Գյումրեցի Հարություն Կարապետյանն իր ընտանիքի անդամների հետ կենտրոնական շուկայի մի անկյունում բացօթյա առևտուր է անում՝ մրգեր է վաճառում։ Գնորդներին թերևս գրավում է մեքենային փակցված, իսկ երբեմն էլ բարձրաձայն հնչող հայտարարությունները՝ «Ապառիկ մրգեր՝ 0 տոկոսով», «Անանաս փակովի՝ 0 տոկոս ակցիա»։
Երիտասարդը մրգերի վաճառքին զուգահեռ հումորներ է անում։ «Ով խելռի թուղթ ունի, ձրի է»,- կատակում է նա։
Մրգերի ապառիկ վաճառքի մասին փակցված հայտարարությունը լուրջ ընդունող ու իրեն անձնագրով մոտեցող մարդկանց փաստաթուղթն էլ իբրև թե զննում է ու ասում՝ վարկային պատմությունդ մաքուր է, սև ցուցակում չես, միրգը տար։
Կարդացեք նաև
Եվ երբ մարդիկ հետաքրքրվում են՝ բա ինչպե՞ս պետք է վճարումը կատարեն, ո՞ր բանկի միջոցով, երիտասարդն անակնկալի է բերում․ «Վերցրու տար, անվճար է, մենք ժողովրդի համար ենք աշխատում»։
Մեր նկարահանման պահին Հարություն Կարապետյանն իր մոտ էր կանչում Ձմեռ պապին, որին պինդ փաթաթվելով, բանաստեղծություն էր հորինում․
«Գոնե դու կողքիս եղիր,
իրար օգնեք, որ չհոգնենք»։
Aravot.am-ի հետ զրույցում էլ ասաց․ «Ես իմ ժողովրդի կողքին եմ, տեսեք՝ բոլորին ձրի եմ տալիս։ Նրանք, ովքեր տեսնելով ապառիկ մրգերի մասին հայտարարությունը՝ մոտենում են, նշանակում է փող չունեն, չէ՞, որ եկել են ապառիկի հետևից, նվիրում եմ մրգերը։ Ես նեղն ընկածին օգնում եմ, հարուստներից վերցնում, աղքատներին եմ տալիս»։
Նա նշում է․ «Ժողովրդի վիճակը վատ է, բայց ես լավացնում եմ, էնպես եմ անում, որ չնեղվեն, ջեբերին չեմ կպնում։ Ես բոլոր նեղն ընկած մարդկանց կողքին եմ»։
Հայրն էլ, որը գալիս է շուկա՝ որդուն օգնելու, մեր հետ զրույցում ասաց․ «Տղաս բարեգործ տղա է, միրգը բնականաբար մեզ ոչ մեկը ձրի տալիս, բայց տղաս շատ հաճախ թե՛ նվիրում է և թե՛ իր գնից պակաս է տալիս, էնպես ենք անում, որ ամեն քյասիբ-քյուսիբ կարողանա Նոր Տարի անել։ Մեր ժողովրդի վիճակը վատ է, մեր ժողովուրդը մեղք է»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ