Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ, առանձին վերցրած, տարածաշրջանում խաղաղություն չի լինի

Դեկտեմբեր 31,2024 10:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մի քանի տեղ կարդացել եմ, որ 2025 թվականին մարդկությունը հրաժեշտ կտա պատրանքներին: Ո՞ր պատրանքները նկատի ունեն: Խոսքն այն մասին է, որ հատկապես Արեւմուտքում հասարակական կարծիքի առաջատարները շարունակում են հավատալ կամ, առնվազն, հավաստիացնել, որ շուտով ամբողջ մարդկությունը կմշակի համընդհանուր հումանիստական սկզբունքներ, եւ կգա մի պայծառ դարաշրջան, «միլիոնները կգրկախառնվեն», ինչպես որ դա նկարագրված է Շիլլերի խոսքերով գրված Բեթհովենի «Ցնծության ձոնում»:

Ինչպես գիտեք, այդ ձոնը Եվրամիության օրհներգն է: Բայց նույն ԵՄ-ն, երբ ստեղծվում էր, սկզբից նախատեսում էր, որ իր կապույտ դրոշի վրա աստղերի հետ միասին մեջտեղում կլինի Մարիամ Աստվածածնի նկարը: Հետո, հավանաբար, որոշեցին, որ դա «պոլիտկոռեկտ» չի: Բայց առանց այդ բաղադրիչի, վախենամ, «գրկախառնվել» չի ստացվի նույնիսկ Եվրոպայում: Կամ ինչպես իրավացիորեն նշում էր Մակրոնը վերջերս իմ հիշատակած 2019 թվականի ելույթում, ինչպես հնարավոր չէ մեկ՝ առանձին վերցրած երկրում կառուցել սոցիալիզմ, այնպես էլ հնարավոր չէ այդպիսի «լոկալ» հումանիզմ:

Պատրանքները, սակայն, մնում են: Նրանք, ովքեր դրանք տարածում են, բավականին ցինիկ մարդիկ են եւ շատ լավ գիտեն, որ ո՛չ 2025 թվականին, ո՛չ էլ տեսանելի ապագայում պատերազմը չի ավարտվի: Ռուս-ուկրաինական ճակատում զինադադարը հնարավոր է, բայց դա ամենեւին չի նշանակում այնտեղ, ինչպես նաեւ բազմաթիվ այլ տեղերում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, պատերազմի ավարտ:

Այո, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը նույնպես չի ավարտվել: Եթե անգամ 2025-ին Ալիեւին ու Փաշինյանը ինչ-որ թուղթ ստորագրեն, որով Հայաստանը պարտավոր է փոխել սահմանադրությունը, չունենալ բանակ, հրաժարվել թշնամու կողմից բռնազավթած իր ինքնիշխան տարածքից, հանձնել «անկլավները», Հայաստան բերել 300 հազար ադրբեջանցիների, Սյունիքում տրամադրել «միջանցք» եւ վճարել միլիարդավոր «ռազմատուգանքներ», միեւնույն է՝ դա ո՛չ 2025 թվականին, ո՛չ հետագայում խաղաղություն չի ապահովելու: Որովհետեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի նպատակը հայկական պետականության իսպառ վերացումն է, եւ դրան ոչ մի արտաքին խաղացող, մեծ հաշվով, դեմ չէ: Նաեւ այն պատճառով, որ խաղաղություն նույնպես չի լինի մեկ առանձին տարածաշրջանում:

Իհարկե, ես էլ կարող եմ խաբել եւ ասել, որ «2025 թվականը բեկումնային կլինի հայ ժողովրդի պատմության մեջ»: Կամ մեր ընդդիմադիրների նման խաբեմ՝ ասելով, որ «հաջորդ տարի մենք կազատվենք Փաշինյանից»:

Բայց ավելի լավ է՝ պատրաստ լինենք, որ տարին ծանր է լինելու, նաեւ՝ սոցիալական առումով: Սակայն արտաքին աշխարհում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն մեզ՝ յուրաքանչյուրիս, չի կարող խանգարել մարդ մնալ: Եթե, իհարկե, նման ցանկություն կա:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031