Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տեր Կիրակոս եպս. Դավթյանի Ամանորյա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքը
Սիրելի քույրեր և եղբայրներ,
Մի քանի ժամից Երկիր մոլորակի վրա ոտք կդնի նոր՝ 2025 թվականը և աշխարհը կսկսի իր նոր տարեգրությունը: Անցնող 2024 թվականը հագեցած էր քաղաքական, տնտեսական և հասարակական իրադարձություններով, տարբեր հաղթանակներով, նաև բարդություններով ու դժվարություններով:
2024-ը մեր հոգևոր կյանքում ամրագրվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վերաբացման և Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողություններով, որը դարձավ նաև աշխարհասփյուռ հայության՝ իր Հավատքի տան շուրջը համախմբվելու, Քրիստոսի սիրով ապրելու նվիրական և պատմական իրադարձություն:
Բոլորիս ցանկությունն է, որ նոր՝ 2025 թվականին մեր երկու հայրենիքներում՝ Հայաստան աշխարհում և Վրաստանում տիրի խաղաղությունը, տարին դառնա նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների տարի:
Կարդացեք նաև
Թող նորամուտ 2025 թվականը լինի հավատքի խորացման, Եկեղեցու շուրջ համախմբման, հայրենասիրության, ժողովրդասիրության տարի, բոլոր ընտանիքներին բերի սեր, հաջողություն, նպատակների իրականացում, բարօրություն և նորանոր հաղթանակներ:
Մանուկ Քրիստոսի բերած պայծառ լույսը թող լուսավորի բոլորիդ ընտանիքները:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ