Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ն կլինի հունվարը․ Գագիկ Սուրենյանի կանխատեսումները

Դեկտեմբեր 30,2024 12:08

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այս տարվա հունվարը նույնպես կանխատեսվում է բավականին տաք։ ՀՀ տարածքում ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր 3-5 աստիճանով, տեղումների քանակը նորմայից պակաս»,- «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Նա նշեց՝ տաք օդային ալիքների դեպքում, որոնք հունվարին բավականին շատ կլինեն՝ հատկապես առաջին տասնօրյակում՝ ՀՀ տարածքում՝ տարբեր հատվածներում կգրանցվի անգամ մինչև 20 աստիճան տաքություն․ «Շիրակում ջերմաստիճանը ցերեկային ժամերին կգրանցվի 3-7 աստիճան, Կոտայքի լեռնային գոտիներում 4-7 աստիճան, նախալեռնային հատվածներում 8-10 աստիճան, Գեղարքունիքում՝ 4-8 աստիճան, Լոռիում ցերեկային ժամերին կգրանցվի մինչև 12-15 աստիճան տաքություն, Տավուշում 14-18, Արագածոտնի լեռնային հատվածներում 6-10, Արարատյան դաշտում կարձանագրենք 9-11 աստիճան տաքություն, Վայոց ձորի նախալեռնային հատվածներում՝ 10-12, Սյունիքի հովտային հատվածներում մինչև 16-20, նախալեռնային հատվածներում՝ 12-16 և Երևանում 9-11 աստիճան տաքություն»։

Գագիկ Սուրենյանը նաև հայտնեց՝ նվազագույն ջերմաստիճան կգրանցվի մեկ-երկու օր, երբ ցուրտ օդային հոսանքներ լինեն․ Շիրակում՝ -14-18, Կոտայքում՝ -7-10, Գեղարքունիքում՝ -14-17, Լոռիում՝ -11-15, Երևանի ամենացուրտ ջերմաստիճանը կանխատեսվում է -8-10 աստիճան։

Այս տարվա ձյունն անցյալ տարվա համեմատ քիչ է։ Ըստ Գագիկ Սուրենյանի՝ այս պահին ամենաբարձր ձյան շերտ դիտվում է Ապարանի հատվածում՝ 30 սմ, Ջերմուկի հատվածում՝ մինչև 35 սմ։

Գագիկ Սուրենյանը, վերլուծելով 2024-ը, նշեց․ «Պետք է ասեմ, որ 2024-ին գրեթե բոլոր ամիսներին մենք ունեցել ենք անոմալ երևույթներ։ Շատ տաք և տեղումնառատ հունվար, փետրվարը ևս շատ տաք է եղել, բայց եղել է սակավատեղում՝ ընդամենը կլիմայական նորմայի 20-50 տոկոսը։ Մարտին օդի ջերմաստիճանը եղել է նորմային մոտ և եղել տեղումնառատ՝ ամսական նորմայի 150-200 տոկոսը, ունեցել ենք նաև շատ տաք ապրիլ՝ օդի ջերմաստիճանը նորմայի մեջ, բայց սակավատեղում։ Չոր և տաք ապրիլին ուղեկցել է ցուրտ և տեղումնառատ մայիսը։ Օդի ջերմաստիճանը ցածր է եղել 2 աստիճանով։ Մայիսը նաև աչքի ընկավ տեղատարափ անձրևներով։ Հունիսին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով։ Հուլիսին օդի ջերմաստիճանը եղել է նորմային մոտ, տեղումների քանակը 200-300 տոկոս է կազմել։ Օգոստոսին ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում։ Սեպտեմբերին ջերմաստիճանը եղել է նորմային մոտ, բայց տեղումնառատ։ Ունեցել ենք սառը և տեղումնառատ հոկտեմբեր, նոյեմբերին ջերմաստիճանը եղել է նորմային մոտ, դեկտեմբերը եղել է տաք՝ այս պահի դրությամբ ամսական միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է, բայց սակավատեղում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031