Լրահոս
Օրվա լրահոսը

Պարտությունների խորհրդանիշին նյարդայնացնում են իրական հերոսները. ԱԺ պատգամավորը՝ դասասենյակների անվանակոչությունը կանոնակարգելու վարչապետի հանձնարարականի մասին

Հունվար 03,2025 13:13

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացում կատարել նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանում՝ այն պատճառաբանությամբ, որ ԿԳՄՍՆ-ն երբեմն ԶԼՄ-ներից կամ այլ աղբյուրներից է իրազեկվում է «կրթության ոլորտում այս կամ այն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա որևէ ենթակառուցվածքի անհիմն անվանակոչության վերաբերյալ»:

Ըստ այդմ, որոշվել է «…դպրոցների անվանակոչության ստանդարտին համահունչ կանոնակարգել դասասենյակների և այլ ենթակառուցվածքների անվանակոչության հարցը…»: Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ աշխատակազմի տված հանձնարարականը՝ նախագծի ընդունումը միտված է հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ենթակառուցվածքների անվանակոչության ընթացակարգը հստակեցնելուն եւ սահմանելուն՝ գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար, որովհետեւ գործող հրամանում չկա որեւէ կարգավորում ՝ անվանակոչման գործընթացի համար:

Aravot.am-ը ԱԺ «Հայաստան խմբակցության» պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանից հետաքրքրվեց՝ իր կարծիքով ի՞նչ միտում ունի նման հանձնարարականը:

«Ինձ համար ավելի քան ակնհայտ է, թե հանրակրթական հաստատությունների դասասենյակների եւ այլ ենթակառուցվածքների անվանակոչության ընթացակարգը «հստակեցնելու» Նիկոլ Փաշինյանի հանձնարարականն ինչ ակունքներից է բխում։ Ըստ էության, սա մեր ժամանակների հերոսի նիկոլական փիլիսոփայության իմպերատիվ հարկադրանքն է, հայ մարդու քաղաքակրթական կոդը խեղելու ու մեր հիշողությունը ջնջելու ապազգային հանձնառությունը։ Սա ոչ թե բացը լրացնելու, կանոնակարգելու միտում ունի, այլ քողարկված նպատակադրում` թույլ չտալու, որպեսզի դպրոցներում դասարանները կամ այլ ենթակառուցվածքներ անվանակոչվեն 44 -օրյա պատերազմի կամ ազատագրական պայքարի որեւէ հերոսի անունով։

Նույն կեղծ ու շինծու ալիբիով, թե իբր նորոգված պատերին նոր ծակեր չբացելու կամ միասնական ձևավորում ունենալու «հիմնավորմամբ» փառքի սենյակներն են վերացնում․․․ Պարտությունների ու նվաստացման սիմվոլ Փաշինյանին նյարդայնացնում են իրական հերոսները։ Սա նաեւ տեղավորվում է Ալիեւի ու Էրդողանի հրահանգով խմբագրվող ու մուտացիայի ենթարկվող հայ իրականության մտապատկերում։ Այս նույն զույգի հրահանգով պատմության դասագիրք է գրվում, Սահմանադրություն ու Հռչակագիր կասկածի տակ դրվում, օրհներգ խեղվում։

Օրերս Աշնակի մշակույթի պալատի պատից ջնջված Նժդեհի ու Մոնթեի նկարներն էլ նույն շղթայում են։ Գետինը մտնելու վարք․․․ Նիկոլն ու նրա ծառաները լծվել են ոգեղեն Հայաստանի փլուզմանը, իսկ սրանց ծառայող լիքը անողնաշարավոր կա, այսրոպեական շահի համար անցյալ ուրացող, մեր հավաքական հիշողությունից հրաժարվող պնակալեզներ։ Ցավալի է, անհայրենիք, սրբություն չունեցող ու անհիշողություն այս տեսակը շատ է, ու այս ընթացքը դեռ անկասելի է․ գուցե հետո ուշ լինի․․․»,-ասաց Լիլիթ Գալստյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031