Լրահոս
Օրվա լրահոսը

1887թ Վերդիի «Օթելլոյի» հաղթարշավը աշխարհի բեմերից հասավ Երևան օպերային թատրոն, որով էլ նշանավորվեց վերջինիս բեղմնավոր տարվա՝ 2024թ մոնումենտալ ավարտը

Դեկտեմբեր 30,2024 14:07

2024-ը բեղմնավոր տարի դարձավ Երևանի օպերային թատրոնի համար ոչ միայն համաշխարհային օպերայի և բալետի արվեստի ամենաճոխ խաղացանկի ներկայացումների անհավատալիորեն հարուստ առկայությամբ, այլ կատարողական արվեստի միջազգային ամենաբարձր մակարդակով, որով ամուր հիմք ու մեծ հնարավորություն ընձեռվեց վաղուց սպասված օպերային և բալետային հայտնի մենակատարների իրար հերթ չտվող հյուրախաղերի կազմակերպման համար:

Նաև շատ կարևոր իրադարձություն էր Միլանի Լա Սկալա օպերային թատրոնի հետ համագործակցության պայմանագիրը, որը հնարավորություն է տալիս ստեղծագործական «արտադրության» ամենամեծ ուժերի` բեմադրական կազմի մեծ թիմի աշխատանքի իրականացում` գործնականորեն զուգընկեր թատրոնում: Խոսքը օպերային ռեժիսորների, գլխավոր դիրիժորների, բեմի և հագուստների ձևավորող նկարիչների և մոդելավորողների և ընդհուպ մինչև նրանց օգնականներին բեմադրական մոնումենտալ ծավալի աշխատանքների իրականացման մասին է, որն ուղղակի պարտադիր ու խիստ պայման է կարճ ժամանակում հսկայածավալ գործերի բեմադրություն իրականացնելու համար:

Ահա և 2024 թվականի տարեվերջին, հենց դեկտեմբերի 28, 29,30-ին արդեն իրականացված պրեմիերայով Երևանի օպերային թատրոնը ամենահամարձակ ձևով հանդես եկավ բոլոր ժամանակների մոնումենտալ օպերաներից մեկի` Ջուզեպե Վերդիի «Օթելլո» օպերայի մեծ համարձակություն և շատ ավելի մեծ կարողություն պահանջող բեմադրությամբ:

Երբ 1887 թվականի փետրվարի 5-ին Միլանում պետք է ներկայացվեր Վերդիի «Օթելլո» նոր գրված օպերան, Լա Սկալա թատրոնում ասեղ գցելու տեղ չկար ոչ միայն երաժշտասեր հանդիսականի համար, այլ Եվրոպայի երկրների արքունական ընտանիքների բոլոր անդամները իրենց պարտքն են համարել ու մեծ ցանկություն են ունեցել ներկա լինելու պրեմիերային, որին ժամանակի բազմաթիվ իշխանավորներ ու ամենակարող մեծահարուստներ այդպես էլ չկարողացան տեղ գտնել դահլիճում: Բանն այն էր, որ Վերդին 1871 թվականի պրեմիերայով ներկայացված «Աիդա» օպերայից հետո 16 տարի ոչ մի նոր օպերայով չէր ներկայացել երաժշտասեր հանրությանը և շատերի, իսկ ավելի ճիշտ` բոլորի համար, անհասկանալի էր, թե օպերային արվեստի իր ժամանակի ամենամեծ նվաճումների հասած Մեծ Վարպետը` Մաեստրոն, ինչո՞ւ է 16 տարի շարունակ լռում, թեև 1874-ին Վերդին հանրությանը ներկայացրել էր իր հանճարեղ «Ռեքվիեմ»-ը:

«Օթելլոն» շռնդալից հաջողություն ունեցավ ոչ միայն Լա Սկալայի երբեք ազատ տեղ չունեցող դահլիճում, ապա` ոչ միայն միլանյան կազմի եվրոպական մայրաքաղաքներում հյուրախաղերի ժամանակ, այլև երբ աշխարհի օպերային թատրոնները մեկը մյուսի հետևից սկսեցին հանդես գալ իրենց իրար հետ կարծես թե մրցության ելած նոր բեմադրություններով և այդ ժամանակներից ի վեր «Օթելլո»-ի հաղթարշավը աշխարհի բեմերում շարունակվում է մինչև օրս: Մեկ պայման կա միայն, որ ամեն թատրոն չի կարողանա ձեռք զարկել «Օթելլոյի» բեմադրությանը, քանի որ պարտադիր պայման է հզոր թատրոնի առկայությունը` իր տեխնիկա-արտադրական հնարավորություններից սկսած, մինչև ամենակարևոր հանգամանքները` հզոր նվագախումբ և ավելի հզոր երգչախումբ ունենալը, որն իր հերթին միակ պայման է գերհզոր մենակատար-մեներգիչների սովորաբար միշտ փառահեղ ելույթների համար:

Թերևս պատահական չէ, որ Գեղամ Գրիգորյանի հաղթարշավը համաշխարհային բեմում ամենից շատ կայացել է Օթելլոյի դերակատարմամբ, որի արդյունքում էլ նա դասվել է բոլոր ժամանակների տասը լավագույն երգիչների կազմում: Եվ դա այն դեպքում, երբ Գեղամ Գրիգորյանին արգելված էր խորհրդային երկրից դուրս գալ և 1991 թվականի «պատի փլուզումից» հետո միայն նա կարողացավ տասը տարում գրավել աշխարհի բեմերը և միջազգային հանդիսատեսի սրտերը:

Այնպես չէր նաև, որ Երևանի օպերային թատրոնի խաղացանկում միշտ առկա է եղել «Օթելլո» ներկայացումը. Երևանում այն առաջին անգամ բեմադրվել է 1942 թվականին Միքայել Թավրիզյանի երաժշտական ղեկավարությամբ և Արմեն Գուլայանի բեմադրությամբ, իսկ երկրորդ անգամ Երևանում «Օթելլոն» բեմադրվել է 1995 թվականին` Յուրի Դավթյանի երաժշտական ղեկավարությամբ, Տիգրան Լևոնյանի ռեժիսուրայով:

Ներկայացման մոնումենտալիզմը այն աստիճանի պարտադիր պայման է, որ անձամբ ինքը` Ջուզեպե Վերդին, Լա Սկալայի պրեմիերայի ժամանակ, կուլիսներում երկու հսկա թիթեղներ թափահարելով, միանում էր նվագախմբի հնչողությանը` որոտի ու կայծակի ձայները իր իսկ պատկերացրած ապոգեյին հասնելու համար:

«Օթելլոյի» այս «շատ փոքրիկ» ու գերխիտ նախաբանը գրելուց հետո անդրադառնանք Երևանի օպերային թատրոնում իրականացված երրորդ բեմադրությանը` 2024-ի դեկտեմբերի 28-ին: Մոնումենտալության «չգրված օրենքի» արտադրա-ստեղծագործական պահանջին թատրոնը հասել էր, բայց վերջին մի քանի տարում այն ուղակի և անուղղակի խոսքերով դասվել է համաշխարհային օպերային արվեստի աստիճանի ամենաբարձր մակարդակին, որի հաստատումը միջազգային բեմադրական և կատարողական ուժերի մեծ ներգրավվածությունն է: Այսպես է եղել նաև այս ներկայացման բեմադրության ընթացքում և պրեմիերային հասնելու արդյունքում:

Սանկտ Պետերբուրգում, երկուստեք հյուրախաղային համատեղ աշխատանքի ընթացքում իրար ծանոթացել են Երևանի ազգային օպերային թատրոնի տնօրեն և գեղարվեստա-երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանը և աշխարհի բազում օպերային թատրոններում աշխատած երաժշտական ներկայացումների հայտնի ռեժիսոր Ֆաբիո Սպարվոլին: Մաեստրո Սպարվոլիի համար, ինչպես ինքն է հաստատում, Վերդիի «Օթելլո» օպերան օպերային արվեստի բարձրակետն է: Ի դեպ, աշխարհի բազում երաժշտագետներ ու երաժշտասերներ հենց այդ կարծիքին են և Սպարվոլին այդ առումով շատերի կամ մեծամասնության կարծիքն է արտահայտում: Իհարկե, կան նաև շատերը, ովքեր այլ գնահատականներ ունեն, բայց «Օթելլոն» մշակույթի պատմության փաստերի բերումով, իսկապես երաժշտական արվեստի և ընդհանրապես մարդկության կողմից ստեղծված արվեստի ամենաբարձր գագաթ է:

Թեմայի անվերջության մեջ չմտնելու համար, այժմ չենք գրում օպերայի ստեղծման համար հիմք հանդիսացող հանճարեղ գործի` Վիլյամ Շեքսպիրի «Օթելլոյի» ողբերգության հետ հարազատության կամ փոփոխվածության անվերջանալի քննարկումների մասին, թե ոչ այդ կերպ այս հոդվածը չի ավարտվի, այլ նշենք, որ այդ բարդագույն խնդիրը գրեթե կատարյալ ձևով լուծել է այս օպերայի ստեղծման համար Վերդիից էլ շատ ավելի կարևոր, բայց չերևացող անձը` օպերայի լիբրետոյի հեղինակ, սկզբից մինչև վերջ բոլոր կարգի բարդությունները լուծող անձնավորությունը, կոմպոզիտոր` Արիգո Բոյտոն, որը նախ Վերդիին մի կերպ, երկար ժամանակ համոզելով ներգրավել է աշխատանքի մեջ, ապա նրան օգնել հաղթահարելու բոլոր տեսակի խնդիրները, ի վերջո 1881-1887 տարիների ընթացքում հասնելով օպերայի արվեստի ստեղծման այս տիտանական աշխատանքին:

Ռեժիսոր Ֆաբիո Սպարվոլին իր միջազգային բեղուն գործունեության ընթացքում «Օթելլոն» վերջին անգամ բեմադրել էր Չիլիում «սրանից քսան տարի առաջ», ինչպես ինքն է պատասխանել մեր հարցին և վաղուց էր սպասում մի համապատասխան առիթի իր «ամենասիրած ներկայացումը» կյանքի կոչելու համար, և աշխարհում այդ թատրոնը եղավ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, որն իր արտադրա-ստեղծագործական ներուժով լիովին բավարարում է օպերային արվեստի ամենաբարձր պահանջները:

Առանձին շեշտենք, որ մեր շատ կարճ զրույցի մեջ Մաեստրո Սպարվոլին առանձին հիացմունքով արտահայտվեց օպերայի թատրոնի երգչախմբի մասին, խմբավար Նարինե Ոսկանյանի ղեկավարությամբ: Բեմադրության համար հատկանշական է այն փաստը, որ Ֆաբիո Սպավոլին Երևան էր եկել բեմադրական շատ մեծ կազմով, երաժշտական ղեկավար և դիրիժոր Ալեսսանդրո Բոնատո, բեմադրող նկարիչ Մաուրո Կարոսի, բեմադրող նկարչի օգնական Էլիո Բրեշիա, զգեստների նկարիչ Օդետտե Նիկոլետտի, զգեստների նկարչի օգնական Լուիջի Բենեդետտի:

Երևանում բեմադրական այս մեծ թիմին միացան դիրիժոր Հարություն Արզումանյանը, ռեժիսորի օգնականներ Արա Ասատուրյանը և Օլգա Օրֆինադին, երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, պատասխանատու կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանը, կոնցերտմայստերներ Արմեն Աղաջանյանը, Նիկոլայ Կուրդյումովը, Հասմիկ Անտոնյանը և, իհարկե, միջազգային շատ մեծ հարգ ու փորձ ունեցող օպերային թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը և բազմափորձ տեխնիկական մասնագետների անձնակազմերը:

Հենց այս բարձր մասնագիտական հզորագույն հիմքի վրա են հանդես գալիս մեր օպերային թատրոնի միջազգային մեծ համբավ ունեցող մեկը մյուսից ավելի տաղանդավոր մեներգիչները` Օթելլո`Հովհաննես Այվազյանը, Դեզդեմոնա` Անահիտ Մխիթարյանը, Յագո` հյուր երգիչ` Պավել Յանկովսկին, Կասսիո` Տիգրան Հակոբյանը (հրաշալի արտիստներ` Աննա Օգանեսյան, Սերգեյ Ստեփանյան, Գառնիկ Եղիազարյան, Հայկ Թոնգույան, Ռոլանդ Սոֆոյան), օպերային թատրոնի հրաշալի միմանսը` Արիկ Ասատուրյանի և մանկական երգչախումբը` Էմմա Առաքելյանի ղեկավարությամբ:

Երևանի օպերային թատրոնի «Օթելլո» ներկայացումը հաստատումն ու հավաստումն է միջազգային առումով ու կարողունակ հզոր օպերային թատրոնի առկայության և Նոր Տարում` 2025 թվականին Երևանի օպերային թատրոնում մաղթում ենք ամենաբարձրակարգ ներկայացումների իրականացման բեմադրական նոր հաջողություններ, որի բոլոր հիմքերն ու կարողություններն ունի մեր շատ սիրելի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը:

 

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031