Լրահոս
Օրվա լրահոսը

2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր. Սուրեն Պապիկյան

Դեկտեմբեր 31,2024 19:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ուղերձը

Սիրելի՛ հայրենակիցներ,

2024 թվականի բանակային տարին ևս պատմություն դարձավ:

Տարեմուտը հետ նայելու, անցած ճանապարհն արժևորելու, արածն ու չարածը նժարելու խորհուրդ է հուշում բոլորիս: Աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, երբ «թեժ» կետերն աշխարհի քարտեզի վրա ոչ թե նվազում, այլ ավելանում են, այս համատեքստում չենք կարող չխոստովանել, որ 2024-ին մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումը երկրում խաղաղության պահպանումն էր։

Պետության ինքնիշխանության և ժողովրդի անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկի՝ բանակի ուժի ու մարտունակության կարևորությունը դժվար է վիճարկել: Ուստի 2024-ի ընթացքում մեր բոլոր ջանքերը միտված են եղել բանակի պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը՝ բանակաշինության ընթացքն առավել արդյունավետ դարձնելուն, ինչպես նաև 21-րդ դարի պահանջներին հարիր բանակ ունենալուն։

Տարվա ընթացքում մենք շարունակել ենք բարելավել բանակային դիրքերի կահավորումը ժամանակակից սարքավորումներով՝ սահմանի հուսալի պաշտպանության ու մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի անվտանգության ապահովման բարձրացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով:

Բարեփոխումների շրջանակում զինված ուժերի համալրումն ապահովելու և զինծառայությունն առավել գրավիչ դարձնելու ծրագիրը 2024-ի ընթացքում նույնպես դրական արդյունք է արձանագրել՝ ապացուցելով գործնական ու օգտավետ քայլերի նպատակահարմարությունն ու ճշմարտացիությունը: Խոսքը վերաբերում է և՛ «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, և՛ զինծառայողների ատեստավորման գործընթացին, և՛ բանակում կանանց ներգրավվածությունը մեծացնելուն:

Կարևորելով օրենքի գերակայության սկզբունքն ու օրենքի առաջ բոլորի հավասարության գաղափարը՝ բանակում օրինականությունն ամրապնդելու և կանոնադրային հարաբերություններից հնարավոր շեղումները նվազեցնելու նոր մեխանիզմներ են ներդրվել՝ պատժի անխուսափելիության գաղափարի և յուրաքանչյուր իրավախախտմանն իրավական գնահատական տալու պրակտիկան համադրելով կանխարգելիչ գործողությունների ու հանցածին մթնոլորտի վերացման աշխատանքների  հետ:

2024 թվականի ձեռքբերումների շարքում պետք է նշել նաև զինվորների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավելումն ու զորանոցաշինության աշխատանքների ծավալի մեծացումը, որոնք գալիք տարվա ընթացքում կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ ու ծավալով։

Ընթացիկ տարում զարգացել և  ընդլայնվել է պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, ստեղծվել են նախադրյալներ՝ նոր փոխգործակցությունների և անվտանգության միջավայրի ամրապնդման համար:

Այս ամենով հանդերձ՝ պետք է փաստել, որ բանակաշինությունն անընդհատ գործընթաց է՝ սերտորեն կապված պետական կառույցների հետ փոխգործակցության ու հասարակական կյանքի կարևորագույն ոլորտների հետ: Ուստի 2025-ը դիմավորում ենք բարեփոխումների շարունակականության, ներդաշնակված գործունեության և չլուծված խնդիրներն արագ հաղթահարելու ակնկալիքով: Այն ամուր համոզմունքով, որ մարտունակ բանակ, տոկուն հասարակություն, ամուր երկիր ունենալու մեր հավաքական ջանքերն առավել արգասաբեր են լինելու:

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Թող ձեր ընտանիքներում տիրեն սերը, համերաշխությունն ու ուրախությունը: Եվ 2025-ը դառնա խաղաղության, աշխատանքի ու բարեկեցության տարի:

Փա՛ռք Նահատակներին:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության  բանակը:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը:

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031