Ո՞ւմ շահերից է բխում Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը։ Եվ սա արդեն այնքան ակնհայտ համաձայնության ու աջակցության կեցվածք է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որ վերջիններն ուղղակի թքում են Հայաստանի իշխանության երեսին՝ հրապարակայնորեն առաջարկելով միասին իրականացնել հայ բանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերի քննությունը։
Կարելի՞ է որևէ պետություն, կամ իշխանություն պատկերացնել, որը, թշնամու պահանջին ենթարկվելով, խաղաղ ձևով երկրի ամենապաշտպանված սահմանները զիջում է նրան, թույլ տալով մտնելու բնակավայրեր, երբ չկա ընդհանուր մոտեցում ողջ սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, և դեռ սա ամենամեծ հանցագործությունն ու աբսուրդը չէ։ Երկրի իշխանությունն ենթարկվելով ագրեսիվ թշնամու պահանջին՝ տարածքներ է զիջում այն պայմաններում, երբ այդ նույն թշնամու զորքը գրավել է իր երկրի տարածքները, ճանապարհներն ու սահմանները և վերադարձնելու ոչ մի մտադրություն չունի։
Ինչպե՞ս պետք է արձագանքի մի պետության ղեկավարությունը ագրեսիվ հարևանին, երբ վերջինը նրա երկիրը հայտարարում է իր երկրի Արևմտյան հատվածը։
Իսկ Հայաստանի իշխանությունն արդարացնում է Ադրբեջանին, նրա կեղծիքը հավասարեցնելով Արևմտյան Հայաստանի մասին հայ ժողովրդի հիշողության հետ։
Կարդացեք նաև
Հայաստանի իշխանությունը ոչ միայն արդարացնում, այլև ներդաշնակ ձևով արձագանքում է թշնամու պահանջներին, խոսելով Սահմանադրության փոփոխության, Ատոմակայանի փակման, միջազգային ատյաններում Հայաստանի բողոքներից հրաժարվելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը համաձայնելու և բազմաթիվ այլ թուրք ադրբեջանական պահանջների հետ։
2009 թվականին պատերազմում պարտված և տարածքներ կորցրած Վրաստանի նախագահին Նիկոլ Փաշինյանը նամակով հորդորում է որպես պարտված ու անզոր ղեկավար կամավորապես հեռանալ իշխանությունից, որպեսզի այլ ղեկավարներ կարողանան երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Ի՞նչ է անում այսօր նույն Փաշինյանը, երբ երկիր է կորցրել, ունակ չէ պաշտպանելու Հայաստանի սահմանները, փլուզման է հասցրել բանակը, իսկ ինքը սարսափած է թշնամի հարևաններից և անառարկելիորեն կատարում է նրանց պահանջները։ Հայաստանի ղեկավարը հեծանիվ է քշում, երկրում և երկրից դուրս զբաղված է անձնական հաճելի գործերով, ինչպես և նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։
Իշխանությունը պահելու հարցը գլխավոր ու հիմնականն է նրա համար, իսկ երկրի ճակատագիրը, արտաքին հարաբերություններն ու քաղաքական կողմնորոշումների հարցերը իր փոխարեն որոշում են ուրիշները։ Եվ որովհետև արտաքին շահագրգիռ ուժերն են որոշում Հայաստանի իշխանության անելիքը, այդ անելիքը չի բխում հայոց պետականության և հայ ժողովրդի շահերից։
ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ կարդացեք այստեղ