Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է Գագիկ Սարգսյանի եւ մյուսների գործով դատական առաջին նիստը։ Դաշնակցական Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի եւ ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն: Սարգսյանը, սակայն, չի ընդունում իր դեմ ներկայացված մեղադրանքը:
«Ես Գագիկ Սարգսյանին ճանաչում եմ ավելի քան 30 տարի, ինձ համար զարմանալի է այն մեղադրանքը, որն ուղղված է իրեն… Գագիկ Սարգսյանը ուղնուծուծով մշակութային մարդ է », – ասաց ազգային երգերի կատարող Մուրադ Մշեցին: «Հուսանք արդարությունը կհաղթի, Գագիկի կալանավորման ձեւը կփոխվի եւ գոնե տնային կալանք կլինի», – հավելեց նա:
Գրող, հրապարակախոս, սցենարիստ, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը եւս 25-30 տարի ճանաչում է Գագիկ Սարգսյանին: «Գիտեմ, որ նա օրինապաշտ մարդ է, բառի բուն իմաստով գրագետ, մշակույթի ծառա է, գաղափարակից ընկեր..Այսօր խնդրի առաջ ենք կանգնած, ասում են՝ ենթադրյալ ահաբեկչություն, դա մի տեսակ չի տեղավորվում կենսագրություն ունեցող մտավորական մարդու կերպարի մեջ…Ես վստահ եմ, որ վերջիվերջո արդարությունը հաղթելու է», – ասաց Ղարաբաղցյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հ. Գ. Ավելի ուշ պարզվեց, որ Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, բավարարեց նրա կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին միջնորդությունը: