Ավանդույթի համաձայն, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը տարեմուտին մարզում տեղակայված մարտական դիրքեր է այցելում։ Հրամանատար Հակոբ Գերյանն է ամփոփում տարին՝ ամրաշինական աշխատանքներ, ճանապարհների բարեկարգում, խրամատների ու դիտակետների կահավորում։ Հրամանատարի ուղեկցությամբ մարզային իշխանության ներկայացուցիչները ծանոթանում են առաջնագծում կատարված աշխատանքներին։
Երեւանցի Նարեկ Հակոբյանը վերջին Ամանորն է դիմավորում առաջնագծում։ 6 ամիս հետո տուն է վերադառնալու։ Իհարկե, դժվարություններ եղել են ծառայության ընթացքում, բայց ամեն ինչից ելք կա՝ համոզված է նա։ Երաժշտական կրթություն ունի, զորացրվելուց հետո շարունակելու է կրթությունը կոնսերվատորիայում։ Դեկտեմբերի 31-ին՝ ուղիղ կեսգիշերին ընդունելու է մարտական դիրքի հերթապահությունը։ «Ժամը 12-ից 2-ը իմ հերթն է։ Հատկապես տոնական օրերին ուշադիր ենք լինում։ Այդ օրն էլ երկու անգամ ավելի ուշադրությամբ դիրքը պահելու եմ»,- ասում է Նարեկ Հակոբյանը։
Աբովյանցի Հրաչյա Սարգսյանն էլ առաջին Ամանորն է բանակում դիմավորելու։ «Պատիվ ունեմ» ծրագրում է ընդգրկված։ Այս ծրագրով պետությունը փոխհատուցում է բուհում ուսումնառության վարձավճարը։ Երեւանի պետհամալսարանի իրավագիտության ֆակուլտետն է ավարտել, երկրորդ կուրսից զուգահեռ` նաեւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում է ուսանել եւ ծառայության է նշանակվել այստեղ։ Մտորումներ շատ ունի, մտքերն իրար են խառնվել, բայց մի բան հստակ է՝ աչալուրջ են։ «Զորքը շատ մարտական է, մաղթում եմ՝ որ տարին խաղաղ լինի։ Մենք բոլորս այստեղ լավ ենք, կխնդրեի՝ որ մեր բոլորի հարազատներն էլ անհոգ լինեն եւ ուրախ դիմավորեն նոր տարին»,-ասում է նա։
Կարդացեք նաև
«Հայրենյաց պաշտպան» ծրագրում ընդգրկված կապանցի Նվեր Փարամազյանը 5 տարի պետք է ծառայի։ Մեկուկես տարի ծառայել է Վարդենիսում, Կարմիրում, ու ըստ «Հայրենյաց պաշտպան» ծրագրի կանոնակարգի՝ տեղափոխվել է բնակության վայրին մոտ զորամաս։ «Ցանկանում եմ, որ հայ ազգը նոր տարին անցկացնի շատ լավ։ Ուզում եմ, որ բոլորի մեջ հայրենասիրությունը շատանա։ Կարծես դա վերացել է հայ ազգի մեջ, ուզում եմ, որ շատերը լինեն զինվորների կողքին»,-մաղթում է Նվերը։
Դիրքապահները օգնում են հյուրերին՝ նվերները ներս տանելու։ Ասում են՝ կարիք չկա ոչ մի բանի, ամեն ինչ ունեն։ Տոնածառն են զարդարել, վառարանի վրա սուրճ են եփում։ Հրամանատար Գերյանը դրսում է, ներսում՝ զինծառայողների հետ մարզպետը զրուցում է։ Հարցուփորձ է անում, լսում առաջարկներն ու խոստանում դրանք հասցնել գերագույն հրամանատարին։ Շամպայնի խցանն է պայթյունով դուրս թռչում։ «Թող միայն շամպայնի պայթյունը խանգարի մեր անդորրը, տղե՛րք, զգոն եղեք էլ առավել, թող 2025թ-ը խաղաղության տարի լինի»,-ասում է հրամանատարն ու զինվորներին թույլատրում մի քիչ շամպայն խմել։
Մարզպետը հետաքրքրվում է զինծառայողներից՝ վերջին անգամ ե՞րբ են խմել։ «Չենք հիշում»,-պատասխանում են նրան։ «Ուզում եմ շնորհավորել բոլորիդ գալիք նոր տարին, 2025թ-ին թող ձեր ընտանիքներում հաջողություններ լինեն, դուք էլ անփորձանք վերադառնանք դեպի ձեր տները, ձեր ցավը տանեմ ես։ Հպարտանում եմ ձեզնով»,-մաղթում է Ռոբերտ Ղուկասյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ