Լրահոս
Օրվա լրահոսը

Գաբրիել Չենբերջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը զուրկ է իրավական և փաստական հիմքերից․ հայտարարություն

Դեկտեմբեր 30,2024 18:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայտարարություն Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի կողմից

2018 թվականի մայիսի 2-ին հարուցված քրեական գործը վեց ու կես տարի շարունակվել է առանց էական առաջընթացի: Այս ողջ ժամանակահատվածում Գաբրիել Չենբերջյանը, հանդես գալով որպես վկա, ցուցաբերել է բացառիկ համագործակցություն՝ երկու անգամ՝ 2018 թվականի հուլիսի 25-ին և 2023 թվականի հոկտեմբերի 10-ին, սեփական նախաձեռնությամբ և առանց փաստաբանի ներկայանալով հարցաքննության և տրամադրելով սպառիչ ցուցմունքներ: Նշված ժամանակահատվածում նրա մասնակցությամբ որևէ այլ քննչական գործողություն չի իրականացվել, և նոր ապացույցներ ձեռք չեն բերվել:

Հատկանշական է, որ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում քրեական վարույթի նախաքննությամբ որևէ նոր փաստական տվյալ կամ ապացույց ձեռք չբերելով՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին հսկող դատախազը, հիմնվելով բացառապես գործում առկա վաղեմի տվյալների վրա, կայացրեց Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշում՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ըստ մեղադրանքի՝ նա իբր միջոցներ տրամադրելու և խոչընդոտներ վերացնելու եղանակով օժանդակել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով գումարի օրինականացմանը:

Ուշագրավ է որոշման ընթացքը. այն վարույթն իրականացնող մարմին է ուղարկվել հաջորդ օրը՝ առավոտյան ժամը 06:55-ին, իսկ արդեն 07:10-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը որոշում է կայացրել ձերբակալել Գաբրիել Չենբերջյանին: Այս շտապողական գործողությունների անհիմն բնույթը հաստատվել է դեկտեմբերի 6-ին, երբ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը, ուսումնասիրելով գործի հանգամանքները, մերժել է քննիչի՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդությունը՝ անհապաղ ազատ արձակելով Գաբրիել Չենբերջյանին: Սա էական իրավական գնահատական է տվյալ գործընթացի օրինականությանը:

2024 թվականի դեկտեմբերի 13-ին ՀՀ դատախազությունը հատուկ վերանայման բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան: Այս կապակցությամբ մենք՝ որպես Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբ, անհրաժեշտ ենք համարում ներկայացնել մեր հիմնավորված դիրքորոշումը հետևյալ հանգամանքների վերաբերյալ:

Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է և հակասում է ինչպես գործում առկա փաստական հանգամանքներին, այնպես էլ առողջ տրամաբանությանը: Մեր այս դիրքորոշումը հիմնավորվում է հետևյալ անվիճելի փաստերով:

Առաջին՝ մեղադրանքի հիմքում ընկած է իրավական պարադոքս. Գաբրիել Չենբերջյանին մեղադրում են սեփական, օրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների օրինականացմանն օժանդակելու մեջ: Սա ոչ միայն տրամաբանական, այլև իրավական առումով անհեթեթ է: Միջոցները, որոնց մասին խոսվում է գործում, ձևավորվել են Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Ֆրանսիայում իրականացված օրինական ձեռնարկատիրական գործունեության արդյունքում և Հայաստան են փոխանցվել բացառապես բանկային համակարգի միջոցով:

Երկրորդ՝ վեց ու կես տարվա քննությունը չի բացահայտել որևէ ապացույց, որը կվկայեր միջոցների ապօրինի ծագման մասին: Ընդհակառակը, գործում առկա բոլոր փաստաթղթերը, ներառյալ բանկային փոխանցումների ողջ փաթեթը, հաստատում են դրանց օրինական բնույթը: Սա էական հանգամանք է, որը լիովին անտեսվել է մեղադրանքի կողմից:

Երրորդ՝ վեց ու կես տարվա քննության ընթացքում Գաբրիել Չենբերջյանը ցուցաբերել է բացառիկ համագործակցություն քննության հետ. նա ոչ միայն չի թաքնվել և չի փորձել խուսափել քննությունից, այլև առանց փաստաբանի ներկայանալով՝ տվել է սպառիչ ցուցմունքներ: Նման վարքագիծը լիովին հակասում է ներկայացված մեղադրանքին և կալանավորման անհրաժեշտության մասին ՀՀ դատախազության և հակակոռուպցիոն կոմիտեի  պնդումներին:

Չորրորդ՝ Գաբրիել Չենբերջյանի գործունեությունն ու ներդրումները Հայաստանում եղել են բացառապես թափանցիկ և հաշվետու: Նշանակալի է, որ նա Հայաստանում և Արցախում երբևէ չի զբաղվել պետական միջոցներից ֆինանսավորվող ձեռնարկատիրական գործունեությամբ, այլ հանդես է եկել միայն որպես ներդրող և բարերար: 2008 թվականից գործող «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի միջոցով իրականացվել են ավելի քան հիսուն միլիոն ԱՄՆ դոլարի ծրագրեր, որոնց հիմնական նվիրատուն եղել է անձամբ Գաբրիել Չենբերջյանը:

Հինգերորդ՝ ուշագրավ է, որ մեղադրանքի հիմքում ընկած է ընդամենը այլ անձի լիազորագիր տալու հանգամանքը, որը պայմանավորված է եղել սեփական բանկային հաշվից օգտվելու գործնական անհրաժեշտությամբ: Նման գործողությունը ոչ մի կերպ չի կարող դիտարկվել որպես հանցավոր արարք:

Վեցերորդ՝ Գաբրիել Չենբերջյանն առ այսօր շարունակում է իր նշանակալի աջակցությունը ցուցաբերել թե՛ պետությանը և թե՛ եկեղեցուն՝ հավատարիմ մնալով իր հայրենանվեր գործունեության սկզբունքներին: Նման երկարամյա և հետևողական գործունեությունը վկայում է նրա՝ հանրային շահին ծառայելու անխախտ նվիրվածության մասին:

Ներկայացված փաստերը վկայում են, որ Գաբրիել Չենբերջյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը զուրկ է իրավական և փաստական հիմքերից: Անհիմն մեղադրանքը վտանգում է ոչ միայն միջազգային հեղինակություն վայելող գործարարի և բարերարի հեղինակությունը, այլև Հայաստանի ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը:

Հաշվի առնելով գործի հասարակական հնչեղությունը, կարևորում ենք ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի բանավոր ընթացակարգով դատաքննության անցկացումը, որը կապահովի գործի քննության թափանցիկությունն ու հանրության վստահությունը հակակոռուպցիոն դատական համակարգի նկատմամբ: Վստահ ենք, որ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի անաչառ քննությունը կհաստատի ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կալանավորման միջնորդության մերժման որոշման օրինականությունը՝ դրանով իսկ վերահաստատելով օրենքի գերակայությունը:

Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Աշոտ ՍԻՄՈՆՅԱՆ           

30․12․2024թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031