Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակի մարզում դեպք ենք ունեցել, երբ շինարարը «լետնի» մանկապարտեզ էր սարքել»․ թեժ մարզխորհրդի նիստ

Դեկտեմբեր 31,2024 17:31

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Շիրակի մարզպետարանում տեղի ունեցած տարեվերջյան մարզխորհրդի նիստին թեժ զրույց ծավալվեց սուբվենցիոն ծրագրերով կառուցվող մանկապարտեզների, դպրոցների, փողոցների անորակ շինարարության շուրջ։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց, որ երբեմն փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, սակայն նայում ես՝ իրականությունն այլ է։

«Ինձ թուղթը չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է իրականությունը, նայում ես՝ թղթերը սաղ նորմալ են, մարդիկ ստորագրել են, տեսչականն իր դիտողությունն արել է, հետո ուղղել են տեսչականի դիտողության հիման վրա, բայց իրականությունն այլ  է»,- ասաց մարզպետը։

Նա, դիմելով իր դիմաց նստած Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Սարիկ Մինասյանին, ասաց․ «Պարոն Մինասյանը մանկապարտեզ  նկարները որ գցել է, վստահ եմ՝ գնամ, ստուգեմ դրանց մեջ կլինեն մանկապարտեզներ, որոնք սուբվենցիոն ծրագրերով մի քանի տարի առաջ են վերանորոգվել»։

Սարիկ Մինասյանն անմիջապես արձագանքեց, որ դրանց մեջ կար մանկապարտեզ, որը 1,5 տարի առաջ էին սարքել, բայց խայտառակ վիճակում է։

«Թղթերով սաղ նորմալ է, պետությունն իր փողը տվել է, համայնքն իր փողը տվել է, էսօր նոր համայնքապետը նկարներ է գցում, կարծես 20 տարի էդ մանկապարտեզը վերանորոգած չլինի։ Ժողովուրդ ջան, մե՛ր երեխեքի համար է, մեր տարեց տատիկ-պապիկների համար է։ Ինձ թուղթը հետաքրքիր չէ, թող մի թուղթ էլ պակաս լինի, շինարարությունը լինի իդեալական», -հայտարարեց մարզպետը։

Դավիթ Առուշանյանը կոչ արեց օրենքի տառից բացի՝ շարժվել բարոյական օրենքի նորմերով։

«Էլի եմ ասում՝ թուղթն ինձ չի հետաքրքրում, մենք վերջում ոչ թե պիտի նայենք դատավորի աչքերին, այլ ժողովրդի աչքերին։ Դա ամենադժվարն է, դատավորի աչքերին հեշտ  է նայելը, ժողովրդի աչքերին՝ դժվար է», ասաց Դավիթ Առուշանյանը։

Թիվ 31 Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով նախագահ, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի ղեկավար Տիգրան Ղազարյանը ևս սկսեց ակտիվորեն  մասնակցել քննարկմանը, հայտարարեց, որ շատ դեպքերում նախագծողը նույնիսկ փողոց չի գալիս, որտեղ շինարարություն պիտի ընթանա։

«Դիվանին նստած՝ նախագիծ է գծում, հետո գալիս է, մենք նայում ենք, որ մայթերն անանցանելի են։ Մենք վարչապետի աշխատակազմից  էլ  էդպիսի ցուցում  ունենք՝ էդպիսի փողոցները, որոնց մայթերն անանցանելի են, կապ չունի՝ էդ անանցանելիությունը երբ է տեղի ունեցել, մենք էդպիսի փողոցները չենք ընդունում, դա գալիս է նրանից, որ նախագծողը չի գալիս, փողոցի  վրա չի կանգնում։

Ես անձամբ ասել եմ՝ կալյասկեն ձեռս՝ մայթով գնալու եմ, մի բանի դեմ առա, էդ փողոցը չի ընդունվելու», -նախազգուշացրեց Տիգրան Ղազարյանը։

Նա տեղեկացրեց նաև, որ Շիրակի մարզում դեպք են ունեցել, երբ երկու տարի առաջ մանկապարտեզ է հանձնվել՝ առանց ջեռուցման համակարգի։

Նրա խոսքերով ՝ շինարարը «լետնի մանկապարտեզ» է սարքել, այն երկու տարի չի շահագործվել, հետո նոր միայն ջեռուցման համակարգը տեղադրել են՝ վերանորոգածը քանդել ով ու  կրկնակի ծախս անելով։ Նա ասաց, որ խոսքը Հացիկ գյուղի մանկապարտեզի մասին է։

«Եվ հետո մի բան․ այսօրվա դրությամբ մարզում երեք տիպային դպրոց կա՝ Կապսում, Արեգնադեմում, Բերդաշենում, համարյա նույն ժամանակ  սկսել են, Կապսինն արդեն գործում է։ Մրցույթ որ հայտարարվում է, մի հատ նայեք՝ էդ շինարարը կյանքի մեջ  գոմ սարքե՞լ է ու նոր դպրոցի մրցույթին մասնակցեն»,-ասաց Տիգրան Ղազարյանը։

Այդ խոսքի վրա Շիրակի մարզպետը հիշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարարին՝ մեջբերելով նրա խոսքերը․ «Պարոն Սանոսյանը շատ ճիշտ արտահայտություն էր անում՝ ասում էր՝ ով երկու հատ լապատկա բռնի, գալիս, մրցույթի է մասնակցում»։

Նորանշանակ մարզպետը խնդրեց թե՛ տեսչական մարմնին, թե համայնքի ղեկավարներին որևէ թերություն նկատելիս՝  բարձրաձայնել, որպեսզի կարողանան արագ շտկել։

Նա խոստացավ խիստ վերահսկողություն սահմանել,  հետևողական լինել այս հարցում ու նաև օպտիմալ  լուծումներ  փնտրել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031