ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
2 տարի առաջ այս օրը, երբ ամենուրեք նախատոնական եռուզեռ ու տրամադրություններ էր, դեռ այդ ժամանակ բլոկադայի մեջ գտնվող Արցախում դատարկ խանութներ էր, ամենուրեք տագնապի զգացում:
Կարծես շատերը չեն հիշում կամ չեն ուզում հիշել տառապանքի այն օրերը, որոնք ուղեկցեցին արցախցի մեր հայրենակիցներին, իսկ մի փուլում բերեցին ծանր պատերազմ և բռնի տեղահանություն:
Այսօր էլ առավել լկտի ու ինքնագոհ իրենց պահում են բոլոր նրանք, ում հանցավոր անգործությամբ, իսկ որոշ դրվագներով` պայմանավորվածությամբ, հանձնվեց Արցախը:
Կարդացեք նաև
Տեղի ունեցածին որևէ արդարացում կամ բացատրություն չկա: Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը:
Այսօր, ոչ պակաս անբարոյական վարք են դրսևորում բոլոր այն անձինք, ովքեր գործող իշխանությանը սպասարկելու նպատակով կա´մ արդարացումներ են փնտրում Արցախի հանձնման համար կա´մ տարբեր նեղ շահերի ծառայեցման համար «պատասխանատուի բաճկոնը» փորձում են հագցնել իշխանությունից դուրս գործող ուժերին կամ գործիչներին:
Քարոզչության դերը ժամանակակից աշխարհում դժվար է թերագնահատել, սակայն պատմության ակնհայտ կեղծումներ պարզապես հնարավոր չէ:
Այլ է, երբ իշխանությունն է ուզում փրկել իր դեմքը, լրիվ այլ բան, երբ դա ներքաղաքական «ռազբոռկանների» համատեքստում անում են արտաքուստ ոչ իշխանական թվացող, սակայն նեղ շահերից ելնելով, կամա թե ակամա, իշխանության օրակարգը սպասարկող դեմքերը:
Ինչևէ, 2 տարի առաջ Արցախում սովի, անարդարության և գոյության կռիվ տվող Արցախցին այլևս իր բնօրրանում չէ:
Ճիշտ է` նրանց հիմնական մասն իր հայրենիքի հայաստանյան հատվածում է ապրում, սակայն դա եղած վերքերը ոչ մի կերպ չի սպիացնում: