Ինչպես է հնարավոր պարզեցնել մեր կյանքը
Սա այս տարվա վերջին հոդվածս է: Արդեն սկսվել է Սուրբ Ծննդյան պահքը, որի ժամանակ, կարծում եմ, պետք է մտածել հրաշքների մասին: Դրանք խոնարհ եւ աստվածահաճո մարդկանց համար են, ինչպիսիք էին Բեթղեհեմի մոտակայքում բացօթյա ապրող հովիվները, որոնք տեսան Տիրոջ հրեշտակին: Հովիվները, ոչ թե՝ հերոսները կամ փիլիսոփաները, իսկ Փրկիչը ծնվել է մսուրում, ոչ թե պալատում:
Ռուս գրող Նիկոլայ Լեսկովը պատմվածք (առակ) ունի՝ «Աստվածահաճո փայտահատը»: Կիպրոսի մի համայնքում դաժան երաշտ էր: Բոլոր բարեպաշտ քրիստոնյաներն աղոթում էին Աստծուն, որ նա անձրեւ բերի: Եպիսկոպոսը, որը բարի եւ աստվածավախ մարդ էր, նույնպես աղոթում էր, բայց՝ ապարդյուն: Եվ մի օր երկնքից ձայն լսվեց՝ դիմավորեք առաջին մարդուն, որը վաղը կգա քաղաք եւ խնդրեք, որ նա՛ աղոթք ասի:
Հաջորդ առավոտ դուրս է գալիս ամբողջ ժողովուրդը եւ տեսնում է, որ քաղաքի պարիսպներին մոտենում է մի աղքատ ծերունի՝ ցախի կապոցի տակ կքած: Բոլորը զարմանում են, որ հենց այդ ծերունու հետ պետք է հույսեր կապեն: Հազիվ ոտքերը շարժելով՝ ծերունին մոտենում է եպիսկոպոսին եւ երկար չեմուչում անելուց հետո, կատարում է նրա խնդրանքն ու աղոթում: Սկսվում է անձրեւը, եւ եպիսկոպոսը հարցուփորձ է անում փայտահատին, թե ինչպես է նա ապրում: Ծերունին առանձնապես պատմելու բան չուներ. քնում է եկեղեցու հատակի տակ (այն ժամանակ եկեղեցիները կառուցվում էին սյուների վրա), առավոտյան գնում է անտառ ցախ հավաքելու, վերադառնում է քաղաք, վաճառում է ցախը, այդ փողով հաց է գնում, ուտում է եւ կրկին վերադառնում է եկեղեցի՝ քնելու:
Կարդացեք նաև
Ինչի՞ մասին է այդ այլաբանությունը: Ինձ թվում է՝ կյանքը հնարավորինս պարզեցնելու եւ ունեցածի համար Աստծուն շնորհակալ լինելու: Նաեւ՝ ներելու: Որովհետեւ կուտակված վիրավորանքները հսկայական բեռ են, ավելի ծանր, քան ծերունու ցախի բեռը: Պատահական չէ, որ ռուսերեն упростить (հեշտացնել, պարզեցնել) եւ простить (ներել) բառերը գրեթե նույնն են:
Այս եւ բազմաթիվ այլ ստեղծագործություններում խոսվում է առաքինի մարդկանց, երբեմն նաեւ՝ սրբերի մասին: Փորձել մեկը մեկին նմանվել նրանց, մեր ուժերից վեր է, բայց դա ճանապարհ է («Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը ու կյանքը», Հովհ., 14:6), որով ցանկալի է, որ մենք գնանք:
Պողոս առաքյալը թվարկում է այն հատկությունները, որոնցով օժտված է առաքինի մարդը. «Հոգու պտուղներն են՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, ազնվություն, բարություն, հավատարմություն, հեզություն, ժուժկալություն» (Գաղատացիներին 5:22)։
Դրանցից, իմ կարծիքով, կարեւորներն են. սեր (լատիներեն՝ caritas, այստեղից care, charity բառերը)՝ անկեղծ հոգատարություն մերձավորների նկատմամբ: Համբերություն (patientia)` մարդու ունակությունն է՝ հավատով դիմանալ դժվարություններին եւ փորձություններին: Հեզություն (humilitas)՝ գիտակցությունն է, որ քո գործերը կախված են Աստծուց՝ մեծամտության, գոռոզության բացակայությունը:
«Նույն վերաբերմո՛ւնքն ունեցեք բոլորի հանդեպ, մեծամիտ մի՛ եղեք, խոնարհ մարդկանց հետ ընկերությո՛ւն արեք եւ ձեզ իմաստուն մի՛ համարեք», – մեկ այլ տեղում գրում է Պողոս առաքյալը (Հռոմ. 12:16):
Հեզության մեջ է մտնում նաեւ այն պարզ միտքը, որ մենք ինչ-որ բան կարող ենք չիմանալ: Որպես լրագրող՝ կարող եմ հաստատել, թե որքան քիչ են մարդիկ, որոնք իմ որեւէ հարցին ի պատասխան ասում են՝ «ես չգիտեմ»: Կամ՝ որքան շատ են սոցցանցերում մարդիկ, որոնք «մեկնաբանում են» բաներ, որոնց մասին ոչ մի պատկերացում չունեն:
Եվ վերջապես՝ ժուժկալություն (temperantia), երբ մենք կարողանում ենք վերահսկել մեր ցանկություններն ու կրքերը:
Ճշգրտորեն հետեւել Սուրբ Հոգու գոնե այս չորս պտուղներին (կամ արդյունքներին, պարգեւներին), կրկնեմ, գործնականում անհնարին է: Գրական ու աստվածաբանական պատմությունները տալիս են իդեալական պատկերներ, որոնք մեզ համար պետք է օրինակելի լինեն: Բայց երբ ես կամ որեւէ մեկը թվարկում է այդ առաքինությունները, ապա միգուցե դրանց հակասող ամեն մի քայլ անելուց առաջ մեզ մոտ միտք ծագի՝ «չէ՞ որ ես նման բաներ եմ ասել»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ