Անհետ կորածների հարազատներին զայրացրել էին ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով նախագահ, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով նախագահ Անդրանիկ Քոչարյանի ակնարկները:
Մինչ նրա հետ հանդիպման պահանջով անհետ կորածների հարազատները դեկտեմբերի 27-ին փակել էին Բաղրամյան պողոտան՝ Անդրանիկ Քոչարյանը «Առաջին լրատվականին» ասել էր. «Շատ անակնկալ էր այսօր գալը, փողոց փակելը…»։ Լրագրողի հարցին, թե ուղղորդվա՞ծ էր այդ հավաքը, Քոչարյանը պատասխանել էր. «Դե եթե դրան զուգահեռ խոսում է Բագրատ հոգևորականը… »։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանն» ավելի ուշ ասել էր. «Ինչ-որ շահարկումներ են եղել, որ ինչ-որ քաղաքական ուժի հետ կապ ունեն, ընդդիմության հետ կապ ունեն»։ Նա սխալ էր որակել Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը, ապա բացատրել՝ իր գործընկեր Քոչարյանը լրագրողի հարցին ի պատասխան գուցե ճիշտ չի ձևակերպել պատասխանը, և դա առաջացրել է մարդկանց արդարացի զայրույթը. «Ֆիքսեցինք, որ այս մարդիկ որևիցե քաղաքական ուժի հետ կապ չունեն, չգիտեմ՝ «Սրբազան պայքարի» հետ էին կապում: Նման բան չկա։ Այդ մարդիկ իրենց խնդիրն ունեն, որը հասկանալի է ու տեղին է, ու որևիցե ձևով քաղաքականացնել ու քաղաքական ուժի հետ կապելը ամենասխալ բանն է»։
Կարդացեք նաև
44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանն էլ հավելել էր, որ Անդրանիկ Քոչարյանը «խոստացել է», որ ֆեյսբուքյան իր էջով մինչև երկուշաբթի կհերքի իր խոսքերը, ներողություն կխնդրի։
Մինչդեռ այսօր էլ Անդրանիկ Քոչարյանի Ֆեյսբուքի էջում նման տեքստ չհայտնվեց:
Փոխարենը նա հարցազրույց է տվել News.am-ին, որի ընթացքում մասնավորապես ասել է. «Իմ համար տարօրինակ էր այդ օրը, որ իմ հետ չհամաձայնեցված էսպես գործողություններ սկսվեցին, բավականին էմոցիոնալ: Եվ այդ էմոցիոնալ ֆոնը փոխանցվեց նաեւ ինձ եւ իմ գնահատականների մեջ որոշ լրատվականների հետ հանդիպման ժամանակ ինքս էլ էմոցիոնալ դաշտի տրամաբանությամբ որոշ մեկնաբանություններ եմ տվել, որը նաեւ գուցե ինչ որ տեղ լարվածությունն ավելի մեծացրել էր»:
Նաեւ հավելել է, թե դեկտեմբերի 28-ին անհետ կորածների հարազատների հետ իր եւ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է «Առաջին լրատվականին» տված հարցազրույցի այդ դրվագը. «Ասել եմ, որ երբեւիցե նկատի չեմ ունեցել, որ ծնողների եւ հոգեւորականի կապը քաղաքական դրսեւորումների միջավայրում: Դա այդպես չի: Վստահաբար ասում եմ, որ այդպես չի»: Պնդեց, որ նման մտադրություն չի ունեցել. «Եվ եթե այդպես են հասկացել՝ թող ներողամիտ լինեն»: