ԱՄՆ-ն, ԵՄ իշխանությունները և Կիևի ռեժիմն են պատասխանատու Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դադարեցնելու համար. այս մասին, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանության մեջ։
«Մենք ցանկանում ենք ընդգծել, որ Կիևի իշխանությունները որոշել են դադարեցնել Ռուսաստանից բնական գազի մատակարարումը եվրոպական երկրների բնակիչներին, չնայած «Գազպրոմը» կատարում է իր պայմանագրային պարտավորությունները», – նշել է Զախարովան, հավելելով՝ ռուսական գազի մատակարարումների դադարեցման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են ԱՄՆ-ն, Կիևի «խամաճիկ ռեժիմը», ինչպես նաև եվրոպական պետությունների իշխանությունները, որոնք զոհաբերեցին իրենց քաղաքացիների բարեկեցությունը:
Մարիա Զախարովան շեշտել է, որ Ռուսաստանի Դաշնությունից գազի մատակարարումների դադարեցումը բացասաբար կանդրադառնա եվրոպացիների կյանքի վրա։ Նրա խոսքով՝ «Ռուսական մրցունակ և էկոլոգիապես մաքուր էներգակիրի մատակարարումների դադարեցումը ոչ միայն թուլացնում է Եվրոպայի տնտեսական ներուժը, այլև շատ բացասական ազդեցություն է ունենում եվրոպացի քաղաքացիների կենսամակարդակի վրա: Հին աշխարհի էներգետիկ շուկայի ձևափոխման գլխավոր շահառուն, և նաև ուկրաինական ճգնաժամի գլխավոր հովանավորը ԱՄՆ-ն է»:
Հիշեցնենք՝ 2025 թվականի հունվարի 1-ին լրացել է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը, որը նախատեսում էր արտահանում տարեկան 40 միլիարդ մետր խորանարդ ծավալով:
Կարդացեք նաև
Սակայն պայմանագրի երկարաձգումից Ուկրաինայի հրաժարումը «Գազպրոմին» զրկեց այս ճանապարհով վառելիք մատակարարելու տեխնիկական և իրավական հնարավորությունից, և, հետևաբար, մատակարարումները դադարեցվեցին հունվարի 1-ի առավոտյան:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցման նոր պայմանագիր չի լինի, քանի որ Ամանորից մի քանի օր առաջ հնարավոր չի լինի վերանայել համաձայնագիրը։ Կիևը նույնպես հայտարարեց ռուսական գազի տեղափոխումը դադարեցնելու մտադրության մասին։
Միևնույն ժամանակ, Ուկրաինան պատրաստ է Եվրահանձնաժողովի խնդրանքով վերսկսել մատակարարումներն իր գազատրանսպորտային համակարգով, եթե դա ռուսական գազ չէ, և ՌԴ նախագահը թույլ է տվել մատակարարման պայմանագրեր կնքել երրորդ կողմերի՝ թուրքական, հունգարական, Սլովակիայի և ադրբեջանական ընկերությունների միջոցով:
ՏԱՍՍ–ի հետ զրույցում փորձագետները նշել են, որ այս դեպքում ամենախելամիտ սխեման Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի սահմանին գազի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումը կլինի:
Այսպիսով, գազը կանցնի նոր սեփականատիրոջը, և դա այլևս չի լինի ուկրաինական տարածքով մղվող ռուսական հումքը։ Իսկ գազի բուն մղումը տեղի կունենա աճուրդների շրջանակում, որին կմասնակցեն եվրոպական ընկերությունները։