Լրահոս
Օրվա լրահոսը

Սոսկալի աղետին զոհ գնացած մեր հայրենակիցները մշտապես ունեն մեր սիրո, բարության և օգտակարության կարիքը․ Տավուշի թեմի վարչական խորհրդի ատենապետ

Դեկտեմբեր 31,2024 16:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Տավուշի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ․ Սամվել Վարդապետ Մխիթարյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ ծննդյան առիթով 

Սիրելի՛ հավատացյալներ,
Տարեմուտի հոգեշող այս պահին, երբ մեր սրտերն ու հոգիները փորձում են ջերմանալ ամանորյա ուրախ զգացումներով, Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի տիրախնամ մեր թեմից Ձեզ՝ տավուշեցի սխրագործ ժողովրդին ենք հղում Նոր Տարվա և Սուրբ Ծննդյան շնորհավորանքները։

Գալիքի հանդեպ ունեցած հավատով, հույսով, սիրով և մեր սրտերում փայփայած տեսլականով ենք մուտք գործում 2025 թվական։ Վստահ ենք, որ անցած տարիներին պատահած կորստաբեր արհավիրքների ու մարտահրավերների արդյունքում հայ ժողովրդի ձեռք բերած վերքերը ոչ թե պիտի սպիանան, այլ՝ իսպառ բժշկվեն՝ Քրիստոսավանդ պատգամների, հայի՝ աստվածապարգև աշխատասիրության ու տոկունության շնորհիվ, որոնք հուժկու խթանները պետք է դառնան ապագա մեր սերունդների հզորության ու հաղթության։

Անցյալ տարիների ընթացքում տեղահանության ենթարկված արցախցի մեր եղբայրներն ու քույրերը բնակություն են հաստատել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերում, այդ թվում՝ նաև Տավուշ աշխարհում։ Սիրելինե՛ր, սոսկալի այս աղետին զոհ գնացած մեր հայրենակիցները մշտապես ունեն մեր սիրո, բարության և օգտակարության կարիքը։ Սիրել, նշանակում է՝ անձնվիրաբար տալ, հետևաբար, հավատացյա՛լ քույրեր ու եղբայրներ, եկե՛ք չընկրկենք և ցանկացած հարցում սիրով ու խոնարհությամբ նեցուկ լինենք նրանց։

Գովելի է նաև այն փաստը, որ վերջին 5 տարիների ընթացքում ծագած փորձությունների ու բազմաբնույթ դժվարությունների արդյունքում հայ ժողովուրդը չվհատվեց, չհուսահատվեց, այլ՝ օրինակ ունենալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին, քրիստոնյային հատուկ անհոգնաբեկ լավատեսությամբ և ստեղծագործ աշխատանքով շարունակեց շենացնել հայրենի մեր չքնաղ երկիրը։

Տարեվերջյան խորհրդանշական այս պահին ցանկանում ենք, որ դուք Ձեր իսկ վստահած Աստծուն ճանաչելի դարձնեք նաև ձեր զավակներին, Աստծուն, որ միաժամանակ և՛ սեր, և՛ մխիթարություն, և՛ առաջնորդություն, և՛ միասնություն, և՛ հաղթություն, և՛ փրկություն է բոլորիս համար։

Օրեր հետո համայն հայությունը տոնախմբելու է մարդկության պատմության մեծագույն իրադարձությունը՝ Փրկչի Սուրբ Ծնունդը։ Մոտ երկու հազար տարի առաջ այդ օրը «․․․Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որը Օծյալ Տերն է» (Ղուկ. 2:11):

Սիրելի՛ եղբայրներ և քույրեր, մենք՝ որպես Փրկչի հետևորդներ, որպես Նրա աստվածային լույսով ողողված Եկեղեցու անդամներ, պետք է միշտ հաստատակամ լինենք այս աշխարհում և մեր ազգային հավաքականությամբ միանանք մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին, որպեսզի ի զորու լինենք պայծառացնել ու շենացնել մեր հայրենիքը և չերկնչենք ու չվախենանք՝ Մայր Եկեղեցու պայծառության և Մայր Հայաստանի բարօր ապագայի ճանապարհին ի հայտ եկող խոչընդոտների ու փորձությունների մասին բարձրաձայնելու և դրանց հաղթահարման ուղիները մշակելու հարցում։
Խնկաբույր աղոթքով եկե՛ք խոնարհվենք նաև հանուն Մայր Հայրենիքի նահատակված մեր խիզախ ու նվիրյալ հայորդիների և նրանց ընտանիքների առջև՝ մաղթելով նրանց մխիթարություն, հաղթություն ու անսպառ տոկունություն։
Շնորհավորում և մեր բարեմաղթանքներն ենք հղում նաև ՀՀ Զինված Ուժերի ողջ սպայական անձնակազմին և նրանց զինվորներին, հայրենքի սահմանները պահպանող մեր քաջարի հայորդիներին։

Թող Մանուկ Հիսուսի մսուրից ճառագող սերն ու հույսը զարդարեն մեր հոգիներն ու գոտեպնդեն ամենքիս՝ սեփական կոչմանն ու առաքելությանը հավատարիմ լինելու համար, որպեսզի 2025 թվականին նախնյաց սրբազան ավանդույթների պահպանությամբ, առ Աստված հավատով, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հանդեպ նվիրվածությամբ և Մայր Հայրենիքի ծառայությամբ կարողանանք ամոքել Տավուշի և աստվածալույս Հայաստան աշխարհի վիրավոր ներկան ու կերտել գալիք հաղթական ապագան։

Շնորհաւոր Ամանոր Եւ Սուրբ Ծնունդ
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ։
Ձեզ եւ Մեզ Մեծ Աւետիս։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031