Shamshyan.com. Այսօր՝ հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արշակունյաց 119 հասցեում գործող «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում գողություն է տեղի ունեցել։
Պարզվել է, որ հունվարի 1-ին ժամը 01:20-ից մինչև հունվարի 3-ը ժամը 05:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են ընկերության դուռը, մտել ներս, ապա «ՎԻ ԸՆԴ ՎԻ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի մի քանի սենյակներում տակնուվրա են արել իրերը և իրենց հետ տարել են չհրկիզվող պահարանը։
Պարեկներն ու ոստիկանները չհրկիզվող պահարանի մեջ եղած որոշ իրեր, այդ թվում՝ կնիքներ, ավտոմեքենաների պահեստային բանալիներ, հայտնաբերել են դրսում։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողություն կատարած անձանց ինքնությունը ճշտելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ, ինչպես նաև պարզվում է, թե չհրկիզվող պահարանում արդյոք գումար եղե՞լ է ու ինչ չափի։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ընկերությունը վարձակալական հիմունքներով է այդ տարածքում գործունեություն ծավալում և բեռնափոխադրումներ է իրականացնում։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: