Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում և մեծ, և փոքր գովազդային բյուջեներ ունեցող ցանկացած գովազդատու նախընտրում է համացանցը և առաջիկա տարիներին այդ միտումը կպահպանվի. JAMnews

Դեկտեմբեր 30,2024 11:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մանե Ավետիսյանը գովազդի տեղաբաշխման մասնագետ է, երկար տարիներ աշխատել է տարբեր գովազդային ընկերություններում, այժմ ստեղծել է իր ընկերությունը և զբաղվում է թվային գովազդով:

Նրա խոսքով, հասունացել էր պահը նոր հարթակների փորձարկման։ Եվ այս իմաստով առաջին փորձերը սոցիալական մեդիահարթակներում եղան։ Կարճ ժամանակ անց բոլորը սկսեցին գովազդ պատվիրել Ֆեյսբուք, Յություբ, Ինստագրամ և այլ հարթակներում:

«Հաջորդ քայլով արդեն ավելի բովանդակային առաջարկներ եղան գովազդային ընկերությունների կողմից, նեյթիվ (բովանդակության մեջ օրգանապես ներդրված) և էքշըն (դիտման արդյունքում գործողության մղող) գովազդներ: Ու գովազդատուները կարճ ժամանակում վաճառքների և ճանաչելիության հարցում մեծ հաջողություններ ունեցան»,- իրավիճակն այսպես է ներկայացնում մասնագետը:

Ըստ Մանեի՝ Հայաստանում և մեծ, և փոքր գովազդային բյուջեներ ունեցող ցանկացած գովազդատու նախընտրում է համացանցը և առաջիկա տարիներին այդ տենդենցը կպահպանվի․

«Ճիշտ է, ֆինանսական մեծ խնդիրների առաջ հայտնվեցին նաև գովազդային գործակալությունները, որովհետև միջնորդավճարների զգալի կորուստներ ունեցան։ Սակայն նրանցից շատերը կարողացան վերապրոֆիլավորվել և այժմ մասնագիտացել են թվային գովազդի շուկայում: Շատերը սկսել են գործունեություն ծավալել նաև Հայաստանից դուրս:

Հեռուստաընկերությունները, որոնք տարիներ առաջ գովազդի շուկայի հիմնական խաղացողներն էին, դեռևս կորոնավիրուսի համավարակից առաջ սկսեցին ինքնուրույն ներգրավել գովազդ՝ շրջանցելով գործակալություններին և ստեղծելով սեփական սեյլս հաուսները»:

«Մեդիա Սիսթեմս» գովազդային ընկերության գործադիր տնօրեն Յանա Յանիկյանը խորքային է մոտենում շուկայում ընթացող գործընթացներին: Ասում է՝ գովազդը զարգացման միևնույն փուլի մեջ է ամբողջ աշխարհում։ Եվ սա ցավոտ փոփոխությունների է բերում մեդիադաշտում, որոնց դիմակայելը հաճախ անհնար է լինում:

Թվային գովազդի զարգացման տեմպերը, մասնագետի հավաստմամբ, վերջին մի քանի տարիներին պահպանվում են նաև մեր երկրում՝ և արդար հիմնավորմամբ․

«Թվային գովազդի հանդեպ պահանջարկը գնալով մեծանում է: Դրան նպաստող բազմաթիվ գործոններ կան։ Նախ՝ գովազդատուների համար այն գրավիչ է չափելիությամբ և արդյունավետությամբ: Բացի այդ, ի տարբերություն գովազդի այլ տեսակների, համացանցում գովազդի միջոցով գովազդատուն կարողանում է հասնել բոլոր թիրախներին, որովհետև մարդկանց կյանքն էլ այլևս տեղափոխվել է թվային աշխարհ»։

Յանայի խոսքով, ավանդական գովազդային հարթակներում մեծ աշխուժություն չկա թվային գովազդի զարգացման ֆոնին։ Այսպիսով՝ գովազդատուներ ունենալու համար նրանցից մեծ ջանքեր են պահանջվում․

«Չենք կարող ասել գովազդն ամբողջապես տեղափոխվել է թվային աշխարհ։ Որոշ չափով ավանդական մեդիահարթակներն այսօր կարողանում են պահել իրենց գովազդատուներին: Դրա համար նրանք ստիպված են լինում առաջարկել ժամանակակից լուծումներ և գովազդային հետաքրքիր մոտեցումներ»:

Հայաստանի գովազդային դաշտը, ըստ նրա, որոշակի կայունություն է ձեռքբերել: Դիտարկելով արտաքին գովազդը՝ ասում է, որ վերջին շրջանում եղան օրենսդրական փոփոխություններ։ Այժմ արտաքին գովազդային շուկայում կան սահմանափակումներ։ Օրինակ, մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը խաթարող վահանակներն ապամոնտաժվեցին, մշակվեցին նաև չափորոշիչներ դրանց բովանդակության համար։

«Հեռուստատեսային գովազդի ծավալները ևս կրճատվել են։ Եվ դա նկատելի է բովանդակության որակից և քանակից։ Հեռուստատեսությունը մեծ ծախսեր պահանջող ոլորտ է, այստեղ արտադրանքը թանկ արժե: Վերջին տարիներին եթերում նկատելի են կրկնություններ, կա նոր ու թարմ հեռուստաարտադրանքի պակաս: Ստացվում է՝ հեռուստաընկերությունների գովազդային մուտքերը նվազել են, իսկ արտադրանքի թողարկման արժեքը մնացել է նույնը կամ նույնիսկ թանկացել»,- բացատրում է Յանան։

Ինչ վերաբերում է գովազդային դաշտի ընտրությանը, փորձագետը նշում է՝ այնպես չէ, որ բոլոր գովազդատուներն ուզում են միայն համացանցում առաջխաղացնել իրենց արտադրանքը.

«Ընտրությունը պայմանավորված է դրանով, թե որ ոլորտում է ընկերությունը գործունեություն ծավալում, ինչ մրցակցային դաշտում և ինչ մարքեթինգային խնդիրներ ունի լուծելու»:

Միաժամանակ նկատում է, որ առավել հաճախ ընկերություններն իրենց գովազդի հիմնական մասը տեղափոխում են համացանց, իսկ հակառակը գրեթե չի լինում.

«Եթե փորձենք իրավիճակը թվերով ներկայացնել, կարող ենք ասել, որ գովազդային բյուջեի 50-70% բաշխվում է թվային, մնացածը ավանդական հարթակներում»:

Բյուջեի տեսանկյունից, գովազդային գործակալության տնօրենի խոսքով, թյուր կարծիք կա, թե թվայինն ավելի էժան է․

«Օրինակ, եթե նպատակը սոցմեդիա հարթակներով փոքր` 1000 կոնտակտի հասնելն է, կարելի է փոքր բյուջե ունենալ։ Եթե ավելի բարդ խնդիր կա՝ մեծ թիրախային լսարանի հասնել և դրդել կոնկրետ գործողությունների, համեմատաբար մեծ բյուջե պետք է ներդնել»:

Գայանե ԱՍՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031