Լույս է տեսել Գինու ազգային կենտրոնի նախագահ, պատմական գիտությունների թեկնածու Ավագ Հարությունյանի «Անապատի գինու գույնը» գիրքը, որը մաս է կազմում ընդարձակ մի հետազոտության: Հեղինակի ձեւակերպմամբ, ուսումնասիրության այս բաժինը նվիրված է իսլամին եւ աշխատանքում խնդիր է դրվել հնարավորինս վեր հանել խաղողի եւ գինու նկատմամբ քիչ թե շատ ընդհանուր մոտեցումները արաբական աշխարհում, ինչպես նաեւ դրանց գնահատական տալ համաշխարհային մշակույթի կայացման եւ զարգացման համատեքստում:
Գրքի առաջին գլխում գինու համաշխարհային մշակույթի զարգացման համատեքստում ներկայացվում են գինու հոգեւոր եւ նյութական ընկալման խնդիրներն ու մոտեցումները՝ արաբական աշխարհում սկսած վաղնջական ժամանակներից մինչեւ իսլամի ընդունումը: Գինու տեխնոլոգիական մշակույթի տարրերի փոխանցման համատեքստում վերլուծության է ենթարկվել վաղ միջնադարյան արաբական պոեզիան:
Երկրորդ գլխում ներկայացված է իսլամի վերաբերմունքը գինուն, քննվում են սուննի եւ շիա ուղղություններում այդ վերաբերմունքի ընդհանրություններն ու առանձնահատոկությունները, բերվում են իսլամում ոգելից խմիչքի արգելքի պատմաքաղաքական, բարոյահոգեբանական, աստվածաբանական, տեխնոլոգիական եւ կենցաղային տեսական հիմքերը:
Գրքի երրորդ գլուխը նվիրված է միստիկ իսլամի եւ գինու բարդ ու նուրբ փոխհարաբերություններին, մասնավորապես՝ պարսիկ եւ արաբ միջնադարյան որոշ սուֆի պոետների ստեղծագործությունների վերլուծությունների հիման վրա որոնվում են հնարավոր զուգահեռներ գինու հոգեւոր եւ նյութական ընկալումների միջեւ:
Կարդացեք նաև
Հավելենք, որ «Անապատի գինու գույնը» գիրքը հրատարակության է երաշխավորել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհուրդը, գիրքը հրատարակել է «Անտարեսը»: Նշենք նաեւ, որ Ավագ Հարությունյանը հեղինակ է 3 մենագրությունների եւ շուրջ 100 գիտական հոդվածների:
Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ