Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության և Եկեղեցու գործընկերային հարաբերությունները անձնական շահեր չեն կարող սպասարկել, այն բխում է միայն ու միայն Հայաստանի պետական ու ազգային շահերից

Հունվար 03,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

2024 թվականի սեպտեմբերի 28-29-ին տեղի ունեցած Սրբալույս Մյուռոնի օրհնությանն ու Մայր Տաճարի վերաօծման հոգեզմայլ արարողություններին իշխանությունների մասնակցությունը փոքրիկ հույս էր ներշնչել, որ Եկեղեցի -Պետություն հարաբերություններում դրական շարժ կարող է տեղի ունենալ, սակայն այդ հարաբերություններին առնչվող հետագա ընթացքը չի արդարացնում նման հույսերը՝ ներկա իշխանությունների որդեգրած հետևողական, կամա թե ակամա, հակաեկեղեցական մտածելակերպի ու գործելաոճի պատճառով։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Վեհափառ Հայրապետի ամանորյա ուղերձի հանրային հեռուստաընկերությամբ չհեռարձակվելու խնդրին, որը անցած տարի նույնպես առկա էր։ Այս տարի բարի կամք դրսևորելու դեպքում ՀՀ վարչապետի համար բնավ դժվար չէր լինի բացատրել հայ հանրությանը թե ինչու անցած տարի որոշեց, որ Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը ավանդական ժամին չի հեռարձակվի, իսկ այս տարի որոշեց, որ կհեռարձակվի՝ հարգելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի արդարացի դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ։ Բայց նա դա չարեց։ Ինչո՞ւ։

Խոզ խանձելու իջևանյան «սրբազան» ավանդությունը հարգող ՀՀ վարչապետը, ամանորյա ուղերձների ավանդական ժամանակացույցը չպահպանելու համար ի շարս քաղաքական պատճառների, որոնց մասին խոսելն այս պահին նպատակահարմար չէ, կարծում եմ, ուներ նաև երկու այլ պատճառ․ նախ այն, որ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա խորիմաստ ուղերձից հետո վարչապետի ուղերձի դատարկությունը ավելի ցայտուն կարտահայտվեր, իսկ դա կարող էր բացասաբար անդրադառնալ առանց այդ էլ Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության օրեցօր նվազող վարկանիշի վրա։

Երկրորդ պատճառը ամենայն հավանականությամբ այն է, որ ինքնաոչնչացման գնացող ՔՊ կուսակցությունը այդպիսով փորձում է հավասարության նշան դնել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և կրոնական փոքրամասնությունների միջև՝ հաճոյանալով Հայաստանում ու սփյուռքում գործող բացահայտ ու ծպտյալ հակաեկեղեցական տարրերին, որոնք հանդես են գալիս սոցցանցերում ու տարբեր եթերներում։ Այդպիսով ՔՊ կուսակցությունը դատարկ հույս է փայփայում նաև, որ նրանց աջակցությունը կստանա գալիք արտահերթ կամ հերթական ընտրություններում։

Գենադի Մնացականյան

Իհարկե, ենթադրություններ կարելի է անել տարբեր դիտանկյուններից նայելով։ Օրինակ՝ եթե այդ փաստը փորձի վերլուծել մեկը, ով ինչ-ինչ պատճառներով կողմնակից է Եկեղեցի-Պետություն հարաբերությունների էլ ավելի վատթարացմանը, ապա նա անպայման կգտնի այն հիմնավորումները, որոնք առաջին հայացքից կթվան համոզիչ և կարծիք կստեղծվի, որ Եկեղեցի-Պետություն հարաբերությունները դրանով ավելի լարվեցին։

Սակայն, եթե նույն իրադարձությունը փորձի վերլուծել մարդ, ով հետաքրքրված է Եկեղեցի-Պետություն հարաբերությունների կարգավորմամբ, ապա հենց նշած իրադարձության ֆոնին էլ նա կարող է ներկայացնել հիմնավորումներ, որոնք կապացուցեն, որ ամեն ինչ նորմալ է և Եկեղեցի-Պետություն հարաբերությունները այդ փաստով չի վտանգվում։

Ո՛չ առաջին և ո՛չ էլ երկրորդ տեսակետը պնդելու հավակնություն չունեմ, սակայն ունեմ մի հստակ գիտակցում և համոզում, որ հայրենի իշխանությունները, ի հեճուկս արհեստականորեն ստեղծված ամենաանբարենպաստ պայմանների, պետք է իմաստություն ունենա, քարը փեշից թափի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ հաշտության ու համագործակցության եզրեր գտնի, այլ ոչ թե անխոհեմ քայլերով ավելորդ լարվածություն առաջացնի։

Պետության և Եկեղեցու գործընկերային հարաբերությունները անձնական շահեր չեն կարող սպասարկել, այն բխում է միայն ու միայն Հայաստանի պետական ու ազգային շահերից։ Վստահ եմ, որ այդ գիտակցումը կա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունում ու Ազգային Ժողովում նույնպես խորթ չէ այս սկզբունքը։

Գենադի ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031