Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան. «Շարունակել ենք հավատարիմ մնալ հայկական սփյուռքի համայնքների հետ առողջ երկխոսության ու փոխվստահության զարգացման և հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ընդլայնման սկզբունքներին»

Դեկտեմբեր 30,2024 12:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի շնորհավորական խոսքն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ

Սփյուռքի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

Սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:

2024 թվականը Հայաստանում և սփյուռքում լի էր տարաբնույթ զարգացումներով, Հայաստան-սփյուռք գործակցության համատեքստում պետականակենտրոն գաղափարախոսության ամրացման և համախմբվածության ապահովման նոր հնարավորություններով։

Մենք մեր առօրյա աշխատանքում շարունակել ենք հավատարիմ մնալ հայկական սփյուռքի համայնքների հետ առողջ երկխոսության ու փոխվստահության զարգացման և հայրենիքում սփյուռքի ներգրավվածության ընդլայնման սկզբունքներին:

2024 թվականը մեզ համար հատկապես նշանավորվել է երկրորդ Համաշխարհային հայկական գագաթնաժողովի անցկացմամբ՝ համախմբելով սփյուռքից և Հայաստանից ավելի քան 1000 մասնակցի և հանդես գալով որպես Հայաստան-սփյուռք օրակարգի քննարկման առանցքային հարթակ։

Մեծ եռանդով շարունակվել են նաև գրասենյակի ավանդական դարձած ծրագրերը։ Հինգերորդ տարին անընդմեջ Հայաստանի պետական կառավարման համակարգում աշխատանքի է անցել սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի նոր սերունդը, 600 հայ պատանի աշխարհի 20 երկրից ուսումնաճանաչողական ճամփորդությունը հայրենիքում սկսել է «Քայլ դեպի տուն» ծրագրի շնորհիվ, նոր կազմով համալրվել է «Սփյուռքի երիտասարդ դեսպանների» ցանցը, իսկ «Դիասպրո» կամավորական ծրագիրը ներկայացրել է իր առաջին մասնակիցներին։

Հայաստանի պատմության մեջ առաջին Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն այս տարի իր աջակցման ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների շրջանակներում ընդունել է հարյուրավոր հայրենադարձների, ինչպես նաև առցանց խորհրդատվություն տրամադրել սփյուռքում բնակվող և հայրենադարձվել ցանկացող բազմաթիվ հայրենակիցների։

Այն իր ուշադրության կենտրոնում է պահել նաև Լիբանանում և Սիրիայում բնակվող մեր քույրերի և եղբայրների խնդիրները՝ ելնելով այդ երկրներում ստեղծված դժվարին պայմաններից։

Սփյուռքի համայնքների հետ կապերի ընդլայնման հարցում առանցքային է եղել նաև Սփյուռքի գործերի հանձնակատարների ինստիտուտի ներդրումը։ ՀՀ վարչապետի որոշմամբ արդեն իսկ նշանակված է 17 հանձնակատար՝ Եվրոպայից մինչև Միացյալ Նահանգներ:

Տարին կարևորվել է նաև հայկական սփյուռքի հեռու և մոտ համայնքներ կատարած իմ այցերով, որոնց ընթացքում պատիվ եմ ունեցել հանդիպելու Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլ երկրներում բնակվող մեր հայրենակիցների հետ։ Այս այցերը հնարավորություն են ընձեռել քննարկելու մեր համայնքների հետ համագործակցության ամենաառանցքային հարցերը, տեղում ծանոթանալու առկա մարտահրավերներին, ներկայացնելու գրասենյակի գործունեությունն ու հայրենիքի զարգացման ծրագրերում սփյուռքի ներգրավվածության հնարավորությունները։

Կարևոր է նաև ընդգծել, որ բոլոր մեր ծրագրերի ու նախաձեռնությունների իրականացման գործում իրենց ուրույն տեղն են զբաղեցրել սփյուռքի և Հայաստանի մեր գործընկերները։ Ուրախալի է նաև, որ գործընկերների շրջանակն այս տարի ևս ընդլայնվել է՝ առաջ բերելով համագործակցության նոր ձևաչափեր։

Սիրելի՛ հայրենակիցներ,

Կարծում եմ՝ 2024 թվականին արձանագրած հաջողություններն ու փոխվստահության մթնոլորտում ընթացած երկխոսությունն առավել ամուր հիմքեր են ստեղծում հաջորդ տարվա գործունեության համար։

2025 թվականը մենք սկսում ենք նույն հաստատակամությամբ և համոզմունքով, որ Հայաստանի և սփյուռքի համար համահայկական միասնականությունն ու պետականակենտրոն գաղափարախոսությունը որոշիչ նախապայմաններ են հետագա առաջընթացի համար: Մեկնարկող տարում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, շարունակելով իր գործունեությունը, հանդես կգա մի շարք նոր ծրագրային նախաձեռնություններով։ Մեր ուշադրության կենտրոնում կլինեն սփյուռքի մասնագիտական համայնքների հետ աշխատանքն ու Հայաստանում մեր հայրենակիցների ներգրավման հնարավորությունների ընդլայնումը։ 2025 թվականի ամռանը մենք երկրորդ անգամ կանցկացնենք Ազգային երիտասարդական համաժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով սփյուռքից և Հայաստանից հարյուրավոր երիտասարդների։

 

Սփյուռքի սիրելի՛ քույրեր և եղբայրներ,

 

Թո՛ղ 2025 թվականը համայն հայության համար լինի կայուն զարգացման, նորանոր ձեռքբերումների և հաջողությունների տարի:

Թո՛ղ հայրենիքում և սփյուռքում սկիզբ առած յուրաքանչյուր նախաձեռնություն ունենա արդյունավետ ընթացք:

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031