Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործող իշխանությունը ինչո՞ւ է խռովում Լուկաշենկոյից, իսկ Էրդողանից նեղանալ չի համարձակվում». Էդմոն Մարուքյանը հարցեր է ուղղում Հայաստանի իշխանությանը

Հունվար 01,2025 16:24

Վարչապետի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը դեկտեմբերի 30-ին Youtube-յան էջում անդրադարձել է ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած լեզվակռվին:

«2025 թվականին ԵԱՏՄ-ում նախագահելու է Բելառուսի Հանրապետությունը: Ուզում եմ միասին շատ կարճ, սթափ անցնել վերջին իրադարձության վրայով, տեսնել, թե Հայաստանի վարչապետի եւ Բելառուսի նախագահի միջեւ ինչո՞ւ տեղի ունեցավ այդ լեզվակռիվը: Մամուլում հիմնականում լուսաբանվել է, որ մենք հերոսաբար տեղը դրեցինք Բելառուսի նախագահին: Իրականում ի՞նչ է տեղի ունենում:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները հայտարարել են, որ Բելառուս այցելություն չի լինելու ո՛չ վարչապետի մասնակցությամբ, ո՛չ էլ որեւէ պատվիրակության: Նաեւ մեր դեսպանը Բելառուսից հետ է կանչվել: Ինչի՞ համար է դա տեղի ունեցել: Որովհետեւ վերջին շրջանում պարզվել է, որ Բելառուսը աջակցել է եւ զենք է վաճառել Ադրբեջանին: Զենք Ադրբեջանին շատ երկրներ են վաճառել, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնությունը: Բայց մեր ուժը չի պատում այլ երկրների բան ասել ու դա ասում ենք Բելառուսին: Եվ դրանով, ըստ էության, փորձում ենք լսել տալ ՌԴ-ին, թե տեսեք, որ մենք դժգոհ ենք, որ դուք Ադրբեջանին օգնել եք Լեռնային Ղարաբաղի դեմ հրահրված պատերազմի ժամանակ:

Միեւնույն ժամանակ շարունակում ենք մնալ ՀԱՊԿ-ի անդամ, որտեղ Բելառուսը անդամ պետություն է: Շարունակում ենք մնալ ԵԱՏՄ անդամ, որը Բելառուսը 2025 թվականին պետք է նախագահի: Բազմաթիվ հարցեր պետք է քննարկվեն նախագահողի նախաձեռնությամբ եւ այդ պետությունը լուրջ դերակատար է լինելու: Ու ասում ենք, որ չենք գալու Բելառուս՝ որեւէ հանդիպման: Պատճառն էլ այն է, որ Բելառուսը պրոադրբեջանական դիրքորոշում է ունեցել եւ զենք է վաճառել: Շատ լավ: Նայենք, թե այս սկզբունքը Հայաստանը կիրառո՞ւմ է այլ երկրների նկատմամբ, թե՞ ոչ: Բելառուսի նկատմամբ ունենք գործընկերային՝ աշխատանքային, հարաբերություններ. մեր ռազմավարական դաշնակիցը չի, ուղղակի գործընկեր պետություն է:

Եթե տեղի ունեցածը դիտարկում ենք այն համատեքստում, թե ինչպես ենք մենք մեզ պահում Թուրքիայի, այդ երկրի նախագահ Էրդողանի հետ շփվելու, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ քննարկումների առումով, այստեղ մեզ փորձում ենք պահել պատշաճ, կոռեկտ, սիրալիր:

Իսկ ի՞նչ է արել Թուրքիան: Ինչ հնարավորություններ ունի, օգնել է Ադրբեջանին: Ես կասեի նաեւ՝ թուրք-ադրբեջանական բանակն է մտել, Լեռնային Ղարաբաղը գրավել դեռեւս 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի ժամանակ: Բոլոր ագրեսիաների ժամանակ Թուրքիան ունեցել է առանցքային, ֆունդամենտալ, կարեւորագույն դերակատարում: Այդ թվում զենք է վաճառել: Բոլորս գիտենք, որ ադրբեջանական բանակն, ըստ էության, փորձագիտական, խորհրդատվական եւ բոլոր առումներով ղեկավարվում, առաջնորդվում է թուրքական բանակի կողմից: Բայրաքթարներ կիրառվել են թուրքական բանակի կողմից: Եվ չմոռանանք այն շքերթը, որը տեղի է ունեցել Բաքվում հաղթանակի առիթով՝ Էրդողանի մասնակցությամբ: Նա կանգնած էր Ալիեւի կողքին եւ ասում էր, թե հիմա Թալեաթ փաշայի հոգին փառավորվում է: Նաեւ Թուրքիայի նախագահի բազմաթիվ հաշտարարությունները կան, որ ասում է՝ ինչպես Ղարաբաղ մտան, վերցրեցին, այնպես էլ ոտնձգություններ կանեն, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ: Բայց Հայաստանը նույն սկզբունքով, նույն պահվածքով տղավարի Թուրքիային տեղը դնելու դուխ չունի: Ինչո՞ւ, որովհետեւ ուզում է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել:

Բայց հարց է առաջանում. Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով, ուզում ենք եղած, կարգավորված հարաբերությունները Բելառուսի հետ խզե՞լ: Բելառուսի հետ հարաբերությունները խզելով նաեւ ռուսների՞ հետ խզել:

Եվ մյուս հանգամանքը: Պատճառը ո՞րն է, որ մենք Լուկաշենկոյից նեղանում ենք: Լուկաշենկոն գնում է Շուշի ու Հայաստանում ամբողջ մամուլը քննարկում է դա, այլանդակ հայտարարություններ, թե վա՜յ, Լուկաշենկոն գնացել է Շուշի: Կներեք: Լուկաշենկոն Շուշի ե՞րբ է գնացել: Այն բանից հետո, երբ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Մինչեւ այդ Լուկաշենկոն չի գնացել, չէ՞, Շուշի:

Լուկաշենկոն ժողովրդավար լիդեր չի, դրանով աչքի չի ընկել: Նույնը՝ Էրդողանը: Բայց ո՞նց ենք մենք վերաբերվում Լուկաշենկոյին եւ Էրդողանին: Բառիս բուն իմաստով այս թատրոնի պատճառը ո՞րն է, որը հարվածում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան, անկախ շահերին: Ուղղակի ձեւականություն, փիառ լոլոներ՝ ոտքի վրա էժան վաճառքի համար:

Ուրիշ բան ասեմ: Բա Հայաստանը գնացել, ճանաչել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում: Մինչեւ այդ ճանաչումը Լուկաշենկոն հայտնի էր նրանով, որ անդադար ասել է, նաեւ Սերժ Սարգսյանին, ու ձայնագրությունը կա, որ գնացեք, խաղաղության պլանն իրականացրեք Ադրբեջանի հետ, որի արդյունքում Ղարաբաղը մնալու էր հայկական: Դա նույն Լուկաշենկոն է: Էրդողանը, ի տարբերություն Լուկաշենկոյի, երբեք չի ասել՝ գնացեք, խաղաղության պլանն իրականացրեք Ադրբեջանի հետ: Միշտ ասել է, թե գալու ենք, ձեզ կոտորենք, վերցնենք ամեն ինչ: Եվ այդպես էլ եղել է:

Զուգահեռներ ենք անցկացնում Լուկաշենկոյի եւ Էրդողանի միջեւ: Պատճառը ո՞րն է, որ մենք նման ձեւով ենք մեզ պահում: Ի՞նչ ենք ուզում դրանով ասել: Չստացվի, թե ես Լուկաշենկոյին եմ պաշտպանում կամ Էրդողանին եմ փնովում: Այս եթերով ուզում եմ ցույց տալ, որ մեզ փորձում են դնել հիմարի տեղ: Ու հիմարացած, չենք կարողանում թացը չորից տարբերել, հասկանալ, թե ի վերջո ինչ է կատարվում մեզ հետ:

Հիմա հարց. որ Հայաստանը այսպես բոյկոտում է, ասում, որ չի գնա ԵԱՏՄ համապատասխան ժողովներին, ասում է «ծելեվիզրով մենք կմասնակցենք», սա ի՞նչ պահվածք է: Ցանկացած տեղից, որ Հայաստանը հրաժարվում է գնալ, դա փախուստ է իր ժողովրդի շահերը ներկայացնելուց: Որեւէ լիդեր, որ ընտրվում է ժողովրդին ներկայացնելու եւ փախչում է ժողովրդին ներկայացնելուց՝ ցանկացած ձեւակերպմամբ, դա արժանապատիվ առաջնորդության մասի՞ն է: Բացարձակապես ոչ եւ կապ չունի մեր պետության շահերը պաշտպանելու հետ:

Ուշադիր լսեք: Լուկաշենկոն, Էրդողանը, Պուտինը, Ալիեւը եւ այս տարածաշրջանը գործում է թաղային տրամաբանությամբ եւ այդ տրամաբանությամբ ապրող մարդիկ են: Եվ երբ քեզ դնում ես այդ տրամաբանությունից դուրս, դու ես կորցնողը լինելու, քո ժողովուրդը, պետությունը, դուք, մենք: Ես մեծագույն ափսոսանքով եմ ասում, որ մենք մեզ համար ունենք առաջնորդներ, որոնք խուսափում են մեր շահերը պաշտպանելուց, մեզ ներկայացնելուց:

Այսինքն, Լուկաշենկոն օգնել է Ալիեւին ու դրա համար մենք իր հետ չենք խոսո՞ւմ: Դե, հիմա ուշադիր լսեք: Էլ ո՞վ է օգնել Ալիեւին: Օրինակ, մենք Ալիեւին օգնո՞ւմ ենք, որ մեր բանտարկյալների իրավունքների վերաբերյալ հարցերը չենք բարձրացնում, ծպտուն չենք հանում: Ես կարծում եմ, որ Հայաստանը դրանով Ալիեւին օգնում է: Որ Հայաստանը չի բարձրացնում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցերը, դրանով օգնո՞ւմ է Ալիեւին: Ես կարծում եմ՝ օգնում է: Որ Հայաստանը չի բարձրացնում նոյեմբերի 9-ի փաստաթղթի կետերի իրականացման հարցը, դրանով օգնո՞ւմ է Ալիեւին: Վստահ եմ, կասկած չունեմ՝ օգնում է:

Հայաստան ասելով՝ նկատի ունեմ իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը, ԱԳՆ-ն, բոլորը: Ո՞վ է Ալիեւին ավելի շատ օգնում. Լուկաշենկո՞ն, թե՞ դուք: Ինքներդ ձեզ բոյկոտեք, ինքներդ ձեզ հետ «տելեվիզրով» խոսացեք, որովհետեւ դուք եք հիմա ամենաշատը Ալիեւին օգնում, որ նա չլինի ռազմական հանցագործ: Որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդին խաբել է, ԱԺ ամբիոնից ասել, որ Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացնում ենք, որ մտնենք Միջազգային քրեական դատարան, որ մեր գործերը ներկայացնենք ընդդեմ Ադրբեջանի, ստել է ու գործերը չեն ներկայացնում, դրանով ում են օգնո՞ւմ, Իլհամ Հեյդարովիչ Ալիեւին, նաեւ՝ Էրդողանին: Բա որ Ալիեւին այդքան օգնում եք, ինչո՞ւ ձեզանից չեք խռովում: Որ Հայաստանը չի պահանջում, որ Ալիեւի զորքերը դուրս գան Հայաստանի ինքնիշխան տարածքից, Ալիեւին օգնո՞ւմ է, թե՞ չի օգնում: Օգնում է: Ալիեւն էլ ասֆալտ է անում, ամրապնդում է այդ դիրքերում: Որ Հայաստանը միջազգային հարթակում չի ասում այն ամենը, ինչ պետք է ասի, դրանով ո՞ւմ է օգնում: Ալիեւին: Որ Հայաստանը զիջումների է գնում, խաղաղության պայմանագրից ապաշրջափակման կետը հանում է ու ընկնում ենք բլոկադայի մեջ, Ալիեւին չի՞ օգնում: Որ Հայաստանը հայտարարում է, թե ցեղասպանության 1,5 միլիոն զոհերի ցուցակն ուզում եմ, ո՞ւր է այդ ցուցակը, որ չկա: Այսպիսի բաներ անելով ո՞ւմ է օգնում՝ Էրդողանին: Բա ինչո՞ւ եք այդքան օգնում», – հարցնում է դեռ օրվա իշխանությունների հետ ասոցացվող Էդմոն Մարուքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031