Tasteatlas.com կայքում, որը ներկայանում է ավելի քան 10 հազար ուտեստ եւ խմիչք ամփոփող համերի հանրագիտարան, «Ադրբեջանական հրուշակեղեն» խորագրի եւ ադրբեջանական դրոշի ներքո ներկայացված է հայկական գաթան, որ վրա հայերեն գրված է Գեղարդ: Հայտնի է, որ նման մակագրությամբ գաթա վաճառվում է հենց Գեղարդում:
Իսկ ընդհանրապես, գաթան հայկական ազգային հրուշակեղեն է, եւ առաջին հիշատակությունը գաթայի վերաբերյալ հանդիպում է Վարդան Այգեկցու «Խոզը և գաթան» առակում, այսինքն` միջնադարում, երբ Ադրբեջան գոյություն չուներ:
Tasteatlas.com-ի՝ գաթայի վերաբերյալ տեքստում, այնուամենայնիվ, մեկ-երկու տողով նշված է, որ գաթա թխվում է նաեւ Հայաստանում, եւ հայկական գաթայի բաղադրատոմսում օգտագործվում է մածուն:
Իբրեւ հայկական ճաշատեսակ այս կայքում ներկայացված է Ղափաման, իսկ տոլման ներկայացված է որպես թուրքական ազգային ուտեստ, բայց նշվում է, որ այն առաջին անգամ պատրաստվել է Խոսրով Երկրորդի արքունիքում՝ 7-րդ դարի սկզբին: Հարիսան եւս հայկական ուտեստ է ներկայացվում, նշվում է, որ այն մատուցվել է Գրիգոր Լուսավորչի կողմից՝ բարեգործական ճաշկերույթների ժամանակ, նաեւ եփվել է Մուսա լեռան դիմադրության ժամանակ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է հայկական լավաշին, Tasteatlas.com-ում նշվում է, որ այն թեեւ համարում են հայկական հաց, սակայն, լավաշը տարածված է Արեւմտյան Ասիայում, նաեւ Կովկասում՝ մասնավորապես Ադրբեջանում, միաժամանակ նշվում է, որ լավաշը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ