Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր պայմաններում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածնումը և գործունեությունը արցախյան հաստատության ինստիտուցիոնալ պահպանման և մշակութային Արցախի ներկայացման հաջող օրինակներից մեկն է

Հունվար 03,2025 10:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը, որը 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության հետ միասին վտարվել է հայրենի հողից, 2024 թ․ նոյեմբերի 15–22-ը Մուրմանսկում մասնակցել է «Արկտիկական բեմ» թատերական փառատոնին, որի արդյունքում արժանացել է երկու մրցանակի՝ մասնագիտական ժյուրիի «Ռուսաց լեզվի պահպանության համար» հատուկ դիպլոմի և այլընտրանքային ժյուրիի «Ռուսաց լեզվի, մշակույթի պահպանության և դրամատիկական ներկայացման միջոցով ակտիվ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման համար» հատուկ դիպլոմի։

Երիտասարդ թատրոնի միջազգային դեբյուտը, որը Ստեփանակերտում 2022 թվականին ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի նախաձեռնությամբ, իրականացել է ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցությամբ։ Հենց այս կազմակերպությունը և իրավագիտության դոկտոր Սամվել Կարախանյանն են հետևողականորեն աջակցել Ստեփանակերտում թատրոնի կայացմանը։ Նաև ԴԻԱԼՈԳ կազմակերպության աջակցության շնորհիվ է, որ արցախյան թատերախումբը այսօր լիարժեքորեն գործում է Երևանում։

Ռուսական Արկտիկայի մայրաքաղաքում՝ Մուրմանսկում, հինգ երկրների 14 թատրոնների շարքում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնը աչքի է ընկել Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների մոտիվներով թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորովայի բեմադրած «Ողջ ձայնով» ներկայացմամբ։

Կարելի է հասկանալ դերասաններ Մարթա Ալթունյանի, Զոյա Սարգսյանի, Ռուդոլֆ Հայրիյանի, Բելլա Պատվականյանի, Էլիզա Կրիկորյանի, Էմմա Օգոլցովայի և Հարություն Անդրեասյանի զգացմունքները և ապրումները բեմում, որոնց համար այս ներկայացումը վերջինը դարձավ Ստեփանակերտում։ Այն ժամանակ, 2023 թվականի հուլիսին, շրջափակված Լեռնային Ղարաբաղում ստեփանակերտյան մտավորականությունը համախմբվել էր այս թատերական ներկայացման շուրջ և ամեն մի բառի մեջ հույս էր փնտրում՝ չկորցնելով հավատը արդարության նկատմամբ։ Այդպես էր թատրոնի ամեն մի բեմելի դեպքում, որոնք արցախյան հողում համընկան հենց այդ դժվար ժամանակաշրջանի հետ։ Դերասանական նույն կազմը այս սրբացած ներկայացմանը նոր իմաստ ու նշանակություն հաղորդեց 2024 թվականի հունվարին արդեն Երևանում, երբ «Ողջ ձայնովը» դարձավ Հայաստանում թատրոնի վերածնունդից հետո առաջին ներկայացումը երևանյան բեմում։

Եվ ահա արդեն արկտիկական բեմ։ Այստեղ նույնպես Ժաննա Կրիկորովայի բեմադրության միջոցով, համադրելով մեկ դար առաջ անարդար երևույթների նկատմամբ Մայակովսկու մոտեցումը և ժամանակակից համանման դրսևորումների վերաբերյալ Արցախի ձայնը, արցախցի դերասանները հերթական անգամ իրենց վերաբերմունքը դրսևորեցին իրենց հայրենի հողի հետ կատարվածի և այսօր մեր շուրջը տեղի ունեցողի նկատմամբ։

Ժյուրիի անդամները, փառատոնի մասնակիցները և Մուրմանսկի բնակիչները, որոնց թվում շատ էին տեղի հայերը, ներկայացումն ընկալեցին հենց թատրոնի պատմության և անցած ոչ հեշտ ճանապարհի միջոցով, որը կարելի է քաղաքացիական սխրանք համարել։

Ներկայացումից հետո Մուրմանսկի Մշակույթի կոմիտեի նախագահ և Ռուսաստանի թատերական գործիչների միության տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Ելենա Կրինժինան ընդգծեց հենց դա՝ սեփական պատմության հաջող ներկայացումը ռուս մեծ բանաստեղծի ստեղծագործությունների միջոցով։ Նա դերասաններին շնորհակալություն հայտնեց հրաշալի խաղի և բեմական խոսքի, իսկ ռեժիսորին՝ ներկայացման դժվար խնդիրների գեղարվեստական ճկուն լուծումների համար։

Փառատոնի կազմկոմիտեի անունից Ելենա Կրինժինան բեմից շնորհակալական խոսքեր հնչեցրեց նաև դահլիճում ներկա գտնվող ԴԻԱԼՈԳ կազմակերպության ղեկավար, Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Յուրի Նավոյանի հասցեին՝ մշակութային ավանդույթների պահպանման, հայ-ռուսական միջմշակութային երկխոսության զարգացման և փառատոնին թատրոնի մասնակցությունը ապահովելու համար։

Իր հերթին, մեկնաբանելով միջազգային փառատոնում երիտասարդ թատրոնի բենեֆիսը, Յուրի Նավոյանը այն բնութագրեց որպես թատրոնի զարգացման օրինաչափ փուլ և նոր չափում հայ-ռուսական հումանիտար համագործակցությունում․ «Դեռևս այս տարվա սկզբին, երբ թատրոնը Երևանում կայանում էր նոր պայմաններում, մեր կողմից իբրև արցախյան վերածնված թատերախմբի հետ համագործակցության ուղղություններից մեկը նախանշվել է հայ-ռուսական երկխոսությունում նրա ակտիվ մասնակցությունը։ Մենք դա բնութագրել ենք իբրև հայ և ռուսաստանյան ժողովուրդների միջև հումանիտար համագործակցությունում նոր չափման ստեղծում՝ արցախյան հարուստ և ինքնատիպ կոլորիտի ներգրավմամբ։ Իսկ Մուրմանսկում հաստատվեց այդ հետաքրքիր և դրական երևույթը»։

Նշենք, որ ԴԻԱԼՈԳ կազմակերպության թիմը, բարեկամները, համախոհները և թատրոնի Հոգաբարձուների խորհրդի անդամները հաստատության ստեղծագործական զարգացման համար անհրաժեշտ պայմաններ են ապահովում դեռևս Ստեփանակերտում գործունեության փուլից։ Երևանում վերածնվելուց հետո թատրոնը աշխատում է մնայուն հիմունքներով, նրան կից ստեղծվել են թատերական արհեստանոց և երիտասարդական ստուդիա, իսկ ներկայացումների ցուցադրության համար վարձակալվում են հանրահայտ թատերական հարթակներ․ «Բոհեմ» թատրոնի, Երևանի Հ․ Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի, Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի բեմերը, «Անի» հյուրանոցի դահլիճը։ Չի կարելի նաև չնշել, որ իրենց մոտ մեկական ներկայացում են ընդունել «Դոմ Մոսկվի» և «Դոմ Ա» կենտրոնները, իսկ 2023 թ․ հոկտեմբեր ամսվա ընթացքում թատրոնը փորձեր է արել Երևանի «Ռուսական տանը»։

Ըստ Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի Հոգաբարձուների խորհրդի, առաջիկայում հանդիսատեսին սպասում են հետաքրքիր իրադարձություններ հիմնական թատերախմբի, երիտասարդական ստուդիայի արտիստների մասնակցությամբ, ինչպես նաև խառը կազմերով՝ թատրոնի գեղարվեստական ղեկավարի և հրավիրված ռեժիսորների բեմադրություններով։ Թատրոնի բազմաժանր խաղացանկը կհարստանա նաև հայ դրամատուրգների պիեսներով։

Ընդհանրապես, նոր պայմաններում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածնումը և գործունեությունը արցախյան հաստատության ինստիտուցիոնալ պահպանման և մշակութային Արցախի ներկայացման հաջող օրինակներից մեկն է հանդիսանում։

 

«Նոև կովչեգ» ամսաթերթ, համար 1, 2025 թ․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031