ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ԱՄԱՆՈՐԻ ՊԱՏԳԱՄԸ
ՏԱՐԻՆ ՄԵՌԱ՞Ւ…
Ինչպէ՞ս բաժանւել այս մտերիմից՝ անցնող տարուց: Իր հոգին աւանդող հարազատի մահւան սնարի մօտ կանգնած անձը անկարելի է համարում հրաժեշտ տալ նրան, լացը համարելով ընդհանրական, բոլորի կողմից ընդունւած միջոց, հանրութեան դիմաց իրեն արդարացնող, եւ ներքնապէս՝ մխիթարող:
Դեկտեմբերի 31-ն է, եւ ստիպողաբար բաժանւելու ենք ժամանակաւորապէս մեր սիրած «անձից», մեր ամենօրեայ «ընկերից», մեր ամենամտերիմ «հարազատից», որը 365 օրերի ընթացքում մնայուն ներկայութիւն էր մեզ մօտ, օրական 24 ժամ, հարազատի մտերմութեամբ, կա՛մ պատից կախւած վիճակում, կա՛մ սեղանի վրայ դրւած, եւ կա՛մ ժամացուցային պաստառի վրայ՝ արդիական ցոլարձակմամբ:
Օրացոյցը, որը տարւայ «անցագիրն» է, ի պահ է դրւելու պատմութեան արխիւի դարաններում, մահացողի անձնաթղթի նման վերացւելով աշխատանքային առօրեայից:
Տարւայ ամենօրեայ «ճանապահորդութիւններիդ» ընթացքում մեծ խնամքով ես դարձրել օրացոյցի իւրաքանչիւր էջը, մտերմացել իրար յաջորդող թւականների հետ, կարդացել ես էջի ցածում տպագրւած իմաստուն մի խօսք, ծանօթացել ես սիրուն տառատեսակների, բայց հիմա… աղբամանի կողմն ես շպրտում դրան, տարեսկզբի մաքրութիւն անելով քո սենեակում, եւ յարդարում քո գրասեղանը:
Դժբա՞խտաբար, թէ՞ բարեբախտաբար՝ չգիտենք, որ տարեվերջի եւ տարեսկըզբի վերոյիշեալ արարքը, մեր ազգի, հայրենիքի եւ անձնական մօտակայքում տեղ գրաւած վատ բնաւորութեամբ ազգերի եւ մարդկանց մեզանից հեռացումը անկարելիութիւնն է համարւում. այսինքն՝ դժւարութիւն ունենք դրանք եւս շպրտել մեր շրջապատից: Վա՞խը, քաղաքականութի՞ւնը, ապագայի յոյսե՞րը, թէ՞ քրիստոնէական ներողամտութեան ոգու հետ առնչւած այլ խնդիրներ, չենք իմանում, թոյլ չեն տալիս մեզ արագ շարժւել եւ այս գծով շուտափոյթ որոշումներ կայացնել:
Հոգեպէս տնանկ, նիւթապէս սնանկ, մտաւոր կազմաւորմամբ անկար, բանիմացի շրջազգեստը իրենց ուսերին գցած, սփիւռքում եւ հայրենիքում ազգը կառավարելու հանգամանքը բարձր պատւի վերածած անձնաւորութիւններ, ներկայ ժամանակներում ինքնախաբէութիւնից բացի, համայնական կեանքն են խաբում, ու խփում դրա ներկայի եւ ապագայի հիմնասիւներին:
Օրացոյցի վերջին էջը եւս պոկւեց, հասնելով խաւաքարտին… բայց տարին չաւարտւեց…, որովհետեւ կեանքը իր շարունակութիւնը մէկ անգամ եւս հաստատեց, տան յարկի տակ ուշադրութեան առարկայ դարձնելով թիւ «1» թւանշանը: Այո՛, թւանշանը վերանորոգում է ինք իրեն, սակայն դրան բոլոր նայողները սոսկ թիւը չեն տեսնում, այլ կեանքի շարունակականութեան նոր խայծով են տոգորւում: Մեզանից իւրաքանչիւրի աստւածատուր շունչը, մարդկային կեանքում ունեցած շնորհքը վերանորոգւում է մեր թոքերում, եւ նոր յոյսով ենք նայում ապագային:
Տարւայ ամբողջ ժամանակահատւածը եթէ սկզբից հաշւենք, 1-ից մինչեւ 365րդ օրը հաւանաբար տեղի ունենալու տխուր դէպքերի սպասումները, կարող են վախազդու լինել մեզ համար: Սակայն, կեանքի բնականոն ընթացքի հետ հաշտըւելու իմաստութիւնը առիթ է, որ ընդունելի համարենք օրերի սահանքը, առօրեայ դէպքերի համար քաջաբար պատրաստ լինելով:
Մարդիկ տարբերւում են իրարից, Աստծուն ընդունելու եւ Նրա ամենազօր կարողութեան հաւատալու տարբեր չափի բարձրութիւն ունեցող սանդխամատների հաւատքով: Ո՞վ կարող է չափել Աստծու զօրութիւնը, եթէ ոչ խորապէս Նրա զօրութեան հաւատացող մարդը: Միայն անհաւատները չեն, որ անտարբերութեամբ կամ կասկածանքով են մօտենում Աստծու ոյժին. այլեւ՝ իրենց կեանքում յաջողութեան հասնելու վառ ակնկալիքի մէջ գտնւող անձինք: Սրանք տեսնելով Աստծուց սպասւած լուծումների «ուշացումը», հաւատքի թուլութեան բացայայտ կեցւածքներու նշաններ են ցոյց տալիս հանրութեան շրջապատում: Նրանք միաժամանակ յուսահատութեան դիմակ են հագնւում, ծածկելով իրենց կասկածանքի դէմքերը, որպէսզի մարդկութեան ամենամեծ հարստութիւնը՝ յոյսը հեռացնեն ընդհանուր միջավայրից:
Աստծու վերոյիշեալ «ուշացումը», յաճախ մեր մէջ մահացած մի շարք կարեւոր զգացմունքների վերակենդանացմանը առիթ է ընծայում: Նա իմանում է այն թոյլ կէտերը, որոնց սրբագրման անհրաժեշտութեանը առջեւ ենք կանգնում յաճախ: Ուստի, հաւատքի թուլացումը, եւ կամ յուսահատութեան երեւոյթի յայտնութիւնը մեր կեանքում, թերի երեսներ են, մեր ինքնութեան տկարութիւնը բացայայտող:
Չկա՞ն մեզ օգնողներ այս կեանքում: Աստծու հովանաւորութեամբ գործող եւ Նրա օժանակութեամբ կարիքաւորներին հասնողները անհամար են, որոնք ամէն րոպէ իսկ պատրաստ են իրենց ներդրումը կատարել նեղութեան շրջանակում յայտնւած մարդկանց: Նրանցից շատերը լռութեան շուրջառով են ծածկում իրենց գլուխը, եւ երբեք իրենց անունը չեն ուզում հրապարակել հանրութեան օրատետրում, իրականացւած բարիքի աստւածահաճոյ վարկը, դրա արժէքից չպակասեցնելու համար: Նրանք, ուրիշներին նիւթական ողորմութիւն տալը սովորական օժանդակութիւն են համարում, որը ըստ նրանց, աւելի նւազ արժէք ունի, քան այն հոգածու սէրը, որով կարող են նորից կեանքի հրաւիրել յուսահատւած մարդկանց սիրտը: Ուրիշին նոր կեանք պարգեւելու այս շնորհքը երկնատուր է, յատկապէս այն անձերին, ովքեր իմանում են տնանկի ու սնանկի կարգավիճակում յայտնւած մարդկանց փրկելու միջոցները:
Տարեվերջի ու տարեսկզբի օղակաւորման պահը շատերի համար աղօթքի, մոմավառութեան, ինչպէս նաեւ նւէրների մատուցմամբ բարեմաղթանքներ փոխանակելու պահ է ընդհանրապէս: Վերոյիշեալներից շա՜տ աւելի արժէքաւոր է նաեւ կարիքաւորներին հոգածու լինելը, վերականգնելու համար նրանց կոտրած սիրտը, փլւած հոգին, լուսաւորելու համար տանջանքի հորի մէջ մթագնած միտքը, եւ այն բոլոր իրավիճակները, որոնք յուսահատութեան են առաջնորդել հոգեպէս վիրաւոր անձերին: Հանդիպել ենք նման կացութիւններում յայտնւած մարդկանց, որոնք «յանցաւոր» են համարել Աստծուն, որ յուսահատական օրերի մէջ է գցել իրենց: Դա արդէն ապերախութիւն է Արարչի նկատմամբ, եւ նման անձեր արժանի իսկ չեն ուրիշների ընծայաբերած օժանդակութեան: Ընդհակառակը, նրանք պիտի աղօթեն ո՛չ միայն իրենց ամենադժւարին պահւան մէջ օժանդակութիւն ստանալու համար, այլեւ յետոյ՝ օժանդակութիւնը մատուցողների համար: Աստծու անւան շուրջը մեղադրանք հիւսելը, տգիտութեան արդիւնք, եւ աններելի մեղք է:
Պատմութեան տարբեր դարաշրջաններից սկսեալ մինչեւ մեր օրերը, աշխարհում տիրող պատերազմական վիճակների պատասխանատուն Աստւա՞ծ է միթէ…: Նման յանցագործութիւն Աստծու ուսին դնելը եւս աններելի մեղք է, որովհետեւ սիրոյ Աղբիւր եղողին պատերազմի յանցապարտ հռչակելը, մեծ պատժի ենթարկւելու յանցանք է: Պատերազմի շարքում է նաեւ ինքնասպանութեան երեւոյթը, որը հոգեպէս անկեալ, ու մտապէս խանգարւած մարդկանց իրականացրած մեղքն է: Աստւած ի՞նչ սխալ է գործել, որ մարդ էակի թիւրիմացութեան պատճառով «յանցաւոր» համարւի: Ինչքա՜ն «մեղայ» պիտի ասել, նման մեղքի մտածման համար իսկ:
Տարւայ օրերը իրար են յաջորդում արագավազ: Մարդկային ուղեղում վերիվայրող մտքերը, հաւաքական կեանքում տապալւող բարեկրօն անձերը, ինչպէս նաեւ աշխարհի անապահով դրութիւնը, օրից օր նոր իրավիճակների հարթակներ է փռում կեանքի մրցադաշտում, պայքարի նոր դռներ բացելով նոյնիսկ բարիների առջեւ:
Երկնատուր պատգամը այն է, որ Բարին յաղթանակելու է միշտ: Իւրաքանչիւր տարի մեռնելու է, սակայն գերեզմանաքար եւս չի՛ ունենալու, որովհետեւ խեղդւելու է պատմութեան անյատակ ովկիանոսում:
Այո՛, 2024 տարին մեռա՜ւ, բայց մենք վերապրեցինք մեր իրագործումներո՛վ, ու շարունակելու ենք ապրել եւ արարել այս նոր՝ 2025 տարում:
ՇՆՈՐՀԱՒՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ ԵՒ ԲԱՐԻ ԿԱՂԱՆԴ
Աղօթաձայն օրհնութեամբ՝
ԳՐԻԳՈՐ ԱՐՔ. ՉԻՖԹՃԵԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴ ԱՏՐՊԱՏԱԿԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ
Նոր տարի՝ 2025,
Ազգային Առաջնորդարան, Թաւրիզ