«Ամերիկայի ձայն». Լաս Վեգասի Trump International հյուրանոցի մոտ Tesla Cybertruck-ի պայթյունի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել, 7-ը՝ վիրավորվել։
ԱՄՆ իրավապահները հետաքննում են, թե արդյոք Նոր Օռլեանում հետիոտների վրա բեռնատարի հարձակումը և Լաս Վեգասի Trump International հյուրանոցի մոտ տեղի ունեցած Tesla Cybertruck-ի պայթյունը կապված են միմյանց հետ, չորեքշաբթի ասել է նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ իրավապահները ներկայումս որևէ ապացույց չունեն կապը հաստատելու համար:
Նախագահն ասել է, որ իշխանությունները հետաքննում են Tesla էլեկտրական բեռնատարի պայթյունը, մասնավորապես՝ փորձելով պարզել, թե «հնարավոր է, արդյոք, որ այն կապ ունենա Նոր Օռլեանում տեղի ունեցած հարձակման հետ», – ասաց նա լրագրողների հետ զրույցում Վաշինգտոնի մոտ գտնվող իր Քեմփ Դեյվիդի նստավայրում՝ հավելելով. «Այս պահին ավելացնելու ոչինչ չունեմ այս հարցում»:
Ջո Բայդենը նաև ասել է, որ «Նոր Օռլեանում հարձակումից մի քանի ժամ առաջ կասկածյալը սոցիալական ցանցերում տեսանյութեր է հրապարակել՝ պնդելով, որ ոգեշնչված է «Իսլամական պետությունից»:
Կարդացեք նաև
Տեսանյութերը նաև ցույց են տալիս «սպանելու ցանկությունը», – հավելել է նախագահը՝ ասելով, որ տեղեկությունը ստացել է ՀԴԲ-ից:
Չորեքշաբթի կեսօրին Լաս Վեգասում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող հյուրանոցի մոտ պայթեցվել է էլեկտրական Tesla Cybertruck, որի հետևանքով առնվազն մեկ մարդ զոհվել և 7-ը վիրավորվել է:
Լաս Վեգասի շերիֆ Քևին Մաքմահիլը լրագրողներին ասել է, որ էլեկտրական մեքենան մոտեցել է Trump International հյուրանոցի ապակե մուտքին, որից հետո տեղի է ունեցել «մեծ պայթյուն»։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է բեռնատարը կայանված հյուրանոցից դուրս և այնուհետև բռնկվում, որին հաջորդում են հրավառության նման փոքր պայթյուններ:
Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը հայտարարել է, որ պայթյունը «տեղի է ունեցել շատ մեծ հրավառության և/կամ ռումբի հետևանքով, որը գտնվել է վարձակալված Cybertruck-ի հետևի մասում»՝ հավելելով X-ի իր գրառման մեջ, որ այն «կապված չէ բուն մեքենայի հետ»:
Ոստիկանությունը հայտնել է, որ դեռևս աշխատում է պայթյունի պատճառները պարզելու ուղղությամբ: Ամերիկյան լրատվամիջոցները, այդ թվում NBC-ն և CBS-ը, նշում են, որ իշխանությունները դա դիտարկում են որպես հնարավոր ահաբեկչություն՝ վկայակոչելով անանուն աղբյուրները: