ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը այս տարի վերջին անգամ հյուրընկալվելով «Հայելի» ակումբում՝ ամփոփեց ինչպես անցնող շաբաթը, այնպես էլ 2024 թվականը:
«Անցած շաբաթ հանրային քննարկման առարկաներից մեկը դարձավ Երեւանի քաղաքապետի հոր տված մեկնաբանությունը լրագրողին: Նախ, դա այն մարդն է, որը, մամուլում տեղեկություն կար, վերջին շրջանում $ 50 հազար արժողությամբ Volkswagen մակնիշի մեքենա է նվիրել Տիգրան Ավինյանի կնոջը: Ու այդպես էլ որեւէ մեկին պարզ չէ, թե նրան որտեղից այդքան փող, որ հարսին այդպիսի նվեր է արել: Ընդ որում, նվեր արել է այն ժամանակ, երբ տղան եղել է փոխվարչապետ կամ Երեւանի քաղաքապետ: Պարզվեց նաեւ, որ իր մեքենան էլ է էլեկտրոմոբիլ:
Ըստ էության Տիգրան Ավինյանի հայրը ոչ միայն երեւանցիներին, այլեւ Հայաստանի քաղաքացիներին համարձակվել է վիրավորել՝ ասելով «համբալ»: Ու մարդկանց այդպես անվանելու նրա շարժառիթը մարդկանց սոցիալական դրությունն է: Կոնկրետ դեպքում՝ ոչ թանկարժեք մեքենա ունենալու հանգամանքը: Այսինքն, «համբալ» են նրանք, ովքեր իրենց նման չեն վարում շատ թանկարժեք մեքենա:
Այս բնութագրումը դեռ վերաբերում է ոչ թանկարժեք մեքենա վարողներին: Բա, պատկերացրեք ընդհանրապես նրանց, ովքեր նույնիսկ Opel չունեն: Ստացվում է, որ նրանք անգամ «համբալ» էլ չեն:
Կարդացեք նաև
Տրամաբանական հարց: Եթե դու քաղաքապետի հայրն ես, քո տղան էլ առավոտից՝ իրիկուն գովում է, թե իրենք հանրային տրանսպորտի ոլորտում ինչ բարեփոխումներ են արել, ինչ հարմարավետ տրանսպորտ են ստեղծել՝ գնացել նոր ավտոբուսներ են բերել եւ այլն, բա ինչի՞ ես ավտոմեքենայով երթեւեկում ու չես երթեւեկում հանրային տրանսպորտով: Այսինքն, ենթադրվում է, որ քաղաքապետի հայրը պետք է լինի իր որդու գործունեության շահառուն՝ երթեւեկի հանրային տրանսպորտով: Բայց պարզվում է, որ նա ոչ միայն տրանսպորտով չի երթեւեկում, այլ երթեւեկում է այնպիսի տրանսպորտով, որի համար կարմիր գծերը ձրի են:
Ուզում եմ, որ հիմա մեզ հետեւողները ուշադրություն դարձնեն մի շատ կարեւոր հանգամանքի վրա: Ընդհանրապես, ցանկացած հանրային խոսքում մարդն իրեն ավելի պատասխանատու է զգում, քան սովորական, առօրյա շփումներում: Եվ երբ գիտես, որ քեզ սովորական պապարացի չի մոտեցել, այլ լրագրող, ու դու գիտես, որ լրագրողի հետ ես խոսում, նշանակում է՝ քո խոսքն ուղղված է հանրությանը: Հետեւաբար, նման դեպքերում մարդու զգոնությունը որոշակիորեն բարձրանում է, շատերն էլ տեսախցիկի առջեւ կաշկանդվում են, անգամ չեն կարողանում խոսել: Իսկ այդ մարդը գիտեր, որ լրագրողի հետ է խոսում ու իր խոսքն ուղղված էր հանրությանը»:
Էդգար Ղազարյանը անդրադարձավ նաեւ Ազգային ժողովում այսպես ասած իրական Հայաստանի քարտեզը փակցնելուն եւ այդ առիթով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արած գրառմանը: «Այդ նույն Ալեն Սիմոնյանը 2020 թվականին որպես ԱԺ փոխնախագահ գլխավորել է Հայաստանի ԱԺ դիտորդական պատվիրակության առաքելությունը Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի եւ նախագահի ընտրությունների ժամանակ: Եվ ներկայացրել է հաշվետվություն, որ, Արցախում ընտրություններն անցկացվել են ժողովրդավարության չափանիշներին համապատասխան: Հիմա՝ հարց. որ Արցախը Հայաստանի տարածք չէր, մեր հետ կապ չուներ եւ եթե իրական Հայաստանը սա է, դու 2020 թվականին Ստեփանակերտում ի՞նչ ղալաթ ես արել: Էլ չեմ ասում Աղդամի այգիների նռները: Եթե դու ինքդ որպես ԱԺ փոխնախագահ գնացել ես այնտեղ որպես պատվիրակության ղեկավար, հանցագործություն ես արե՞լ: Բա եթե հանցագործություն ես արել, այդ ընտրություններով ընտրված Արայիկ Հարությունյանը, Արցախի ԱԺ նախագահը Բաքվի բանտերում են, դու ինչի՞ ես Երեւանում: Ուրեմն, կամ դու էլ պիտի գնաս այնտեղ, կամ էլ նրանք պիտի գան այստեղ»,-ասաց Էդգար Ղազարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ