«Այս իշխանությունների մեջ քաջություն չեղավ պատերազմը հաղթական տանելու և փորձեցին այս ամենը շրջանցել։ Հիշում եմ՝ 2016-ի պատերազմը, նույն ծրագիրն էր ու թշնամին։ Նրանք գնացել էին ոչ թե պարտվելու, այլ հաղթելու։ Թե ինչ քաղաքական մոտեցումներ հանդես բերեցին, որտեղ ինչ խոստացան, ինչ մանևրումներ բանեցրին, նրանք հասան այն ամենին, ինչը կարելի էր հաղթանակ բնորոշել, որ չնչին տարածքային կորստով և ցավալի հարյուր զինվորի կորստով մենք դուրս եկանք, իսկ այս իշխանությունները 5000 զինվոր զոհելով, տասնյակ հազարներ վիրավորելով` այդ ամբողջ տարածքները թողեցին թշնամուն»,- «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց 44-օրյա պատերազմում հանուն հայրենիքի նահատակված Վաչագան Մանուկյանի հայրը՝ բանաստեղծ եւ հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը։
Ըստ նրա՝ այս իշխանությունների վարած քաղաքականության պատճառով հիմա ՀՀ-ն սեղանի վրա դրված է, ոչ թե սեղանի կողքին բանակցողների թվում․ «Եվ ուրեմն կարողացան իջեցնել շրիշակից ցածր մակարդակի, մեզ տարան կործանման, երկիրը մոտեցրին իրենց կարողությունների մակարդակին, խավար են ստեղծել ու խավարի մեջ խարխափում են»։
Խաչիկ Մանուկյանը վստահ է, որ դավաճանները պատժվելու են, մեր գերիները վերադառնալու են, հայի արժանապատվությունը վերականգնվելու է․ «Եվ դա սկսվելու է հենց մեր ռազմագերիների և ռազմական էլիտայի վերադարձից»։ Նա նշեց, որ ծնողները հավաքվելու են Եռաբլուրում․ «Մեզ միանալու է Բագրատ սրբազանը, որը միշտ մեր զավակների կողքին է եղել։ Եռաբլուրում էլ մեկ անգամ ևս ուխտ ենք անելու, որ մեր որդիների հաղթանակները կիսատ չենք թողնելու, նրանց հզոր, ուժեղ հայրենիք ունենալու գաղափարն անպայմանորեն պիտի կայացնենք, պիտի այն Հայաստանը ստեղծենք, որտեղ արժանապատվորեն պետք է ապրի հայը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ