Aravot.am – ը հետևողականորեն անդրադառնում է ավանդական և ժամանակակից արվեստի հնարավոր բոլոր դրսևորումներին: 2025թ. աշխատանքային առաջին իսկ օրից սկսած մեր ուշադրության կենտրոնում դարձյալ կլինի ոչ միայն հայկական արվեստն իր անթիվ բազմազանությամբ, այլ մշակույթային կյանքի բոլոր դրսևորումներն ոլորտային և մասնագիտական, գործնականորեն անսահման ողջ բազմազանությամբ` բժշկություն, գիտություն, ճարտարապետություն, թվային տեխնոլոգիաներ, մարզաշխարհ, գիտատեխնիկական նվաճումներ, ընդհուպ մինչև տիեզերագնացություն ու տիեզերագիտություն: Այս թեմաներին միշտ ենք անդրադարձել, սակայն այսուհետ ծրագրում ենք ավելի նեղ մասնագիտական անդրադարձեր կատարել այն համոզմամբ, որ մշակույթը մարդկային գործունեության մշակված, հղկված, նոր նվաճումներ իրականացնող ամբողջական ոլորտն է: Եվ պատահական չէ, որ պատմության դասագրքերում «Մշակույթ» ենթավերնագրերի ներքո մշտապես ներկայացվում է տվյալ ժամանակի գիտությունը, կրթությունը, արվեստը, հավատքը, շինարարական, կամրջաշինարարական ու եկեղեցաշինության արվեստը, համարողական արվեստը (մաթեմատիկան), իմաստասիրական ու բժշկական արվեստը:
2025-ին կանդրադառնանք առավել լայն մշակութային ոլորտներին, մանավանդ որ վերջին հարյուրամյակի ընթացքում, մեր երկրի պատմության բերումով, առնչվելու ենք բազմաթիվ հոբելյանական տարեթվերի և վեր կհանենք նոր անուններ:
Ահա այս միտք-որոշումը դեռ չեկած, փաստը եկավ ապացուցելու, որ լայն պողոտա-ճանապարհ ենք ընտրել և պարզեցինք, որ հենց 2025 թվականի հունվարի 2-ին ավարտին է հասցվել բժիշկ Սամվել Իվանյանի 100-ամյակին նվիրված ֆիլմը: Բավականաչափ ուրախալի և հատկանշական է, որ բժշկի մասին ֆիլմը ներկայացնում է իր որդին` մեզ քաջ ծանոթ հայտնի մնջախաղաց և ռեժիսոր Լևոն Իվանյանը: Մենք ոչ միայն շնորհավորեցինք իր Ամանորը, այլ հարց ուղղեցինք ռեժիսորին` երկու խոսքով ներկայացնելու բժիշկ Իվանյանին նվիրված ֆիլմի շարժառիթների մասին:
«Չափազանց ուրախալի է, որ ես դեռ ֆիլմը չավարտած՝ Դուք արձագանքում եք և մինչ ես կհասցնեմ հորս ծննդյան օրը` հունվարի 4-ին այն ներկայացնել, տոներից հետո աշխատանքի առաջին իսկ օրը հնարավորություն կա ներկայացնելու 100-ամյա հոբելյանին նվիրված ֆիլմը: Կարճ կուզեի ասել իմ հոգևոր մղումի մասին, որը կարծում եմ՝ հոգեհարազատ կլինի շատ շատերի համար և, չեմ թաքցնում, որ ես ուզեցի նաև օրինակ ծառայել շատ ընտանիքների, որ «հանգիստ չլինեն», ծնողները վաղուց ֆիզիկապես մեզ հետ չեն և հոբելյանական տարեթվերի ժամանակ «իրենք իրենց կոտորեն» և մի հիշատակի, հարգանքի կամ սիրո տուրք մատուցեն հոգեպես միշտ մեզ հետ ապրող ծնողներին:
Կարդացեք նաև
Ճիշտն ասած հիմա ֆիլմի մասին ոչինչ չեմ ուզում ասել, քանի որ ինչ որ ուզում էի ասել՝ հիմնականում (իհարկե ոչ լրիվ) կարողացել եմ ֆիլմում ներկայացնել: Այնպես որ՝ իմ շնորհակալությունն եմ հայտնում չափազանց անսպասելի ժամանակին, նոր սկսվող 2025-ին և Aravot.am-ին, այս բացառիկ, անհավանական թվացող հոգևոր միջավայրը ստեղծելու համար:
Իհարկե, առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել մեր ժողովրդի անխտիր բոլոր ներկայացուցիչներին, շեշտել արվեստի և մշակույթի գործիչներին, քանի որ ինքս պատկանում եմ հայ մշակույթի բարձրապատիվ ընտանիքին: Սիրով ներկայացնում եմ BAGHINYAN ART VIDEO ստուդիայում իմ հեղինակությամբ և Կարեն Բաղինյանի ռեժիսուրայով նկարահանված «Իմաստուն Հայրս» ֆիլմը» , – խոսքը եզրափակեց պարոն Իվանյանը:
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ