Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ կոնդիցիոները կա, ոչ ջեռոցը, ոչ էլ իմ վճարած 90 հազարը». քաղաքացին հավատացել է բլոգեր 222 Lava-ին ու հայտնվել վատ վիճակում

Հունվար 03,2025 14:41

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մեսրոպ Ստեփանյանը մեկն է տուժած այն քաղաքացիներից, որ փորձել է «222 Lava» մականվամբ բլոգերի (Էրիկ Շահբազյան) գովազդած Full Size կենցաղային տեխնիկայի եւ էլեկտրատեխնիկայի վաճառքով զբաղվող խանութից ապառիկով ապրանք վերցնել ու մինչ օրս ոչ ապրանքը կա, ոչ էլ իր վճարած կանխավճարը:

Aravot.am-ի հետ զրույցում Մեսրոպ Ստեփանյանն ասաց, որ դեկտեմբերի 20-ին գնացել են Full Size՝ օդորակիչ ու ջեռոց գնելու, վճարել են 90 հազար դրամ կանխավճար եւ ապառիկ ձեւակերպել: «Պայմանավորվեցինք, որ ամսի 25-26-ին ապրանքը կբերեն, կտեղադրեն: Ասացի՝ եթե մեքենայի խնդիր կա, մեքենայով կգամ կտեղափոխեմ, քանի որ իրենք ասացին՝ մասնագետները չեն հասցնում, դրա համար է ուշանում: Ես ասացի՝ իմ մեքենայով կարող եմ գալ, մասնագետին տանել, որ տեղադրի, հետո իրեն հետ բերել, որ գործն առաջ կգցեմ, համ ինձ համար լավ կլինի, համ՝ ձեր համար: Ասացին՝ լավ բան ես առաջարկում, կգրենք քեզ: Դեկտեմբերի 25-ին չբերեցին, հետո զանգեցին, ասացին՝ 26-ին կբերենք, ասացի՝ ոչինչ, 26-ին բերեք, 26-ին էլ չբերեցին: Զանգեցի 27-ին, ասում եմ՝ չբերեցիք, ասում են՝ տեսնենք էսօր կկարողանա՞նք բերել: 27-ին տղայիս ուղարկեցի, ասացի՝ գնա, տես ինչ է կատարվում: Տղաս եկավ ու ասաց, որ խանութը փակ է, գրված է՝ տրվում է վարձով: Իսկ այն հեռախոսահամարներին, որով զանգում ու խոսում էի իրենց մենեջերների հետ, հիմա չեն պատասխանում», – կատարվածը ներկայացրեց քաղաքացին:

Նա շեշտեց, որ Full Size-ի մասին տեղեկացել է համացանցից, մասնավորապես TikTok-ից. «Մեր մտքով չէր անցնում, որ կարող է նման բան պատահել: Իրենք ասում են՝ հարկայինի հետ կապված պարտավորություն ունեն, հարկայինը սառեցրել է իրենց հաշիվները: Տղայիս ուղարկել եմ նաեւ բանկ, բանկում արդեն գիտեին, թե ինչ է կատարվում: Բանկը պետք է որոշում կայացնի, բայց ինչ որոշում, դեռ պարզ չէ: Մի խոսքով, մինչեւ այսօր ոչ կոնդիցիոները կա, ոչ ջեռոցը, ոչ էլ իմ վճարած 90 հազար դրամ կանխավճարը»:

Մեսրոպ Ստեփանյանն ասաց, որ համացանցում տեսել է 222 Lava-ի տեսանյութը, որտեղ բլոգերը քաղաքացիներին կոչ է անում իրեն այլեւս չանհանգստացնել Full Size-ի հետ կապված հարցերով: «Ինչքան դուք եք սթրես տանում, 2-3 անգամ ավելի՝ ես… Ես ինչ մեղք ունեմ, որ պետությունը փակել ա Full Size-ի բոլոր պայմանագրերը եւ ինձ 109 մլն տուգանք ա տվել, ձերը 1 մլն ա, 200-300 հազար դրամ կամ 3 միլիոն, իմը 109 միլիոն ա, համապատասխան մարմիններին դիմեք», – բորբոքվել է բլոգերը:

Ավելի ուշ նա մեկ այլ տեսանյութ է հրապարակել՝ նշելով. «Full Size-ն ունի պետության հետ կապված խնդիրներ, եթե ապրանքը չի հասել, բանկը կարա չեղյալ անի, լուն դավա մի սարքեք…»:

Մեսրոպ Ստեփանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ է 222 Lava-ն էլ է նամակ գրել. «Ես գրել եմ իրեն, ասել եմ՝ քեզ լսելով, քո ռեկլամների հետեւելով եմ գնացել էդ խանութ, նայել եմ, տեսել եմ մարդկանց փող ա տալիս, ասել ա՝ իբր սա իմ խանութն ա, ես էլ մտածել եմ էդ խանութից առնեմ, որովհետև մարդկանց օգուտ են տալիս, փող են բաժանում, մեկ ա էդ գումարը ինձանից դուրս ա գալիս»: Նա նաեւ նշեց, որ սպասում են բանկի կայացրած որոշմանը, հետո կդիմեն համապատասխան քայլերի՝ ընդհուպ՝ դատարան:

Հիշեցնենք, որ Full Size-ը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ ներկայումս իրենց ընկերությունը հայտնվել է ֆորս-մաժորային իրավիճակում, որի հետեւանքով բանկային հաշիվները սառեցված են, ինչն անմիջականորեն ազդել է իրենց առաքման ժամանակացույցի վրա: Նաեւ վստահեցրել էր, որ առաջիկա օրերին ընկերության ներկայացուցիչը կապ կհաստատի բոլոր այն հաճախորդների հետ, որոնց նկատմամբ ունեն պարտավորություններ:

Այս պահին Full Size-ի հեռախոսահամարը չի պատասխանում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031