Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-ում հունվարի 9-ը սգո օր է հայտարարվել՝ նախկին նախագահ Ջիմի Քարթերի մահվան կապակցությամբ

Դեկտեմբեր 30,2024 16:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը մահացել է կիրակի կեսօրին Ջորջիայում 100 տարեկան հասակում, հայտնումէ «Ամերիկայի ձայն»-ը:

Ջիմի Քարթեր. դեմոկրատ նախագահ, որը բախվել է տնտեսական ճգնաժամի և Իրանում ամերիկացի պատանդների գերեվարման ու Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության հաստատմանը, հետագայում արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մարդասիրական գործունեության համար:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քարթերը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1977 թվականի հունվարից մինչև 1981 թվականի հունվարը՝ 1976 թվականի ընտրություններում հաղթելով հանրապետական գործող նախագահ Ջերալդ Ֆորդին։ Չորս տարի անց Քարթերը ընտրություններում մեծ տարբերությամբ պարտվեց հանրապետական Ռոնալդ Ռեյգանին՝ Կալիֆոռնիայի նախկին դերասանին և նահանգապետին:

Քարթերն իր պաշտոնավարման ավարտից հետո ավելի երկար ապրեց, քան ԱՄՆ-ի այլ նախագահները, և նրա հետնախագահական գործունեությունը շատերի կողմից գնահատվում է ավելի հաջողված, քան նրա նախագահությունը, ինչի հետ բացահայտորեն համաձայն էր ինքը՝ Քարթերը:

Նրա նախագահությունը նշանավորվեց ինչպես հաջողություններով, ինչպիսիք են 1978 թ-ին Իսրայելի և Եգիպտոսի միջև կնքված Քեմփ-Դեյվիդի համաձայնագիրը, որը կայունություն բերեց Մերձավոր Արևելքին, այնպես էլ մարտահրավերներով, ներառյալ տնտեսական անկումը, նրա նկատմամբ վստահության նվազումը և Իրանի պատանդների հետ կապված երկարատև ճգնաժամը նրա նախագահության օրերին։

Վերջին տարիներին Քարթերը մի շարք առողջական խնդիրներ է ունեցել, այդ թվում՝ մելանոմա, որը տարածվել է նրա լյարդի և ուղեղի վրա։ 2023 թվականի փետրվարին նա որոշեց անցնել պալիատիվ խնամքի՝ հետագա բուժման փոխարեն։ Նրա կինը՝ Ռոզալին Քարթերը մահացել է 2023 թվականի նոյեմբերի 19-ին 96 տարեկան հասակում։ Նրա հուղարկավորության ժամանակ Քարթերը թույլ տեսք ուներ և նստած էր անվասայլակին:

Չնայած Քարթերի նկատմամբ ժողովրդականության պակասի նախագահի պաշտոնը լքելու պահին, նա տասնամյակներ շարունակ ակտիվ մարդասիրական աշխատանք էր կատարում: 2002 թվականին նա արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «միջազգային հակամարտություններին խաղաղ լուծումներ գտնելու, ժողովրդավարության և մարդու իրավունքների խթանման, տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստելու անխոնջ ջանքերի համար»։

Քարթերը ցենտրիստ էր՝ պոպուլիստական հակումներով, երբ զբաղեցնում էր Ջորջիայի նահանգապետի, իսկ հետագայում նախագահի պաշտոնները։ Նա օտար էր Վաշինգտոնի համար, սակայն այդ ժամանակ Ամերիկան դեռ ցնցված էր Ուոթերգեյթի սկանդալից, որը հանգեցրեց հանրապետական Ռիչարդ Նիքսոնի հրաժարականին 1974 թվականին:

1991 թվականին իր նախագահության մասին մի վավերագրական ֆիլմում Քարթերն ասել է. «Մեր ամենամեծ ձախողումը քաղաքական ձախողումն էր: Ես երբեք չեմ կարողացել համոզել ամերիկյան ժողովրդին, որ ես ուժեղ և վճռական առաջնորդ եմ»:

Քչերը կարող են համեմատվել Քարթերի հետնախագահական նվաճումների հետ: Նա համաշխարհային ճանաչում ձեռք բերեց որպես մարդու իրավունքների անխոնջ ջատագով, անապահով խավերի ձայն և առաջնորդ սովի և աղքատության դեմ պայքարում՝ վաստակելով այն հարգանքը, որը նրան պակասում էր Սպիտակ տանը:

Քարթերը 2002 թվականին ստացել է Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Եթովպիայում, Էրիթրեայում, Բոսնիայում և Հայիթիում մարդու իրավունքների պաշտպանության և հակամարտությունների կարգավորմանն ուղղված ջանքերի համար: Ատլանտայում գտնվող Քարթերի կենտրոնը միջազգային պատվիրակություններ է ուղարկել ընտրությունները դիտարկելու համար ողջ աշխարհով մեկ:

Քարթերը ստեղծեց երկու նոր նախարարություն՝ կրթության և էներգետիկայի: Վառելիքի բարձր գների ֆոնին նա ասաց, որ Ամերիկայի էներգետիկ ճգնաժամը «պատերազմի բարոյական համարժեքն է» և կոչ արեց երկրին խնայել փողերը։ «Մենք աշխարհի ամենաշատ վատնող ազգն ենք», – ասել է նա ամերիկացիներին 1977 թվականին:

Ջիմի Քարթերը հաղթեց դեմոկրատների նախնական ընտրություններում 1980 թվականին, բայց պարտվեց հանրապետական իր հակառակորդին: Ռոնալդ Ռեյգանը, որն իրեն ներկայացրել էր որպես ուժեղ առաջնորդ, հաղթեց Քարթերին 50 նահանգներից 44-ում՝ ապահովելով ընտրողների կոլեգիայում ճնշող մեծամասնություն:

Ջեյմս Քարթեր կրտսերը ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 1-ին Փլեյնսում, Ջորջիա նահանգում, ֆերմերի ընտանիքում։ 1946 թվականին ավարտելով Ռազմածովային ակադեմիան՝ նա ծառայել է միջուկային սուզանավերում, այնուհետև թողել է ծառայությունը՝ ընտանեկան բիզնեսով զբաղվելու համար:

Նա ամուսնացել է Ռոզալինի հետ 1946 թվականին։ Նա այս միությունն անվանեց «իմ կյանքի ամենակարևոր իրադարձությունը»։ Նրանք ունեին երեք որդի և մեկ դուստր։

Իր հաջող բիզնեսի շնորհիվ դառնալով միլիոնատեր՝ Քարթերը դարձավ Ջորջիայի օրենսդիր մարմնի անդամ և 1971-1975 թվականներին զբաղեցրեց նահանգի նահանգապետի պաշտոնը։ Նա 1976 թվականին Դեմոկրատական կուսակցության նախագահական առաջադրման համար անակնկալ արշավ սկսեց և կարողացավ գերազանցել իր մրցակիցներին՝ հաղթելով հանրապետական Ջերալդ Ֆորդին:

Միացյալ Նահանգների 39-րդ նախագահը դարձավ պատմության մեջ Սպիտակ տան առաջին ղեկավարը, որը հատել է հարյուրամյակի շեմը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2024 թվականի հունվարի 9-ը հայտարարել է սգո օր՝ կապված ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերի մահվան հետ. նշված է Սպիտակ տան կայքում հրապարակված Բայդենի հայտարարության մեջ:

ԱՄՆ նախագահի հրամանով՝ Քարտերի մահվան օրից 30 օրվա ընթացքում Միացյալ Նահանգների դրոշը կիջեցվի Սպիտակ տան և հասարակական շենքերի և տարածքների վրա, բոլոր ռազմական կետերում և ռազմածովային կայաններում, ինչպես նաև բոլոր դաշնային կառավարությունների շենքերի վրա, Կոլումբիայի շրջանում և ամբողջ Միացյալ Նահանգներում և նրանց տարածքներում բոլոր ռազմանավերի վրա:

«Ես նաև հանձնարարում եմ, որ նույն ժամանակահատվածում օտարերկրյա պետություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչները նմանատիպ միջոցներ ձեռնարկեն՝ դրոշները իջեցնեն արտերկրում իրենց դեսպանատների վրա, առաքելություններում, հյուպատոսական հիմնարկներում և այլ հաստատություններում, ներառյալ բոլոր ռազմական օբյեկտները, ռազմածովային նավերը և այլն:

Սույնով հանձնարարում եմ, որ պաշտպանության նախարարի հրամանով համապատասխան պատիվներ մատուցվեն զինված ուժերի ստորաբաժանումների կողմից։

Ես նաև սահմանում եմ 2025 թվականի հունվարի 9-ը որպես սգո ազգային օր ողջ Միացյալ Նահանգներում: Ես կոչ եմ անում ամերիկացի ժողովրդին հավաքվել իրենց համապատասխան պաշտամունքի վայրերում՝ հարգելու նախագահ Ջեյմս Էրլ Քարթերի հիշատակը: Հրավիրում եմ ամբողջ աշխարհի մարդկանց, որոնք կիսում են մեր վիշտը, միանալ մեզ այս հանդիսավոր միջոցառմանը»,- նշվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031