Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիևը Դամասկոսում հանդիպել է Սիրիայի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարար Ասադ Հասան ալ-Շիբանիի հետ։ Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության, նա Շիբանիին փոխանցել է Ադրբեջանի ղեկավարության շնորհավորանքները՝ Սիրիայի կայունության, ժողովրդի բարեկեցության և ժողովրդի ներկայացուցիչների իշխանության գալու նոր դարաշրջանի կապակցությամբ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին աջակցում է Սիրիային այս նոր կարևոր ժամանակաշրջանում։
Ադրբեջանի փոխարտգործնախարարն ասել է, որ Ադրբեջանը հնարավոր բոլոր աջակցությունը կտրամադրի Սիրիայի վերակառուցման գործընթացին։
Նրա խոսքով, Ադրբեջանը Սիրիայի նոր վարչակազմին անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի դիվանագիտական հիմունքներով, ինչպես նաև մարդասիրական օգնության տեսքով։ Ռաֆիևն ասել է, որ «օկուպացիայից ազատագրված ադրբեջանական տարածքների վերականգնման և վերակառուցման ոլորտում փորձը կարող է կիրառվել Սիրիայում»:
Ասադ Հասան ալ-Շիբանին ընդգծել է, որ «Ադրբեջանի կողմից իր տարածքների օկուպացիայից ազատելը կարևոր է աշխարհում խաղաղության և կայունության հաստատման համար, և շնորհավորել է ադրբեջանական ժողովրդին»:
Կարդացեք նաև
Ընդգծելով, որ Սիրիայում ժողովրդի իշխանության գալը նույնքան կարևոր է, որքան Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում, Սիրիայի ժամանակավոր կառավարության ԱԳ նախարարն ասել է, որ նոր վարչակազմի հիմնական նպատակն է խաղաղ ապրել հարևան երկրների հետ և հասնել ազգային միասնության։
Նախարարը նշել է, որ նախորդ վարչակարգը թողել է ավերված և համաշխարհային հանրությունից մեկուսացված երկիր՝ ընդգծելով երկրի ներսում սոցիալ-տնտեսական զարգացման, ազգային և քաղաքական միասնության և միջազգային ասպարեզում Սիրիայի ազդեցության ամրապնդման կարևորությունը։
Կողմերը պայմանավորվել են նոր էջ բացել Ադրբեջանի և Սիրիայի միջև վաղուց խզված հարաբերություններում՝ համագործակցության և բարեկամության ուղղությամբ։
Ռաֆիևն ասել է, որ Ադրբեջանը նախատեսում է 12 տարվա ընդմիջումից հետո վերսկսել Դամասկոսում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքը։
Նա Ասադ Հասան ալ-Շիբանիին Ադրբեջան այցելելու հրավեր է փոխանցել, որն ընդունվել է սիրով։