Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզխորհրդի նիստ Շիրակում՝ նոր ձեռագրով ու համարձակ թեմաների քննարկմամբ

Դեկտեմբեր 30,2024 20:50

Այսօր Շիրակի մարզպետարանում տեղի ունեցավ տարեվերջյան մարզխորհրդի նիստը, որը վարում էր նորանշանակ մարզպետ Դավիթ Առուշանյանը։ Այն անցավ բավական ակտիվ՝  հետաքրքիր քննարկումներով, մարզում առկա կարևորագույն խնդիրների արծարծմամբ։  Նշենք, որ մասնակցում էին նաև ուժային կառույցների ղեկավարները։

Մարզպետարանի յուրաքանչյուր ոլորտի պատասխանատու հանդես էր գալիս հաշվետվությամբ, երբ հերթը հասավ  սուբվենցիոն ծրագրերի իրականացման մասին զեկույցին, Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանը դժգոհեց, որ թեև մրցույթները ճիշտ ժամանակին հայտարարվում են, սակայն մեծ խնդիր կա նախագծողների հետ, և եթե սև ցուցակ ուղարկելու լինի, բոլորին միասին կընդգրկի այդ ցուցակում։

Այդ ինստիտուտը, նրա համոզմամբ, չի աշխատում։

Սա առիթ դարձավ, որ բավական անկեղծ զրույց ծավալվի մարզպետի ու համայնքների ղեկավարների միջև։

Մարզպետը խորհուրդ տվեց․ «Մեկ-երկու նախագծողի որ պատժեք, մյուսները կամաց-կամաց կսկսեն աշխատել»։

Արման Սարիբեկյանն ասաց, որ որ պատժել է, սակայն հնար չկա, մասնագետների խնդիր կա։

«Տարբերակ պիտի գտնենք այդ հարցը լուծելու, նախագծողի փնթի աշխատանքի պատճառով բնակիչն ասֆալտ չի ունենա, բնակիչը մանկապարտեզ չի ունենա, զրոյից կառուցած մանկապարտեզները մինչև էսօր չեն շահագործվում։

Երեխեքն այդ մանկապարտեզի կողքով անցնում են, հեքիաթի պես նայում են,  որովհետև չկա միջի գույքը, որ կարողանան շահագործել։ Խնդիր է դա մեր համար, բնակչի համար ընդհանրապես մեկ է  այդ մանկապարտեզի գույքը բյուրոկրատական քաշքշուկներով տանել-բերելը, դա հետաքրքիր չէ բնակչին, հատկապես համայնքը փողն ունի, կառավարությունը փողն ունի, տրամադրել է գումարի իրեն մասնաբաժինը, բայց այդ ամենը չի լինում։ Աբսուրդ է էլի, փողը կա, ծախսելու ձևը չգիտենք, փողը կա, չգիտենք ինչ ձևի կազմակերպենք, որ օր առաջ այդ խնդիրը լուծվի», -ասաց մարզպետը։

Նա համայնքապետերին հորդորեց շատ խիստ լինել այս հարցում, միաժամանակ ասաց, որ մարզպետարանը 24 ժամ բաց է այդ խնդիրները լուծելու համար։

Դավիթ Առուշանյանը նաև նշեց, որ սուբվենցիոն ծրագրերի իրագործման ժամանակ խնդիր է առաջանում նաև որակի ու ժամկետի հետ կապված։

«Որակն ու ժամկետները  շատ խիստ պիտի պահպանվեն, որ եթե ընկերությունը  նախանշած ժամկետներն անցավ ու չհասցրեց ավարտել շինարարությունը օրենքով սահմանված կարգով պիտի պատժվի՝ տույժեր, տուգանքներ, սև ցուցակ, ինչ հնարավոր է, որ մյուսները հասկանան՝ մի ընկերություն չգա 30 հատ մրցույթ շահի, չկարողանա հասցնել անել, սկսի մտածել՝ որը ինչ ձևի անի։

 

Թող մեկ ընկերության փոխարեն գան հինգ ընկերություններ վեց-վեց հատով վերցնեն, որ հասցնեն։ Ամեն շինարարություն երկար ժամանակ է տևում, այդ ժամանակի հաշվին որակի հետ խնդիրներ ենք էլ ունենում։ Մենք չենք սարքում սարքելու համար, մենք սարքում ենք, որ երկար տարիներ ծառայի բնակիչներին, որովհետև մեծ գումարներ են տրամադրվում, դուք գիտեք ինչ սուբվենցիա ներկայացնում եք, կառավարությունն իր մասնաբաժինը հաստատում է»,-ասաց Դավիթ Առուշանյանը։

Նա նաև ասաց, որ մարզպետարանի աշխատանքային խմբերը շինարարության ողջ ժամանակահատվածում հետևելու են, հսկելու են որակը, ինչը իրենց սրտով ու օրենքով սահմանված կարգով չի լինի, այդ շինարարությունը չի շարունակվի։

Անիի համայնքապետ Արման Սարիբեկյանը, համակ ուշադրությամբ լսելով մարզպետի խոսքը ու անչափ ոգևորվելով նրա դիրքորոշումից,  որոշեց ներկայացնել իր փորձը, թե ինչ է իրականում կատարվում և ինչ կոռուպցիոն սխեմա է  բացահայտել։

Նա ասաց, որ նախագծողները ու շինարարական ընկերությունները որոշել են ոչ մի մրցույթի չմասնակցել Անի համայնքում, որովհետև ոչ մի համայնքում այդպես խստապահանջ  չեն։  Անի համայնքի ղեկավարը դժգոհեց, որ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է․ Էլցանցից, ջրմուղից, գազի գրասենյակից վերցրած թղթերը կնիքված են, սակայն իրականում էլեկտրական հոսանք է անցնում խանութի, մայթի տակով, անգամ հրդեհ է բռնվել, բարեբախտաբար մարդկային զոհեր չեն ունեցել։  Այսինքն՝ իրականում ոչ մի  համագործակցություն այդ կառույցների միջև չկա, փաստաթղթերը ձևական են տրամադրում։

«Էլցանցին ասում եմ, որ պեչատել եք, թուղթը տվել եք, պիտի տայիք սխեմա, որ մարդիկ հասկանային, այդտեղ ինչ ձևի վերաբերվի շինարարը, բացարձակ այդ ինստիտուտները չեն աշխատում։ Նախագծողը մոտավոր է գծում, թե ինչ կա-չկա ու խնդիր է առաջանում։

Եվ հետո՝ երբ ասում եք պատժեք, սև ցուցակ ուղարկեք, հինգ հոգու ուղարկել եմ սև ցուցակ, էդ մարդիկ գնացել են, ուրիշի ՝տան մյուս անդամի անունով են էլի բացել ֆիրմա, էլի մասնակցում են։ Պետական վերահսկողական ծառայությունը մեզ գրություն է գրում,  էդ բազային մենք չենք տիրապետում , ասում է՝ ինչո՞ւ եք թույլ տվեք էս մարդիկ մրցույթին  մասնակցեն։

Հարգելիս, եթե էդ մարդը մասնակցել է, դուք պիտի կանխեք, որ  մասնակցած չլիներ։ Ասում են՝ էս մարդը սև ցուցակ է գնացել, փոխկապակցված է, ես էլ պատասխանում եմ, որ այդ ինֆորմացիային միայն դուք եք տիրապետում», -ասաց Արման Սարիբեկյանը։

Դավիթ Առուշանյանն խոստացավ՝ համատեղ աշխատանքի ընթացքում կլինեն լուծումներ, դրանք կկիրառվեն օրենքի սահմաններում, երբեմն էլ օրենքի սահմաններից դուրս։

Դավիթ Առուշանյանը, նկատելով Անիի համայնքապետի ոգևորությունը, կատակեց․ «Պարոն Սարիբեկյան, ես գիտեմ, դուք ինչ ձևի եք շատ հարցեր Անի համայնքում լուծում», ինչին ի պատասխան՝ Անիի համայնքապետը  լայն ժպտալով պատասխանեց․ «Վերջում պիտի դատվեմ»։

Մարզպետը շարունակեց․ «Պարոն Սարիբեկյան, եթե համայնքը սարքելու, շենացնելու համար պիտի դատվեք, ես լրիվ համաձայն եմ, որ, որ մենք միասին այդ ճանապարհով անցնենք, եթե այդ ամենը միտված է ի շահ համայնքի, ի շահ բնակչի»։

Դավիթ Առուշանյանը համայնքապետերին առաջարկեց սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելիս՝ ոչ թե միշտ գնալ ասֆալտի հետևից, այլ ասենք՝ սպանդանոցների։ Սրանով նաև  կկարողանան աշխատատեղերի հարց  լուծել համայնքներում։

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031