ՖԻԴԵ-ի վարքականոնը խախտելու պատճառով արագ շախմատի աշխարհի առաջնությունից հեռացվելուց հետո նորվեգացի Մագնուս Կարլսենը հայտարարել էր, որ այլեւս չի մասնակցի ՖԻԴԵ-ի կազմակերպած մրցաշարերին: Դրանից կարճ ժամանակ անց լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ աշխարհի նախկին չեմպիոնը եւ ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը քննարկել են ստեղծված իրավիճակը եւ Կարլսենը փոխել է որոշումը: Տեղեկությունը հաստատել էին նաեւ Կարլսենն ու Դվորկովիչը:
Մասնավորապես, ՖԻԴԵ-ի նախագահը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ, որում ասվում է. «Ինչ վերաբերում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնություններում կիրառվող կանոններին, ապա հիմնվելով մեր գործընկերների հետ խորհրդակցությունների վրա, ես որոշեցի որդեգրել այնպիսի մոտեցում, որը ՖԻԴԵ-ի պաշտոնատար անձանց հագուստի թույլատրելիության հետ կապված դատողություններ անելու ավելի մեծ ճկունություն կընձեռի: Այդպիսի դատողություններ անելու եւ վերջնական որոշումներ կայացնելու համար, եթե կասկածներ կառաջանան, կներգրավվեն հատուկ օգնականներ: Սկզբունքը պարզ է. առաջվա պես պահանջվում է պահպանել վարքականոնները, սակայն թույլատրելի են էլեգանտ ոչ մեծ շեղումներ, մասնավորապես, պիջակի գույնին համապատասխանող ջինսե տաբատները: Վերջին հաշվով Նոր տարի է, եւ ես անկեղծորեն հույս եմ փայփայում, որ ոչ ոք չի ցանկանա փչացնել տոնական տրամադրությունը, այդ թվում՝ չարաշահել այդ լրացուցիչ ճկունությունը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ