Երբեմն ես կարդում եմ, թե տեսեք՝ Գագիկ Բեգլարյանին ազատեցին աշխատանքից՝ մարդուն վիրավորելու կամ գուցե ապտակելու համար, իսկ Տիգրան Ավինյանին՝ հոր անկեղծ, բայց ամբարտավան բառերի համար չեն ազատում: Դեպքերը անհամեմատելի են: Բեգլարյանի հարձակման զոհը շարքային քաղաքացի չէր, այդ մարդը նախագահական նստավայրի, այսպես ասած, «կամերդիներներից» մեկն էր: (Ի հակադրություն դրա’ ենթադրյալ «Օպել քշողը» միանգամայն շարքային է):
Այդ համեմատությունն ինձ դրդեց հիշել, թե ինչ է «պրոտոկոլը»: Ցանկացած պետությունում «բարձր գերատեսչություններում» գոյություն ունի, այսպես կոչված, արարողակարգի ծառայություն: Այնտեղ աշխատող «կամերդիներները» խստորեն հետեւում են, թե ով ում կողքին պետք է կանգնի կամ նստի, ով ում պետք է փոխաբերական իմաստով «չեստ տա» եւ որ անկյան տակ մեջքը ծռի:
Հասկանում եմ, որ նման «պրոտոկոլներ» ունենալը պետական անհրաժեշտություն է: Պարզապես կան մարդիկ, որոնց արյան մեջ առկա է այդ «պրոտոկոլիզմը», եւ կան այնպիսի մարդիկ, որոնց մոտ այդ «բյուզանդական ծիսակարգերը» ալերգիա են առաջացնում, եւ այդ մարդիկ, բնականաբար, չեն կարող աշխատել պետական-բյուրոկրատական համակարգում: Կա նաեւ միջանկյալ տարբերակ. մարդիկ, որոնք «աշխարհիկ կյանքում» առաջին հայացքից ամենեւին «պրոտոկոլիստ» չէին, ընկնելով արարողակարգային միջավայր, իրենց զգում են ինչպես ձուկը ջրում եւ մեծ խանդավառությամբ հետեւում են բոլոր ծեսերին:
Բայց կան գործողություններ, որոնք տարեցտարի, տասնամյակներով կրկնվում են եւ աստիճանաբար ձեռք են բերում արդեն իսկ ծիսակարգային կարգավիճակ: Օրինակ, հենց որ իշխանություն է փոխվում, բարձրագույն իշխանավորների կաբինետների մոտ խոշոր գործարարները (կան օլիգարխները կամ «հաջողակ տղամարդիկ»` ինչպես ուզում եք, անվանեք) հերթ են կանգնում՝ օճառը ձեռքին: Ժամանակն է դրա մասին նույնպես «պրոտոկոլ» գրել: Որովհետեւ հաջորդ իշխանափոխությունից հետո նույնն է լինելու:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Քանի դեռ մենք չունենք ազգային ընտրանի (էլիտա), որը պետք է հրապարակային համառ պայքար մղեր և խայտառակեր իշխանավորների դռանը օճառը ձեռքին հերթ կանգնող գործարարներին և օլիգարխներին, ապա հասարակությունն իր անկեղծ զզվանքը դեռևս չի արտահայտի այդ արատավոր երևույթի նկատմամբ և այդ նողկալի վարքագիծը կշարունակվի հոսել իր ընթացքով։ Մեր գրողները, մշակութային գործիչները,, գիտնականները, դասախոսները կարծես սսկվել են ու մտել իրենց պատյանների մեջ ու ոչ մի պախարակող ելույթ չեն ունենում սրա վերաբերյալ, որի արդյունքում այս ամենը հասարակության կողմից դիտվում է որպես իրավիճակային ըմբռնելի վարքագիծ։