Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարողանում գոնե մեկ պատճառ գտնել, թե ինչու քո նման կենսագրություն ունեցող տղեն, այսքանից հետո մնում է նրա կողքին». Հովիկ Աղազարյանի «Երկրի իրական կողմը» գրքից

Դեկտեմբեր 31,2024 11:57

ԱԺ պատգամավոր, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից հեռացված Հովիկ Աղազարյանը եւս մեկ հատված է  հրապարակել իր «Երկրի իրական կողմը» գրքից։

Խնդրանք

Հետաքրքիր մարդիկ են մարդիկ, շատ հետաքրքիր։ Համարձակությունս ներեր՝ կասեի «մազալու»․․․ ու գիտե՞ք, որն է մարդու ամենասարսափելի հատկությունը։ Չգիտե՞ք։ Լավ էլ գիտեք, բայց «ստեղծագործությանս» ամբողջականության տրամաբանությունը պահելու նպատակով ասեմ։ Մարդկային էության մեջ ամենազազրելին իր ցանկացած, նույնիսկ ամենաքստմնելի արարքն արդարացնելու բնազդն է։ Այո, հենց բնազդ՝ բանականությունը խամրում է։ Եվ դա բոլորին է հատուկ, դա նաև բնական է, ուղղակի մեկի մոտ բանականության գործոնն ավելի ուժեղ է, որի հետևանքով այդ արատը թույլ է դրսևորվում, մյուսի մոտ՝ հակառակը։

Երբ տղաներս մեծահասակ կյանք էին մտնում, անկեղծ զրույց ունեցա․

Նարկոտիկ՝ ես ձեր հայրը չեմ:

Կազինո՝ ես ձեր հայրը չեմ:

Անչափահաս աղջիկ՝ ես ձեր հայրը չեմ:

Հայրենիքի հետ կապված խնդիր՝ ես ձեր հայրը չեմ:

Ու գիտե՞ք ինչ է տպավորվել մոտս այդ զրույցից։ «Հայր» բառը ես հազվադեպ եմ օգտագործել․․․

․․․1990 թվականն էր, Գերագույն խորհրդի պատգամավոր էի՝ մեծամասնական համակարգով ընտրված։ Մի օր «Կյաժը» զանգեց (Կյաժը և ես երկու ինքնապաշտպանական ջոկատների հրամանատարներ էինք՝ Վազգեն Սարգսյանի ընդհանուր հրամանատարության ներքո), թե գնանք Վազգենի դաչա հաց ուտելու։ Խոսքը գնում էր հայտնի կառավարական առանձնատների մասին։ Գնացինք։ Դեռ ժամանակ կար՝ հյուրերը պետք է հավաքվեին, որոշեցինք զբոսնել կանաչապատ, գեղեցիկ ու պուճուրիկ «քաղաքում»։ Ամենահետաքրքիր թեման այն էր, թե ով որ դաչայում էր ապրում։ Կյաժն ինձ լուսաբանում էր։ Ահա Լևոնի դաչան, էն էլ Բաբիկինն է (ին՜չ ինտելիգենտ մարդ էր․․․)։ Դե Կյաժը համարյա «պեռվի կռուգ» էր, որովհետև ինքն ու Վազգենը նույն գյուղից էին, նաև ընկերներ։ Չմոռանամ ասեմ, որ Կյաժը Գերագույն խորհրդի պատգամավոր չէր։

Ես առանձնապես հետաքրքրված չէի այդ ճանաչողական զրույցով, ժամանակ էր պետք սպանել՝ մինչև հերթական առանձնատանն հասնելը։

-Սա էլ Վանոյի դաչան է,- ավելի քան իմիջիայլոց ասաց Կյաժը։

-Ո՞ւմ,- ականջներիս չհավատացի։

-Հայ մեծանուն գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի,-հեգնախառը հանդիսավորությամբ ասաց Կյաժը՝ իբրև թե քանի՞ Վանո կա, որ մի հատ էլ հարցնում ես։

-Վանոյին ի՞նչ դաչա,-զարմացած հարցրեցի ես, որովհետև Վանոն (օրիգինալ անհատականություն էր, բայց ոչ մարտիկ) այդ ժամանակ որևէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։

-Ո՞նց, ՀՀՇ-ի նախագահն է, չգիտե՞ս,-տարակուսեց զբոսավարս։

-Է, հետո՞։

-Չեմ հասկանում, թե ի՞նչ ես ուզում ասել,-ակնհայտ էր, որ անկեղծորեն էր տարակուսում։

-Այ ախպեր, Վանոն պետական պաշտոն չի զբաղեցնում, ինչի՞ պիտի այստեղ դաչա ունենա,-արդեն վրդովվում էի։

-Դե լավ էլի Հով, էլի սկսեցիր, հավեսդ չունեմ։ Գնացինք, ոնց որ տղերքը հավաքվել են։

 

Հլը սրան նայի է, որ մի հատ էլ ինքն է մուննաթ գալիս։ Բա կոմկուսին էին քննադատում, բա ասում էիք միահեծան կառավարում բա․․․

․․․Դեռ բոլորը չէին եկել։ Բաբիկն էր, Վանոն, Վազգենը հայտնիներից և ակնհայտ էր, որ էլի տղերքի էին սպասում։ Եկան նաև այդ տղերքը, երկու հոգի՝ Ռոբերտն ու Սերժը․․․.Ակնհայտ էր այդ երկուսի հարգանքը վերը նշված երեքի նկատմամբ։ Երևում էր, որ այն երեքն էլ այդ երկուսի նկատմամբ ունեին շատ դրական վերաբերմունք։ Մոտավորապես կրտսեր և ավագ եղբայրների միջև հարաբերություններ։ Կանդրադառնանք դեռ նրանց «Վազգենը» խորագրի ներքո․․․

․․․58 տարեկան էի՝ Ազգային ժողովի պատգամավոր։ Հեղափոխությունը նոր էր ավարտվել (չնայած դրան ավարտվել կա՞)։ Բազմաթիվ ծանոթներ և անծանոթներ դիմում էին տարբեր խնդրանքներով։ Այն դեպքերում, երբ հնարավոր էր և կարելի էր օգտակար լինել՝ լինում էի, որտեղ որ ոչ՝ ոչ։ Էն որ անծանոթ էր և իր խնդրանքը չէր ընկնում թույլատրելիության սահմանների մեջ ու ներողություն խնդրելով մերժում էի՝ լուռումունջ հաշտվում էր իրավիճակի հետ։ Եվ իրոք, հո ամեն խնդրանք չես կատարի, կամ էլ հարգի։ Էն, որ ծանոթ էր ու նորից խնդրանքը չէր ընկնում թույլատրելիության սահմանների մեջ և, նույնպես ներողություն խնդրելով մերժում էի, որովհետև ամեն խնդրանք չէ, որ պետք է կատարվի կամ էլ հարգվի, դարի պրոբլեմն էր առաջացնում․ «Բա սրա համար ե՞նք հեղափոխություն արել»։ Ընդամենը հեղափոխությունից մի քանի ամիս առաջ էր է, որ մենք այդ նույն ծանոթների հետ թիրախավորված հնչեցնում էինք կոնկրետ դեպքեր ծանոթ-բարեկամների նկատմամբ հատուկ վերաբերմունքի առիթով, որպեսզի ցույց տանք օրվա իշխանությունների կոռումպացված դեմքը։

Վա՜յ Կյաժ-Կյաժ, ասում էր «Էլի սկսեցի՞ր Հով»։

Վա՜յ ծանոթ-ծանոթ, ասում էր «Բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել»։

«Վա՜յ, իշխանություն–իշխանություն», ասում եմ ես։

Մի ընկեր ունեի, անունը՝ Գեդեոն։ Չէ, մահացած չի։Անցյալ ժամանակը վերաբերվում է մեր ընկերությանը։ Իմ աշխարհայացքի շրջանակներում ասեմ, որ եթե մահացած լիներ, ավելի ճիշտ կաներ։

Մի ուրիշ ընկեր էլ ունեի, անունը՝ Վարազդատ։ Այս մեկը ճիշտ է անում, որ դեռ ապրում է։ Էն, որ անունը Գեդեոն էր, շատ էին շփվում։ Վարազդատին երկար տարիներ չէի տեսել՝ ռուսաստաններում էր, հետո հայտնվեց։ Լավ տղերք էին երկուսն էլ՝ Գեդեոնն էլ, Վարազդատն էլ։ Մեր հանդիպման հիմնական վայրը «Կետիկնոցն» էր, որին դեռ հատուկ կանդրադառնանք «Կետիկնոց» խորագրի տակ։ Երբեմն հանդիպում էինք Հյուսիսային պողոտայի վրա գտնվող «Սորրիզո» սրճարանում։ «Սորրիզոն» պատկանում էր Վարազդատի քրոջ ամուսնուն, բայց աշխատեցնում էր Վարազդատի տղան՝ կիրթ ու բարեհամբյուր։

․․․Հետո, երբ տեղի ունեցավ հեղափոխությունը, Վարազդատը զարմանում էր, որ իր ողջ մերձավոր շրջապատը Նիկոլական էր։ Ես իրեն տարբեր բացատրություններ ու հիմնավորումներ էի բերում, թե ինչու է դա այդպես, միևնույնն էր, նա անդրդվելի էր իր տարակուսանքի մեջ։ Նույնիսկ 2019 թվականին մի գործընթաց եղավ, որի արդյունքում «բարին հաղթեց չարին», և որի մասին, ըստ էության տեղյակ էին ինքը, տղան, քույրը, քրոջ ամուսինը և ես, որը, ըստ էության պետք է ակնհայտորեն հիմնավորեր իր հարազատների Նիկոլական լինելու հանգամանքը՝ անդրդվելի էր։ Ինչևէ, սա էական կապ չունի այն թեմայի հետ, ինչը մենք շոշափում ենք։

«Սորրիզո» քիչ էինք գնում, թանկ էր։ Գեդեոնի ու իմ ֆինանսական հնարավորությունները շատ համեստ էին։ Գեդեոնը դասախոսում էր Գյուղինստիտուտում (չխորանանք տերմինաբանության մեջ)։ Մի օր մի զավեշտալի դեպք պատմեց։ Այդ պատմությանն ասել «զավեշտալի»՝ նույնն է, թե ոչինչ չասել․․․

․․․Գյուղինստիտում հեռակայի ընդունելության քննություններ են լինում։ Մի խմբից քննություն են ընդունում Գեդեոնն ու իր գործընկերը՝ մաթեմատիկայի գրավոր։ Երեսուն հոգի են լինում դիմորդները, բայց տվյալ մասնագիտության համար պետք է ընդունվեին քսան հոգի, քսան հոգի և վերջ, ոչ մի հոգի ավել։

․․․Երկրորդ մասիվ, որ ապրում էինք, ժամանակ առ ժամանակ մի խնդիր էր առաջանում՝ տարբեր տեսակի ըմպելիքներից հավաքված շշերի օտարման խնդիրը։ Շշերի ընդունման մի կետ գիտեինք։ Հավաքված տարբեր տեսակի շշերը տանում հանձնում էինք, երբեմն էլ բենզինի փողն էլ դուրս չէր գալիս, բայց դե․․․

Ես բառիս բուն իմաստով հիացած էի այդ «տոչկեն» ստեղծողների բիզնես հանճարի վրա։ Երկու եղբայրներ էին դրել՝ ոչ հաշվել գիտեին, ոչ էլ կարգին խոսել (իհարկե, կարելի էր մտածել, որ ձևացնում են), ոչ փողից էին բան հասկանում, ոչ էլ շշերն էին իրարից տարբերում։ Շատ շրջանառվող շշերի երեք տեսակի համար ընտրված էին համապատասխան տարաներ։ Այդ տարաներից առանձնացրել էին մեկական հատ, յուրաքանչյուրի մեջ դրված էր համապատասխան մեկական շիշ և նկատելի մասում «սկոչով» փակցված էր մի թղթադրամ, որը համարժեք էր տվյալ տարայի զբաղեցրած շշերի հավաքական արժեքին։ Այդ «էտալոնային» արկղերը դրված էին հետնամասում, որ հաճախորդները չտեսնեն՝ վնասակար կլիներ բիզնեսի իմիջի համար։ Ճարպկորեն շշերը տեղադրում էին արկղերի մեջ ու յուրաքանչյուր լցված արկղի համար տալիս էին համապատասխան թղթադրամ։ Կիսատ արկղերի համար չէին վճարում, ոչ «ստանդարտ» շշերի համար չէին վճարում՝ հաշվել չգիտեին։ Տարակուսած նայում էիր աչքերին՝ հայացքը փախցնում էր ու ձեռքով-ոտքով հասկացնում, թե տար քո ապրանքը, մենք չենք բռնանում քո սեփականության իրավունքի վրա, ճանաչում ենք այն և հարգում։ Ո՞վ հետ կտանի․․․վստահ չեմ, թե այդ բիզնեսը երկարատև կյանք կարող էր ունենալ, բայց կարճաժամկետ հատվածի համար դուք արդեն պատկերացրեցիք շահութաբերության աստիճանը։

․․․Հիմա էլ Գեդեոնի և նրա գործընկերոջ դեպքում՝ 20 հոգի և վերջ։ Թվաբանությունն էլ էր պարզ՝ 20*2000=40000։Թե հետո 40000-ը ի՞նչ մասերի էր բաժանվում և որ մասը ո՞ւր էր գնում, դա արդեն այլ խնդիր էր՝ բարձրագույն մաթեմատիկա․․․

-Գեդեոն, մեջտեղի շարքի վերջին նստարանին նստած տղան գրում է,- ահասարսուռ իրողությունից խառնված գործընկերը հազիվ լսելի արտաբերեց բառերը։

-Ո՞նց թե գրում է,-տեղից վեր է թռնում Գեդեոնը, ինչը շատ բնական ռեակցիա էր այն ավանդույթների և իրողությունների ֆոնին, որը գոյություն ուներ Գյուղինստիտուտում, բայց հաջորդ պահին բանականությունն իրեն ստիպում է ուշքի գալ,-բայց խի՞ չպիտի գրի, քննություն է, չէ՞։

-Ախր ինքը չկա էն քսան հոգանոց ցուցակում,-վախից դողալով շարունակում է գործընկերը, ինչ, ինչ են ասելու վերևներին։

Գեդեոնը վեր է կենում նստած տեղից, աշխարհի խնդիրների ծանրությունից կքված, հորիզոնական հարթության նկատմամբ մեկ հարթության մեջ չգտնվող ուսերի հակասությունն ավելի ընդգծված վիճակով ծանր-ծանր քայլելով գնաց դեպի այդ ամբարտավան դիմորդը, դիմորդ, որ ինքնուրույն գրում է, դիմորդ՝ ում ֆոնի վրա շատ պարզ երևում էր երկրի իրական կողմը։ Գեդեոնը կուզեր, որ հակառակ ուղղությամբ գնար դեպի գրող դիմորդը՝ երկրի հակառակ կողմով, բայց ոչ, նա պետք է առերեսվեր իրականության հետ՝ դառն ու քաղցր։ Դառը էն էր, թե ինչ էին ասելու վերևներին գրող-դիմորդի պահով, քաղցրը՝ էն 40000-ի բարձրագույն մաթեմատիկան էր։ Մոտենում է դիմորդին, ուշադիր նայում է կատարվող աշխատանքին և ուղղված ուսերով, շողշողացող աչքերով ու խրոխտ քայլվածքով մոտենում է իր աթոռին։ Ինչպիսի՜ վստահություն Հայաստանի ապագայի նկատմամբ, ինչպիսի սեր երիտասարդության նկատմամբ՝ 30 դիմորդներից մեկն ինքնուրույն պատասխանում է մաթեմատիկայի գրավոր հարցերին․․․Գեդեոնը իրեն շատ կարևորված է զգում և հպարտորեն նստում աթոռին, մեջքն էլ նույն զգացողություններով հենում է աթոռի թիկնակին։ Էն, որ ասում էի թե ուսերը մեկ հարթության մեջ չեն՝ մոռացեք․․․չարությունից էի ասում։

-Ի՞նչ անենք, Գեդեոն,-երանության մեջ ընկղմված դասախոսին իրականության բերեց գործընկերը։

-Ի՞նչը,-թմբից դեռ վերջնականապես դուրս չէր եկել։ Ես շատ էի սիրում իրեն, երբ հայտնվում էր ոչ ստանդարտ իրավիճակում՝ մի միտքը մյուսից փայլուն, մի խոսքը մյուսից սիրուն, մի պատմությունը մյուսից համով։

-Այդ տղայի հետ ի՞նչ անենք,- անորոշությունը խեղդում էր գործընկերոջը,- գրելու է մինչև վերջ, շատ խելոք երիտասարդ է երևում։

-Գնա գրիչը վերցրու, թող չգրի․․․

Գեդեոնի խելքը իրենը չէր ինչ-որ մեկին օգնելու համար, իսկ այս դեպքում նա պատրաստ էր ամեն ինչի։ Գրողը տանի, 30 դիմորդներից մեկն ինքնուրույն հանձնեց քննությունը, բավականին բարձր գնահատականով։ Դե էն անձեռնմխելի 20-ի մասին չխոսենք։

Համապատասխան պաշտոնյան, ով շատ լավ գիտեր, որ 20*2000=40000 և 21*2000=42000 հարցը զեկուցեց վերադասին։ Իսկ վերադասը շատ լավ գիտեր Գեդեոնին և վստահ էր, որ որևէ «մուխլյոժ» չի եղել։ Է հետո ինչ, որ Գեդեոնը չի կատարել իր խնդրանքը (խնդրանքը, չէ մի) ու հրաման տվեց ձևավորել 21 հոգուց բաղկացած խումբ․․․

․․․Հետո ես դարձա պատգամավոր։ Հետո Գեդեոնի կինը հասավ թոշակի, ինձ խնդրեց, որ միջնորդեմ կնոջը գործից չհանեն։ «Խնդրեց», ո՞նց թե խնդրեց։ Ընկերը ո՞նց կարա ընկերոջը խնդրի, կարա ասի և վերջ։ Բայց դե քաղաքակրթությունը հո «հավայի» չի հորինել այդքան բառեր՝ տարբեր լեզուներով։ Երբեմն հանդիպում են բառեր, որ շատ մոտ են իմաստներով, բայց դրանցից յուրաքանչյուրի ճիշտ ու տեղին օգտագործելու խոսքը դարձնում է ավելի իմաստալից։ Դե խնդրեց՝ խնդրեց, հասկացանք, հո չհրամայեց։ Կարող էի խնդրանքը կատարել, հարգել, կարող էի՝ ոչ։ Հարգեցի։ Ես էլ խնդրեցի կնոջ ղեկավարին։ Պաշտոնյան պատրաստակամություն հայտնեց խնդրանքս հարգելու, չնայած ավելացրեց, որ առանձնապես խնդրելու կարիք էլ չկար, իրենց մոտ ավանդույթ է թույլ տալ ևս մեկ տարի աշխատել։

Դրանից հետո ևս մեկ տարի վայելեցի Գեդեոնի ընկերությունը և վերջ․․․Իհարկե, այս գրքի ընդհանրական տրամաբանությամբ պայմանավորված դեռ կանդրադառնանք Գեդեոնին «Կետիկնոցը» խորագիրը կրող հատվածում, բայց դա մեկ տարի հետոյից առաջ ընկած ժամանակահատվածին է վերաբերելու։Իսկ ինչու վերջ, Գեդեոնի կինը ևս մեկ տարի աշխատեց և գնաց թոշակի, որովհետև կապ չունի, թե ինչ պատճառով, չկարողացա կատարել իր խնդրանքը՝ ևս մեկ տարով կնոջն աշխատելու հնարավորություն տալու իմաստով։

Վա՜յ Կյաժ-Կյաժ, ասում էր «Էլի սկսեցիր Հով»։

Վա՜յ ծանոթ-ծանոթ, ասում էր «բա սրա՞ համար ենք հեղափոխություն արել»։

Վա՜յ, Գեդեոն-Գեդեոն, պիտի ասեր «բա սրա՞ համար ենք ընկերություն արել»։

Վա՜յ աշխարհ-աշխարհ, ասում եմ ես, «Գեդեոն, բա դու ինչու՞ չկատարեցիր քո վերադասի խնդրանքը՝ 20*2000=40000 բանաձևի կոնտեքստում։

․․․Է, ինքը չասաց, Վարազդատը ասաց․․․

«Սորրիզոյում» սուրճ էինք խմում ու զրուցում։ Նրա հետ կարելի էր անվերջ զրուցել ամենատարբեր թեմաներով։ Շատ գրագետ, կարդացած մարդ էր։ Խաղամոլ էր, կազինոներից տուն չէր գալիս։ Ինչո՞ւ եմ անցյալ ժամանակով գրում․․․

44-օրյա պատերազմից հետո զանգեց, թե խոսելու բան կա։ Ասացի, որ «Սորրիզո» չեմ գա, կարող ենք մեկ ուրիշ սրճարանում հանդիպել։ «Կգամ ձեր տուն»։

Շատ ծանր օրեր էին, տարատեսակ մարդիկ, տարատեսակ ճանապարհներով, ամենատարբեր հիմնավորումներով՝ նյութական ապահովության բաղադրիչով, ամենատարբեր տոնայնություններով «խնդրում» էին, որ ես դուրս գամ «դավաճան Նիկոլի» թիմից։ Իհարկե, ծամածռության աստիճան ծիծաղելի էր այդ «խնդրանքները» խնդրանք համարել։ Բայց ես ինձ «գժի» տեղ դրած, ձև էի բռնում, թե չեմ հասկանում կամ չեմ նկատում այդ «խնդրանքները» համեմող հիմնավորումների և «խնդրանքը» չհարգելու (ինչպիսի բարեկրթություն) հետևանքները նկարագրող մտքերի տողատակերը։ Այդ ամենը հանգեցնում էր նրան, որ ես դավաճանեմ թիմին, դավաճանեմ ինքս ինձ։ Ոչ պակաս բարեկրթությամբ ես մերժում էի, մերժում էի ու մերժում։ Ու հիմա, իմ որոշ ընկերներ ասում են, որ ես արտահոսք եմ կազմակերպել։ Իմ արժեհամակարգում դա նույնն է, թե դավաճանել թիմին՝ ԼԱՎ ՉԵ՞Ք ԱՐԱ․․․

․․․Հաջորդ օրը՝ երեկոյան, Վարազդատը մեր տանն էր։

-Ի՞նչ կա, ո՞նց ես,-բազմոցին նստելով զրույցը սկսեց ընկերս։

․․․․․․

-Հայրենիք ենք կորցնում, Հով,-անկեղծ ցավի զգացումով շարունակեց նա։

-Դե պետք է այնպես անենք, որ քո մտահոգությունները չիրականանան,-շատ ծանր օրեր էին։

-Նիկոլի հետ չի լինի,-սառն ու խիստ տոնով անցավ իր հիմնական ասելիքին։

-Դե թիմում տրամադրություններ կան, որ գնանք արտահերթ ընտրությունների, թող ժողովուրդը որոշի,-դժվար էր խոսելը, առավել ևս, որ Վարազդատը շատ զզվելի ոճ էր ընտրել՝ փափուկ ճնշում։

Արտահերթ ընտրությունների գաղափարը առաջինը ես հնչեցրեցի թիմում՝ վարչապետի հետ հանդիպման ժամանակ՝ նոյեմբերի 11-ին։ Հետո կամաց-կամաց բոլորը գտան, որ դա ճիշտ ճանապարհ է։ Պարտադիր էր ժողովրդի դատին ներկայանալը։

-Յան տուր Նիկոլից։

-Այսինքն,- վրդովված ու հարցական նայեցի ընկերոջս։

-Հա մտածում-մտածում եմ, չեմ կարողանում գոնե մեկ պատճառ գտնել, թե ինչու քո նման կենսագրություն ունեցող տղեն, այսքանից հետո մնում է նրա կողքին,-մի պահ լռեց ու շարունակեց,-չնայած մի հատ պատճառ կարող է լինել՝ բնակարանի հարցը։ Ինչքա՞ն փող է պետք բնակարան գնելու,վերանորոգելու, կահավորելու համար։

․․․Սարսափելի էր, ակնհայտ դարձավ, որ ուղարկված է։ Սարսափելի էր, ո՞նց կարող էր նա խոսել իմ հետ այդ ոճով, երբ շատ լավ ճանաչում էր ինձ, իմ ընտանիքին՝ ընտանիք, որը լիովին երջանիկ էր վարձով բնակարանում։ Չեմ էլ հիշում, թե ոնց վռնդեցի տանից։ Մի պահ միայն՝ կինս միջանցքում քարացավ սուրճի լիքը բաժակներով ու մրգով «սինին» բռնած։ Կինս էլ էր իրեն շատ գնահատում․․․

Լավ, թողնենք տխուր բաները ու հետ գնանք վայելելու «Սորրիզոյի» սուրճն ու պաղպաղակը։

-Գեդեոնի հետ կռվե՞լ ես,-հարցրեց Վարազդատը։

-Բան չեմ հասկանում ապեր դրանից,-չգիտեի թե ինչ ասեմ։

-Կնոջ գործի պահո՞վ,-շարունակեց ընկերս ծանր-ծանր։

-Երևի էլի,-դառնորեն վայելում էի սուրճը պաղպաղակի հետ։

-Ընկեր տղա է, խի՞ խնդրանքը չկատարեցիր,-կշտամբանքը հեչ ընդունելի չէր։

-Այ ցավդ տանեմ, եթե ընկերդ խնդրում է ինչ-որ բան ու դու չես կարող իր խնդրանքը կատարել տարբեր հանգամանքների բերումով և արդյունքում դու կորցնում ես նրան որպես ընկեր, ուրեմն դա խնդրանք չէ, գրողը տանի, դա բոլորովին այլ բան է, պարտադրանքից էլ ավելի վատ բան է,- խեղճացած ու անճարացած պաշտպանվում էի, որովհետև իմ համար շատ ցավալի էր։

․․․Եվ իրականում էլ շատ դժվար խնդիր է հասկանալ խնդրանք բառի բուն էությունը։ Օրինակ՝ ընկերն ընկերոջը կամ հայրը որդուն չի կարող խնդրանքով դիմել, ուղղակի բարձրաձայնվում է խնդիրը և դիմացինը պարտավոր է այն լուծել։

Երբ որևէ մեկը որևէ խնդրանքով դիմում է վերադասին, դա ակնհայտորեն խնդրանք է։ Իսկ երբ վերադասն է խնդրանքով դիմում ենթակային, դա արդեն խնդրանք չէ։ Դա ուղղակի բարեկիրթ դիմելաձև է, որով վերադասը, ըստ էության թելադրում է իր կամքը՝ դա պարտադրանք է․․․

Եվ ամենակարևորը այն է, թե իրականում ի՞նչ հանգամանքների բերումով է առաջացել այդ խնդրանք-պարտադրանքի անհրաժեշտությունը․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031