ Էռնեստի կատարումը ներկայացնելիս՝ սերը երբեք շատ չի լինում։
Անի ՄԱՆՈՒԿՅԱՆ